Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՎԵՍՏԸ` ԲԱՆԱԿԻՆ



ԱՐՎԵՍՏԸ` ԲԱՆԱԿԻՆԱդրբեջանի հարձակողական գործողությունները փոթորկեցին ողջ հայկական աշխարհը` ավելի համախմբելով և միահամուռ դարձնելով մեր ժողովրդին: Ամեն հայ իր պարտքն է համարում ինչ-որ կերպ, ինչ-որ ձևով աջակցել, զորակցել Արցախ աշխարհին, բանակին ու զինվորին: Եվ հենց այս նպատակով էլ Հայաստանի նկարիչների միությունը ինքնատիպ նախաձեռնությամբ հանդես եկավ` կազմակերպելով իր պահոցներում գտնվող 1960-1980թթ. նկարիչների և քանդակագործների 80 լավագույն ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:

«Մենք ունենք ֆոնդեր, որոնք ժամանակին նկարիչների միությունը գնել էր տարբեր ցուցահանդեսներից: Բավականին արժեքավոր գործեր են, բայց դրանց գինը  զգալիորեն ցածր ենք սահմանել` քառապատիկ, հնգապատիկ ցածր, որպեսզի ցանկացողները հնարավորություն ունենան գնելու: Տեսնենք, թե դեռ ինչքան կվաճառվի, և այնժամ էլ ամբողջ հասույթը կտրամադրենք կա՛մ առաջին գծում ծառայող զինվորներին, կա՛մ վերջին իրադարձությունների ժամանակ ավերված շեների վերականգնմանը: Կխորհրդակցենք պաշտպանության նախարարության հետ և ըստ այդմ էլ կուղղորդենք գումարը»,- մեզ հետ զրույցում նշեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Ցուցահանդեսում Ռեգինա Ղազարյանի, Գետիկ Բաղդասարյանի, Փարավոն Միրզոյանի, Ֆելիքս Եղիազարյանի, Ավետիս Կրտիկաշյանի, Ալեքսանդր Գևորգյանի, Քնարիկ Վարդանյանի, Քնարիկ Հովհաննիսյանի, Նիկոլայ Քոթանջյանի, Նորայր Կարգանյանի և շատ ու շատ այլ անվանի արվեստագետների գործեր են:

 

ԱՐՎԵՍՏԸ` ԲԱՆԱԿԻՆՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ (նկարիչ) – Ցուցահանդես-վաճառքում իմ «Զինվորի ընտանիք» կտավն է ներկայացված: Վրձնել եմ դեռևս 1978 թվականին, երբ նոր էի ավարտել ինստիտուտը: Ուրախ և հպարտ եմ, որ այս նկարս ազգանվեր գործի պետք է ծառայի. այսօրվա հրամայականն է զինվորի անվտանգությունն ու բանակի հզորությունը:

ԱՐՏԱՇԵՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (նկարիչ)- Զինվորին պետք է օգնենք բոլորս` ով ինչով կարող է: Հպարտ եմ, որ Մեծ հայրենականի թոհուբոհն անցած զինվոր պապիս` վաստակավոր նկարիչ Արտաշես Աբրահամյանի գեղանկարի վաճառքից ստացված գումարը կարող է օգնել մեր սահմանին կռվող մարտիկներին` զինվորն օգնում է զինվորին… Պապս միշտ ափսոսանքով էր խոսում, որ թշնամուց չհասցրեց վրեժ լուծել: Թող նկարիչ պապիկիս այս փոքրիկ օգնությամբ խաղաղվի և փարատվի նրա զինվորի հոգին` թշնամուց վրեժ լուծելու հարցում:

Ասում են` ուժն առանց գեղեցկության կործանող է: Գեղեցկությունն առանց ուժի` կործանվող…

 

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Հոգևոր-մշակութային


04/05/2016