Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ




Ծավալվող պատերազմի պայմաններում բուժապահովման կազմակերպումն ունեցավ իր յուրահատկությունները. եթե մինչ կանոնավոր զինված ուժերի ստեղծումը սահմանների պաշտպանությունը ստանձնեցին կամավորական ջոկատները, ապա ռազմաբժշկական գործի կազմակերպումը՝ քաղաքացիական առողջապահության համակարգը:
Պատերազմի սկիզբը վկայեց, որ առողջապահության համակարգում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք մշակելու եւ իրականացնելու համար 1991-ին ԱՆ կազմում Արմեն Աթաբեկյանի (հետագայում՝ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ) ղեկավարությամբ ստեղծվեց Հատուկ ծրագրերի վարչությունը, որի եւ 1993-1995 թվականներին ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Բենիկ Հարությունյանի գլխավորած բուժկանխարգելիչ գլխավոր վարչության ուսերին ծանրացավ սահմանամերձ շրջանների, Արցախի բնակչության եւ կամավորական ջոկատների բուժսպասարկումը: Անհրաժեշտ էր ողջ ինֆորմացիան հավաքել, վերլուծել, որոշում ընդունել, իմանալ, թե տվյալ պահին որտեղից քանի վիրավոր է բերվում, որ հիվանդանոցում քանիսն են գտնվում, եւ ճիշտ բաշխել ուժերն ու միջոցները…
Այս վարչությունները սերտորեն համագործակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր պաշտպանության կոմիտեի հետ, կամավորների համար բարձրակարգ բժիշկների ուժերով կազմակերպում ինքնօգնության ու փոխօգնության դասընթացներ: Սկսվեց նաեւ վիրաբույժից, անեսթեզիոլոգից, վնասվածքաբանից եւ թերապեւտից կազմված արագ արձագանքման բժշկական բրիգադների ստեղծումը:
Բժիշկների համար պատերազմը բացահայտեց մասնագիտական նոր իրողություններ. պարզվեց, որ հրաձգային վերքերից մի քանի ժամ անց գազային փտախտ է առաջանում, որ մի քանի վիրավոր լինելու դեպքում առաջին հերթին պիտի բուժօգնություն ցույց տալ ոչ թե ծանր վիրավորին, այլ նրան, ում ապրելու հավանականությունն ավելի մեծ է, որ պատերազմի ժամանակ օրգանիզմի դիմադրողականությունը կտրուկ մեծանում է, իսկ հետո նույնքան արագ ընկնում…

ՄԵՐՁՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ

Սահմանամերձ շրջանների հիվանդանոցները չունեին պատերազմական իրավիճակում գործելու պայմաններ: Սակայն կար կադրային բարձրակարգ ներուժ եւ մահճակալներով ու սարքավորումներով բարձր ապահովվածություն ունեցող բուժհիմնարկների հզոր ցանց: Վիճակը բարվոք չէր միայն ամենահեռավոր՝ Մեղրիի, Վարդենիսի եւ Նոյեմբերյանի շրջաններում:
Կար նաեւ պահեստավորված դեղորայքի որոշ քանակություն, որն արագորեն սպառվեց, եւ շուտով նույնիսկ վիրակապական նյութերի լուրջ պակաս առաջացավ, ու բուժհիմնարկներին հրահանգվեց օգտագործված նյութերի որ մասը հնարավոր է՝ մանրէազերծելով վերստին օգտագործել: Ապա հակափտախտային շիճուկը սպառվեց, բայց առողջապահության նախարարի 1-ին տեղակալ Արա Բաբլոյանը Ֆրանսիայում հաջողությամբ կիրառված փոխարինիչ գտավ: Հետո հաց չկար, ու առողջապահության նախարարությունը մի քանի անգամ դիմեց կառավարությանը, խնդրելով ավելացնել հյուծված վիրավորներին տրվող հացի չափաբաժինը… 91-ի հոկտեմբերին ԼՂՀ Շահումյանի շրջանում արդեն հոսպիտալ էին ստեղծել:
Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում բոլորովին այլ վիճակ էր. հիմնականում մնացել էին տարեց, ինչպես նաեւ փոքրաթիվ երիտասարդ բժիշկներ: Հայաստանցի բժիշկների մուտքն Արցախ արգելված էր: Փոխարենը խրախուսվում էին ադրբեջանցիների նշանակումները: Եվ նրանց հեռանալով՝ կադրային խնդիրն ավելի սրվեց: Շատ վատ էր զարգացած ու Հայաստանի ոչ մի շրջանի հետ համեմատելի չէր շրջանների բժշկական ու բժշկատեխնիկական հիմնարկների ցանցը, նյութատեխնիկական բազան… Բուժհաստատությունները գտնվում էին հարմարեցված շինություններում, ունեին հին ու աղքատիկ գույք եւ սարքավորումներ: Արցախի առողջապահական համակարգը շրջափակման ու զինված հակամարտության պայմաններում միայն սեփական ուժերով անկարող էր իրականացնել բնակչության ու կամավորականների բուժսպասարկումը, առավել եւս, որ եղած աղքատիկ ցանցն էլ հրետակոծումներից ավերվում էր:
92-ի հունվարը մարտական գործողությունների ծավալման առումով շրջադարձային էր: Սահմանամերձ շրջաններում գլխավոր բժիշկները դարձան նոր կազմավորվող զորամասերի բուժծառայության պետեր, հիվանդանոցները՝ հոսպիտալներ, ու նաեւ պետք էր հարկ եղած դեպքում ապահովել նրանց տարհանումը դեպի անվտանգ շինություններ, որովհետեւ մի քանի օրվա ընթացքում հրետակոծվեցին սահմանամերձ բոլոր շրջանների հիվանդանոցները: Դրանից հետո բոլոր վիրահատարանները տեղափոխվեցին նկուղային հարկեր: Դեպի Երեւանի հիվանդանոցներ վիրավորների մեծաթիվ հոսք սկսվեց: Երեւանի 12 բուժհիմնարկներ, որոնք կրեցին պատերազմի հիմնական ծանրությունը, մի քանի ամսում 1837 մարդ ընդունեցին. մեծ մասը հրթիռահրետանային հարվածներից տուժած խաղաղ բնակիչներ էին:
Հանրապետությունում ստեղծվեց առողջապահության ոլորտի ղեկավարման օպերատիվ շտաբ, որը ղեկավարում էր առողջապահության նախարար Արա Բաբլոյանը, իսկ տեղակալները Դերենիկ Դումանյանն ու Արմեն Աթաբեկյանն էին: Նրանց ու Բենիկ Հարությունյանի աշխատանքային օրը սկսվում էր պաշտպանության եւ առողջապահության նախարարներին զեկուցելով անցած օրվա վիրավորների թվի, բաշխման, հիվանդանոցներում ազատ տեղերի մասին: ԱՆ ղեկավարության կոլեգիալ աշխատաոճի շնորհիվ շատ ու շատ հարցեր արագորեն լուծվում էին, եւ վիրավորների 75%-ը շարք էր վերադառնում, ինչն առավել քան բարձր ցուցանիշ է:
