Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆՆ ՈՒ ՄԵԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ



ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆՆ ՈՒ ՄԵԾ ՔԱՂԱՔԱՑԻՆՈ՞վ չի հմայվել-գերվել հոլիվուդյան հայտնի դերասան Խոսե Անտոնիո Բանդերասի վառ դերասանական խաղով: Նրա բոլոր դերերն էլ ինքնատիպ են, չկրկնվող` «Զորրոյի դիմակը», «Զորրոյի լեգենդը», «13-րդ զինվորը», «Լրտեսների երեխաները», «Սեւ ոսկին»…  Խոստովանեմ՝ ես նրա արվեստի մեծ երկրպագուներից եմ, բայց երբ նա հայտարարեց՝ «Միշտ ցանկացել եմ կերտել պատմական դեմքեր, սակայն, երբ  թուրքերն ինձ  աստղաբաշխական հոնորարով առաջարկեցին հանդես գալ Աթաթյուրքի դերում, ես կտրականապես հրաժարվեցի», նա ինձ համար դարձավ նաեւ մեծ քաղաքացի ու մեծ հումանիստ:

 

Բանդերասը ծնվել է Իսպանիայի Մալագա քաղաքում ու թեև հայրենիքում չի ապրում, բայց ամեն կերպ փորձում է կապը չկտրել հարազատ բնօրրանի հետ: «Աշխարհի ամենահարազատ անկյունն ինձ համար Մալագա քաղաքն է: Այնտեղ իմ հիշողություններն են, այնտեղ եմ ես կայացել: Ես չէի ասի, որ այն աշխարհի ամենալավ քաղաքն է, քանի որ դա ճշմարտացի չի հնչի, բայց այն ամենալավ քաղաքն է ինձ համար…»:

♦♦♦

Իսպանացի դերասանը մանուկ հասակում, ինչպես աշխարհի հազարավոր տղաներ, երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ, բայց 14 տարեկանում կոտրեց ոտքն ու՝ վերջ ֆուտբոլային կարիերային: Ո՞վ գիտե, գուցե աշխարհը մի Պելե կամ Մարադոնա կորցրեց: Ասում են` տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են ամեն ասպարեզում. Բանդերասը միայն դերասան չէ, ռեժիսոր, պրոդյուսեր, երգիչ ու նաև՝ լուսանկարիչ: Նրա նորամուտը կինոյի աշխարհ տեղի ունեցավ 1982թ., երբ նկարահանվեց «Կրքերի լաբիրինթոս» ֆիլմում: Ու սկսվեց վերելքներով և վայրէջքներով, ուրախություններով և հիասթափություններով լիուլի մի ճանապարհ:

-Հայրս իմ բոլոր դժվարությունների ժամանակ կողքիս էր, նա էր ինձ ոգևորում, ուժ տալիս, հավատում իմ հետագա հաջողություններին: Լավ է, որ նա ինձ տեսավ Հոլիվուդում, տեսավ կինոյում նվաճած մրցանակներս… Այնքան էի հպարտանում, երբ ծերացած հայրս դահլիճում նստած հուզմունքով հետևում էր ինձ, ու քանի հազար մարդ էլ ներկա լիներ դահլիճում, ես բոլորին մոռացած՝ խաղում էի հորս համար, միայն նրա համար:

Դերասանը փառքից չի կորցրել իրականության զգացողությունը, հանրահայտ աստղերից շատերի նման չի սավառնում երկնքում. «Իհարկե, հաճելի է, երբ ինձ աստղ են համարում, հաճելի է, որ իմ մասին այդպես են գրում, բայց, միևնույն է, ես ինձ աստղ չեմ համարում… Աստղ լինելու համար  պետք է փայլել օրվա 24 ժամն էլ…»:

♦♦♦

Դերասանի անունը, սակայն, խառը պատմություններում քիչ չի հոլովվել` սիրահարություն, բաժանություններ. «Երբ տեսնում եմ՝ մարդիկ համարձակ, խենթ քայլեր են անում, ինքս էլ փորձում եմ ետ չմնալ: Եթե կյանքի բնական ընթացքին համահունչ ես քայլում, ուրեմն ընդունում ես  կյանքի սահմանափակումները,- մի առիթով խոստովանել է իսպանացի դերասանը: -Գիտեմ, որ վաղ թե ուշ կհեռանամ այս աշխարհից, ջանում եմ ամեն վայրկյանը ուրախությամբ ապրել, վայելել կյանքը»:

Դերասանին տարբեր ժամանակներում հրավիրել են ֆիլմերում նկարահանվելու: Այսպես, երբ պետք է պատմական ֆիլմ նկարահանվեր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին, Պապի դերը մարմնավորելու համար ամենահարմար թեկնածուն Անտոնիո Բանդերասն էր: Ֆիլմում պատմվում է Ֆրանցիսկոսի կյանքի ու գործունեության մասին, նախքան Հռոմի պապ դառնալը:

Նա նկարահանվելու, իհարկե, ոչ բոլոր հրավերներն է ընդունել, բայց նրա ոչ մի մերժում այնքան աղմուկ չի հանել, որքան Աթաթյուրքի կերպարը մարմնավորելու՝ թուրքերի առաջարկը:

«Ես միշտ ցանկացել եմ կերտել պատմական դեմքեր, սակայն, երբ  թուրքերն ինձ  աստղաբաշխական հոնորարով առաջարկեցին հանդես գալ Աթաթյուրքի դերում, ես կտրականապես հրաժարվեցի»:

Այս մերժումը Թուրքիայում հիստերիա առաջացրեց: Երբ թերթերում հայտնվեց լուրն այն մասին, որ հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը հրաժարվել է Մուստաֆա Քեմալին մարմնավորել, թուրքական մամուլը իրեն հատուկ ոճով` ստի, կեղծիքի և զեղծարարության բոլոր եղանակներով սկսեց նյութեր տարածել, թե, իբր, Բանդերասը զոհ է դարձել կինոմատոգրաֆիայից հեռու քաղաքական կրքերի` իբր, հայկական և հունական համայնքները սկսել են նրան հալածել` պարտադրելով հրաժարվել դերից, և, իբրև, այս ամենը քիչ է, դերասանը նաև ահազանգեր է ստացել հայ ահաբեկիչներից, ու հենց այս ամենի պատճառով էլ Բանդերասը հրաժարվել է նկարահանվելուց:

Հետաքրքիրն այն է, որ թուրքական այս զառանցանքին տաքարյուն իսպանացին միայն ժպիտով է արձագանքում: Դերասանը վախեցողներից չէ… Դեռ ավելին` ինքն էլ բազմիցս խոստովանել է մամուլում. «Դա իմ կինոկարիերայում կայացրած ամենաճիշտ որոշումներից մեկն է»:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մայոր

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Հոգևոր-մշակութային


04/05/2016