Հաջորդ շրջափուլը մայիսին էր՝ Շուշիի ազատագրումն ու մարդասիրական միջանցքի բացումը: Այս ամիսներին ամենածանրաբեռնվածը «Շտապ օգնության» հիվանդանոցն ու վնասվածքաբանության ինստիտուտն էին, իսկ ամենածանր վիրավորները տեղափոխվում էին վիրաբուժության ինստիտուտ: «Շտապ օգնության» հիվանդանոցը հենակետային էր, իսկ նախկին հանրապետական հիվանդանոցը՝ պահեստային:
Շատ էին բազմակի վիրավորումները, ինչը պատերազմի անխուսափելի ուղեկիցն է: Բեկորային երեք վնասվածքներից մեկի դեպքում առկա է տեսողական օրգանների վնասում։ Մարտակերտի նահանջի եւ Ստեփանակերտի ավիառմբահարումների ծանր շաբաթներին Արմեն Աթաբեկյանը գտել էր Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայից նոր զորացրված անվանի վիրաբույժ Էդուարդ Տեր-Անդրեասովին, ով մեկնելով Ստեփանակերտ, տեղի հոսպիտալում աչքի վիրաբուժության բաժանմունք էր բացել, որը մեծ աշխատանք կատարեց: Զուգահեռաբար ամեն ինչ արվում էր Երեւանի ակնաբուժական կլինիկան հզորացնելու համար: Իսկ Դերենիկ Դումանյանի եւ հետագայում առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի ջանքերով Գորիսում այրվածքների հանրապետական կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ բացվեց:
Ամենակարեւոր խնդիրը տեղերում մասնագիտական օգնության բաժանմունքների հզորացումն էր: Առողջապահության նախարար Արա Բաբլոյանի եւ նրա 1-ին տեղակալ, այս խնդիրները համակարգող Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ որոշվեց սահմանամերձ շրջաններում գլխավոր բժիշկներ նշանակել վիրաբույժների, քանի որ որոշում ընդունողն ու կատարողը նրանք էին: Տավուշում Արամ Հարությունյանն էր, Գորիսում՝ Սլավիկ Ամիրյանը, Կապանում՝ Նիկոլայ Ղարախանյանը, Վարդենիսի նորաբաց հոսպիտալում՝ այսօր գնդապետ Կամո Շաբոյանը, ովքեր համախմբելով բուժանձնակազմին, հաճախ անհնարինն արեցին: Մեծ աշխատանք կատարվեց նաեւ տեխնիկական հագեցվածության մեծացման ուղղությամբ:
Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների գոտի բուժաշխատողների ավելի քան 1000 գործուղում եղավ։ ԱՆ այն տարիների ղեկավարները երախտագիտությամբ են պատմում Սուրեն Զոհրաբյանի, Նշան Մանուշակյանի, Հովհաննես Սարկավագյանի, Սամվել Ամատունու, Գեւորգ Գրիգորյանի, Նորայր Շահբազյանի եւ ուրիշ բժիշկների մասին, ովքեր անընդհատ սահմաններում էին:
Երբ պարզ դարձավ, որ հրթիռակոծումների հետեւանքով բուժանձնակազմն անօթեւան է մնում, Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ Երեւանի հիվանդանոցներում հանգանակություն կատարեցին, մի քանի հիվանդանոցի ուժերով մեկ շրջանի բուժմիավորման շեֆություն ստանձնեցին, ու սահմանամերձ շրջաններում բուժանձնակազմը մեկեն հասկացավ, որ պետությունը կանգնած է իրենց թիկունքին: Իսկ մանկական առողջարանները սահմանամերձ գոտու բուժաշխատողների 700 երեխա ընդունեցին:
Միաժամանակ ամենուր առաջին բուժօգնության, վիրակապական նյութերի, առաջին մասնագիտական օգնության ցուցաբերման, ինչպես նաեւ դիզվառելիքի, մալուխի մեկամսյա անձեռնմխելի պաշարներ ստեղծվեցին, սկսվեց վթարային էներգամատակարարման համակարգերի հիմնումը:

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Արցախից վիրավորները տեղափոխվում էին ինքնաթիռներով, ապա՝ ուղղաթիռներով, եւ պատերազմի տարիներին օդաչուները հսկայական աշխատանք կատարեցին: Իսկ «Էրեբունի» օդանավակայանում հիմնվեց վիրավորների կենտրոնացված տեսակավորման բժշկական կետ, ուր մինչ կլինիկա հասցնելը վիրավորներին նաեւ միջանկյալ բժշկական օգնություն էր ցուցաբերվում, հաճախ անմիջապես թռիչքադաշտում բժշկական անհետաձգելի միջոցառումներ էին իրականացվում:
Այս ամենին զուգընթաց, նորաստեղծ պաշտպանության նախարարությունում հիմնվեց ռազմաբժշկական ծառայություն, որը ղեկավարում էր Երեւանի բժշկական ինստիտուտի զինվորական ամբիոնի պետ, գնդապետ Մնացական Աղաբաբյանը: Նրա ղեկավարման օրոք դեռ իրավական դաշտ ու զինված ուժերի կառուցվածք չկար, բանակը նոր էր ստեղծվում, միայն ջոկատներ էին ու նորաստեղծ զորամասեր, որոնց ինքը հասցնում էր ապահովել անհրաժեշտ դեղորայքով ու գույքով: Բայց կազմավորվող զորամասերն արդեն ունեին բուժծառայություններ եւ բուժկետեր, հնարավորինս իրականացվում էր ինքնօգնության ու փոխօգնության ուսուցումը: Նույն 1992 թվականին ստեղծվեց նաեւ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը, որի առաջին պետը բուժծառայության գնդապետ Սամսոն Գրիգորյանն էր:
Նախկին խորհրդային 7-րդ գվարդիական բանակը յոթ հազար մահճակալ բացազատելու հնարավորություն ուներ, սակայն եղածի մի մասը միայն հնարավոր եղավ փրկել: Իսկ զինվորական բուժհաստատությունները երկուսն էին, որոնք մնացին Հայաստանում տեղակայված ռուսական զորախմբին: Մեր բանակը ռազմաբժշկական ոչ մի կազմակերպված միավոր չստացավ, եւ ամեն ինչ ստեղծվեց զրոյից:
Պատերազմի ընթացքում, երբ ներկա ըմբռնմամբ ռազմաբժշկական ծառայություն դեռ չկար, հաջողվեց մի քանի կարեւորագույն խնդիրներ լուծել. վիրավորների ու հիվանդների բուժում, հակահամաճարակային միջոցառումների իրականացում, ռազմաբժշկական ֆակուլտետի, բազաների եւ հոսպիտալների ստեղծում, եւ բացի այդ՝ այս ամենի իրավական դաշտի ստեղծում: Այս ամենի իրականացումը սկսվեց 1993-ի աշնանը, երբ ՊՆ ռազմաբժշկական ծառայությունը վերակազմավորվեց վարչության, որը գլխավորեց գնդապետ Բենիկ Հարությունյանը: Հայաստանյան իրողություններին համապատասխանեցնելով՝ մշակվեց ռազմաբժշկական ասպարեզի գործունեության իրավական դաշտը, հստակեցվեցին զորակոչի ու զորացրման, վիրավոր զինվորին բուժումից հետո շարք վերադարձնելու բժշկական չափանիշները: Նախկին խորհրդային չափանիշները ենթարկվեցին համակարգային վերանայման, քանի որ մարդու առողջության պահպանման գերխնդիրը պետք էր համատեղել պատերազմի պայմաններում բանակը մարդկային ռեսուրսով ապահովելու գերխնդրի հետ: Պատանիները տնից փախչում էին ճակատ, ծնողը գալիս ու օրենք էր պահանջում… Արդեն 1994-ին զորակոչն իրականացվեց առաջին անգամ մշակված չափանիշներով:
1992-93 թվականներին հիմնադրվեցին Երեւանի, Վանաձորի, Սիսիանի, Վարդենիսի կայազորային հոսպիտալները, որոնք ղեկավարում էին համապատասխանաբար Սարգիս Առաքելյանը, Արկադի Հարությունյանը, Եփրեմ Առուստամյանը, Կամո Շաբոյանը, ապա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը, որի առաջին պետն Էդուարդ Հակոբյանն էր, Բերդի առանձին բժշկական ջոկատը, որն Արամ Հարությունյանը հիմնադրեց:
Հոսպիտալների հիմնադրման համար պետք էր առանց վնասելու բնակչության բուժսպասարկմանը, բանակին հանձնել կարգին վիճակում գտնվող բուժհաստատություններ, որոնք ծանրաբեռնված չէին վիրավորներով, բայց ունեին անհրաժեշտ հնարավորություններ: Օրինակ՝ Երեւանի ալյումինի գործարանի բուժսանմասը վնասվածքաբանության կարգին բաժանմունք ուներ, մյուսը՝ պատերազմական ժամանակներում առաջին հերթին անհրաժեշտ այլ բաժանմունքներ: Իսկ մասնագիտացված կլինիկաները ստանձնում էին հոսպիտալների համապատասխան բաժանմունքների շեֆությունը: Հոսպիտալներն ընդունում էին վիրավորներին, ցուցաբերում առաջին մասնագիտական օգնություն, ապա ուղարկում Երեւանի կլինիկաներ:
1993-ին ստեղծվեց նաեւ հակահամաճարակային եւ սանիտարական ծառայությունը, կատարվեցին 1994-ին բացված ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման առաջին քայլերը:
Հոսպիտալների ու ռազմաբժշկական մյուս կառույցների ձեւավորման գործում մասնագիտական ու կազմակերպական առումով մեծ ավանդ ունեցան Բենիկ Հարությունյանը, խորհրդային բանակի բուժծառայության գնդապետներ Կարեն Դարբինյանն ու Սամսոն Գրիգորյանը, Էդուարդ Հակոբյանը, Մկրտիչ Գրաբսկին…
93-ի աշնանը եղավ բժիշկների առաջին զորակոչը: Շուրջ 50 բժիշկների գերակշիռ մասն ուղարկվեց զորամասերի բուժծառայություններ: Նրանցից ոչ ոք չդասալքեց, ու բոլորն էլ կատարեցին իրենց բաժին ընկած դժվարին խնդիրները: Արդեն 94-ին կար զորամասային օղակի բուժանձնակազմի 75%-անոց համալրվածություն:
Միաժամանակ հաջողվեց նաեւ օգտագործել սփյուռքահայ բարձրակարգ բժիշկների հնարավորությունները, ինչի փայլուն օրինակը Վարդգես եւ Մերի Նաջարյաններն են, որոնց հետ վիրահատություններ կատարելու համար նաեւ իրենց զարմուհին՝ ակադեմիական կրթությամբ բուժքույր Սալբին էր Հայաստան գալիս:
Իսկ ԱՆ եւ ՊՆ համագործակցությունն իրավիճակին համարժեք ու օպերատիվ էր: Բոլոր որոշումները համատեղ էին ընդունվում, եւ յուրաքանչյուրը հավասար պատասխանատվություն ուներ ժողովրդի, բանակի ու պետության առջեւ: Անգամ հոսպիտալային օղակի ձեւավորումից հետո, քանի դեռ կադրային համալրվածության խնդիրը չէր լուծվել, վիրավորները տեղափոխվում էին մասնագիտացված կլինիկաներ, եւ առողջապահության նախարարություն-ՊՆ ռազմաբժշկական վարչություն համագործակցությունը շարունակվում էր, առավել եւս, որ հանրապետության բոլոր կլինիկաները ծառայում էին որպես մասնագիտացված հոսպիտալներ:
Իսկ սահմաններում պատերազմ էր: Հոսպիտալները դիրքերից երկու-երեք հարյուր, իսկ զորամասերի բուժկետերը՝ մի քանի հարյուր մետր ետ էին բացազատվում, ինչը արգելվում է, բայց զինվորական բժիշկները մատնացույց էին անում վիրավորին հնարավորինս շուտ առաջին եւ ապա առաջին մասնագիտական բուժօգնություն ցույց տալու անհրաժեշտությունը…

ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Սկզբնական շրջանում, հատկապես տխրահռչակ «Օղակ» գործողության ժամանակ բժիշկները վիրավորներին կրակի գոտուց դուրս բերելիս առաջին անգամ դյուրահավատորեն սպիտակ խալաթ էին հագնում ու մեկեն հասկանում, որ հրաշալի թիրախ են դարձել, քանի որ ողջ կրակն իրենց վրա էր կենտրոնանում: Նախկին խորհրդային ներքին զորքերը հաճախ ցուցադրաբար հրաժարվում էին հիմք ընդունել Երևանից եկած բժիշկների՝ առողջապահության նախարարությունից տրված գործուղման վկայականներն ու մատնացույց անելով տեղի գրանցում չունենալը, իսկույն ձերբակալում: Իսկ Գետաշենի անկման օրերին ներքին զորքերը կալանավորեցին վիրաբույժներ Գևորգ Գրիգորյանին ու մեզնից անժամանակ հեռացած Վալերի Խաչատրյանին, ովքեր ադրբեջանական գերության մեջ 17 օր անցկացրին:

ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ

Հատուկ գնդի բուժծառայության առաջին պետն Արմեն Պողոսյանն էր, ում հետո Ավետիք Ավետիսյանը փոխարինեց: Բուժծառայության ստեղծման գործում մեծ ավանդ ունեցան Կամո Շաբոյանը, Ռուդոլֆ Ստեփանյանը, Գաբրիել Թեփելիկյանը, Խաչատուր Ուրֆալյանը, Արմեն Ղասաբյանը, Կարեն Խաչունցը, Սերժիկ Հովհաննիսյանը, Օլգա Պապյանը: Անձնակազմն ինտեսնսիվ մարզվում էր, Սպարապետն ամեն օր ստուգում, և բուժզննմանն առնչվող հազար հարց կար: Ի վերջո, կամավորները 18 տարեկան առողջ պատանիներ չէին: Հատուկ գնդի ստորաբաժանումները երբ մեկնում էին սահմանամերձ շրջաններ, նրանց բուժսպասարկումը տեղի բուժհաստատություններն էին իրականացնում: Այլ էր վիճակը Շահումյանում, ուր զինվորական բժիշկները ոչ միայն մյուս ջոկատների, այլև տեղի բնակչության բուժսպասարկումն էին իրականացնում: Եվ Շահումյանի բնակչությունը մեծ հարգանք ուներ Հատուկ գնդի բժիշկների նկատմամբ: Հիվանդների քանակը բնականաբար շատ մեծ էր, քանի որ շրջանը կտրված էր նաև ԼՂՀ-ից ու ցանկացած լուրջ հետազոտության համար պետք էր հիվանդին ուղղաթիռով Երևան բերել: Բացի վիրավորների բուժումը, մեծ ձեռքբերում էր և այն, որ վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեղան ու ստորաբաժանումների մարտունակությունը չտուժեց:

ՀԱԴՐՈՒԹ

Հեռավոր ավանի հիվանդանոցը հայտնվել էր չեզոք գոտում և չէր գործում, իսկ զինվորական հոսպիտալը տեղավորվել էր շրջգործկոմի նկուղային հարկում: Հոսպիտալի ոգին շրջանի միակ վիրաբույժ, մեզնից անժամանակ հեռացած Գառնիկ Ալեքսանյանն էր, ով նաև պաշտպանական շրջանի բուժծառայության պետն էր, իսկ 94-ի ծանրագույն ամիսներին 5-րդ կամավորական բրիգադի բուժծառայությունը և իր նախաձեռնությամբ Մեծշենում բացված հոսպիտալը ղեկավարեց: 93-ի աշնանը նրան փոխարինեց դեռ ավարտական կուրսի ուսանող Տարոն Տոնոյանը, ով կնոջն ու կես տարեկան դստերն էլ էր բերել Հադրութ, որ տեղի բնակչությունը տեսներ ու գոտեպնդվեր:
Հադրութում հեռավոր ու փոքրիկ շրջանի աղքատիկ հիվանդանոց էր, բայց ծանր մարտերի օրերին հաճախ վեցից տասը վիրահատություն էին կատարում: Շրջանին սպառնացող հենակետերի ոչնչացումից հետո նրա հիմքի վրա Տարոն Տոնոյանի նախաձեռնությամբ ստեղծվեց հարավարևելյան ռազմաճակատի դաշտային հոսպիտալը: Այն իրականում զորամասի ուժեղացված բուժկետն էր, բայց պատերազմի ամենաահեղ ամիսներին Տարոն Տոնոյանի, Գևորգ Գրիգորյանի, Սուրեն Ինանցի, ԼՂՀ ռազմաբժշկական ծառայության պետ լեգենդար Վալերի Մարությանի ջանքերով այստեղ հարյուրավոր վիրավոր մարտիկների կյանքեր փրկվեցին:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ

Երկու կողմերի համար էլ ռազմավարական նշանակություն ունեցող միջանցքը ծանր մարտերով էր պահվում, բժիշկներ չունեցող ջոկատները փոխարինում էին միմյանց ու այստեղ դիրքավորված նորաստեղծ կանոնավոր ստորաբաժանումների բուժծառայությունները նաեւ կամավորների բուժսպասարկումն էին իրականացնում: 1992-93 թվականներին միջանցքում հսկայական աշխատանք կատարեցին այսօր բուժծառայության գնդապետներ Ռուդոլֆ Ստեփանյանը, այսօր ԿԿԶՎ պետ Միքայել Միքայելյանը, Երեւանի կայազորային հոսպիտալի պետ Հովհաննես Դավթյանը եւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գաբրիել Թեփելիկյանը: Բանակը նոր էր ստեղծվում, ու զորամասերից մեկը սանիտարական մեքենա ուներ, բայց բժիշկ չուներ, մյուսն ընդհակառակը… Մեքենաների խիստ սակավության, կտրտված տեղանքի ու ճանապարհազրկության պատճառով միջանցքում բժիշկները երբեմն ստիպված էին լինում առաջին օգնության սահմաններից բոլորովին դուրս վիրաբուժական միջամտություններ կատարել, որպեսզի կարողանային վիրավորին դիրքերից 90 կիլոմետր հեռվում գտնվող Գորիսի հիվանդանոց հասցնել: Ողջ ճակատում երկու-երեք սանիտարական մեքենա կար, ու հաճախ ստիպված էին լինում վիրավորին դուրս բերել ընդհանուր նշանակության մեքենաներով, հրամանատարական «Վիլիսներով», բեռնատարներով…

ԳՈՐԻՍ

Գորիսի հիվանդանոցը ՊՆ հետ Հայաստանում առաջինը պայմանագիր կնքեց՝ հստակեցնելով համագործակցության շրջանակներն ու փոխադարձ պարտավորությունները: Դրանով իրավական առումով կարգավորվեցին առաջնային ու երկրորդական բուժօգնության ցուցաբերման հարցերը, իսկ հիվանդանոցը փաստացի դարձավ հոսպիտալ, իսկ 94-ի սկզբին կառավարության որոշմամբ նաեւ քաղպաշտպանության մարզային կենտրոն:
Գորիսի շրջանային բուժմիավորումն էր մարդասիրական միջանցքի թիկունքը ու ամուր թիկունք էր: Այստեղ էր իրականացվում միջանցքից բերվող վիրավորներին առաջին մասնագիտական օգնության ցուցաբերումը:
Ութ վիրաբույժ ունեցող հիվանդանոցում, որը ղեկավարում էր այժմ բժշկական գիտությունների դոկտոր Սլավիկ Ամիրյանը (Վազգեն Սարգսյանի խնդրանքով թողնելով Գերագույն խորհրդի պատգամավորի մանդատը), պատերազմի տարիներին 4800 վիրահատություն կատարվեց, իսկ 920 բուժաշխատողից միայն 3-ը հեռացան: Գորիսում հրթիռակոծումներից պաշտպանված թաղամաս չկար, ու հիվանդանոցը չորս անգամ տեղափոխվեց: Ի վերջո, քաղաքի վրա շուրջ 12.000 արկ ու հրթիռ է ընկել:
Ամենակարեւոր խնդիրներից մեկը սահմանամերձ գյուղերում բուժծառայության ուժեղացումն էր: Տեղ գյուղի հիվանդանոցին կցվեց մեկ շարժական ամբուլատորիա, եւ հզոր բազա ստեղծվեց, ինչը շատ օգնեց «Օղակ» գործողության շաբաթներին Հադրութից տեղահանված 10.000-ից ավելի մարդկանց բուժսպասարկումն իրականացնելիս:
Հրետակոծումների ամենասարսափելի ժամանակը 92-ի սեպտեմբերից մինչեւ 93-ի գարունն էր, իսկ ամենաահավորը 93-ի հունվարի լույս 13-ի գիշերն էր, երբ զանգվածային հրետակոծումից 138 վիրավոր ունեցան: Եվ նման պայմաններում բնակչության բուժսպասարկումն այնքան բարձր մակարդակով իրականացվեց, որ մանկական մահացության ցուցանիշը նույնը մնաց: Գորիսում 30 բուժաշխատող վիրավորվեց, 12-ը հաշմանդամ դարձավ:

ՇԱՀՈՒՄՅԱՆ. ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ

1993-ի ապրիլին հրթիռով խոցված ուղղաթիռում զոհվեց պարտիզանների հետ շուրջ վեց ամիս մարտնչող բժիշկ Արտակ Խաչատրյանը, ով գալիս էր զինվորական բժշկական վրաններ տանելու: Նրա գործը շարունակեցին այրին՝ Արինա Նալբանդյանը, ով ամիսներ անց բերեց վիրակապարան, նախավիրահատարան ու վիրահատարան ունեցող այդ վրանները եւ դեռ ուսանող Սմբատ Ջամալյանը: Նրանց խնդիրը վիրավորի օրգանիզմի հիմնական կենսական ֆունկցիաների պահպանումն էր, եւ ծանր դեպքերում կյանքի ցուցումով ինչ հնարի ասես չէին դիմում: Սմբատ Ջամալյանն օրինակ, մարտիկից վիրավորին արյան ուղիղ փոխներարկում էր կատարել, ինչի մասին միայն Մեծ Հայրենականի մասին պատմող գրքերում էր կարդացել: Մարտիկները վիրավորին լեռներով 8-10 կիլոմետր ձիով, իսկ հիմնականում ձեռքերի վրա բերում էին բուժկետ, մինչ վրանները ունենալը պատգարակով պառկեցնում սովորական փայտե սեղանին, օգնություն ցուցաբերում եւ սպասում ուղղաթիռի: Շահումյանի անտառներում որպես մարտիկներ պարտիզանների հետ էին նաեւ բժշկական ինստիտուտի ուսանողներ, այսօր բուժծառայության փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանը, Վահե Բաղդասարյանը, ով զոհվեց Մատաղիսի ազատագրման ժամանակ եւ Ալբերտ Պողոսյանը:

ՏԱՎՈՒՇ

Տավուշում ռազմաբժշկական գործի կազմակերպումը նույնանում է շրջանի բուժմիավորման ղեկավար եւ մինչ 1996-ը զորամասի բուժծառայության պետ, վիրաբույժ Արամ Հարությունյանի անվան հետ, ով 70-ականներին խորհրդային տանկային գնդի բուժկետի պետ էր եղել: Պատերազմն այստեղ սկսվեց 1990-ի ապրիլի 30-ին, երբ Մովսես գյուղի մոտ դարանից ավտոմատով երեք խաղաղ բնակիչ սպանվեց: Ապա սկսվեցին հրթիռահրետակոծումները: Շրջանն Ադրբեջանի հետ 183 կիլոմետր սահման ուներ, եւ սահմանամերձ գյուղերում միաժամանակ տասը բժշկական բրիգադ էր մեքենաներում հերթապահում: Առավել սաստիկ մարտական գործողություններ էին Չինարի, Մովսես, Այգեձոր, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի սահմաններում: Արամ Հարությունյանի համար ամենածանրը 92-ի դեկտեմբերի 29-ն էր: Սահմանի ողջ երկայնքով թշնամին հզոր հարձակման էր դիմել, ու 30 վիրավոր ունեցան, որոնցից 18-ը՝ կոմբինացված վերքերով: Ըստ աշխարհագրական դիրքի, այս գյուղերի մի մասից վիրավորներին ուղիղ Բերդ էին բերում, մի մասին էլ Այգեձոր, ուր միջանկյալ բուժօգնության կետ էր հիմնվել: Մարտական գործողությունների սաստկանալուն պես Իջեւան տանող ճանապարհը փակվում էր, ու տեղի հիվանդանոցում հաճախ էին բավական բարդ վիրահատություններ կատարում: Վերջին հրթիռը Բերդում պայթեց 94-ի օգոստոսի 4-ին, բայց լարվածությունը շարունակվում էր, ու վիրահատարանը նկուղային հարկից 96-ի ամռանը նոր միայն տեղափոխվեց նախկին տեղը:

ՄԱՐՏԱԿԵՐՏ

Լրագրային անգամ ծավալուն հոդվածի շրջանակները չափազանց նեղ են գեթ մոտավոր ուրվագծերով ներկայացնելու Մարտակերտի շրջանում ռազմաբժշկական գործի կազմակերպման յուրահատկություններն ու ժամանակագրական ընթացքը: Մարտակերտի պաշտպանական շրջանի բուժծառայության ղեկավարներն էին Արցախ Բունիաթյանն ու Սերգեյ Օհանյանը: Հյուսիսային Արցախի անկումից հետո բուժանձնակազմը ցաքուցրիվ եղավ, հոսպիտալը նահանջեց Դրմբոն, Կուսապատ, ի վերջո՝ Առաջաձոր, բժիշկները վրաններում անցկացրին 1992-93 թվականների ահավոր ձմեռը, երբ թիկունքում արդեն Ստեփանակերտն էր, ապա սկսվեց հակահարձակումը: Այս դժվարին ամիսներին Մարտակերտում բժիշկների ծանր ու անձնուրաց աշխատանքի մասին շատ ու շատ դրվագներ ամփոփված են Արցախ Բունիաթյանի «Արյունոտ օրեր» հուշագրությունում:
Շրջանի ազատագրումից հետո հոսպիտալ բացազատվեց նաեւ Ալաշանում, իսկ 94-ին, երբ Մանվել Գրիգորյանի ղեկավարած կամավորական բրիգադը ծանր մարտերով Հակոբ Կամարի-Մաղավուզ հատվածում կանգնեցրեց թշնամու լայնածավալ հարձակումը, վիրավորներին տեղափոխում էին շուրջ հիսուն կիլոմետր հեռվում գտնվող Դրմբոնի հոսպիտալ: Դրա համար էլ ԼՂՀ փրկարար ծառայությունը Մեծ Շենում հակաշոկային կետ բացեց, որի հիմքի վրա Գառնիկ Ալեքսանյանի նախաձեռնությամբ շուտով հոսպիտալ հիմնվեց:

ՎԱՐԴԵՆԻՍ

Քարվաճառի ու Գետաբեկի հետ սահմանամերձ այս շրջանում այսօր բուժծառայության գնդապետ Կամո Շաբոյանի նախաձեռնությամբ հիվանդանոցից առանձնացվեց հիսուն մահճակալ ունեցող մի հատված, որը որպես հոսպիտալ սպասարկում էր կամավորներին:
Ապա սկսվեց Քարվաճառի ազատագրումը, որի բուժապահովման ամենամեծ բարդությունը ճանապարհազրկությունն էր: Գարուն էր, ամենուր ձյուն ու ցեխ, տրակտորով սանիտարական մեքենա էին քաշում, եւ Վարդենիսի հոսպիտալը վիրավորների 90%-ին ընդունեց հեմոռագիկ կամ տրավմատիկ ծանր շոկով, ինֆեկցիոն ծանր պաթոլոգիաներով, բայց Կամո Շաբոյանի, Խորեն Նիկողոսյանի, Ֆիրդուսի Կարապետյանի, հոսպիտալի ու հիվանդանոցի մյուս բժիշկների ջանքերով շատերը փրկվեցին:
Ապրիլին հոսպիտալի եւ նորաստեղծ զորամասի բուժծառայության միավորումով, որը Կամո Շաբոյանն էր ղեկավարում, բժշկական հզոր կառույց ստեղծվեց: Նույն ամսին Վարդենիսը օդային ռմբահարման ենթարկվեց: Ու թեեւ ավիառումբը հոսպիտալի հարեւանությամբ պայթեց, բուժանձնակազմից ու վիրավորներից բարեբախտաբար զոհեր չեղան: Ապա գումարտակների պաշտպանության շրջաններում ստեղծվեցին բուժկետեր, որոնց 94-ի ծանր ձմռանը վիճակված էր հոսպիտալի դեր ստանձնել:

ՕՄԱՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ

Դեկտեմբերի վերջին, երբ ճակատի գիծը ճեղքվեց, Կամո Շաբոյանն օգնության շտապած առաջին խմբի հետ էր, ու նրան հոսպիտալում գնդապետ Վահան Կիրակոսյանը փոխարինեց:
Շաբոյանը բացի ճակատի բուժծառայությունը ղեկավարելուց, միակ վիրաբույժն էր ու հունվարի առաջին կեսին տեղում բավական վիրահատություններ կատարեց: Երբ թշնամին կարողացավ առժամանակ փակել հիմնական ճանապարհը, վիրավորների մի մասը Գետավան ու Դրմբոն էր ուղարկվում:
Եղած բուժկետերից բացի, այս ամիսներին հիմնվեցին նաեւ նորերը, որոնք փաստացի վերստին ժամանակավոր դաշտային հոսպիտալների դեր էին կատարում ըստ իրավիճակի, եղանակի…
Իսկ Դերենիկ Դումանյանը, ով տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ էր, շուրջ երկու ամիս այս հատվածում էր, եւ Վարդենիսում անգամ ԱՆ կոլեգիայի արտակարգ նիստ գումարվեց:
Վերջին նահանջից հետո անգամ հարթ տեղ չկար, սարսափելի սառնամանիք էր, ճանապարհի շրջադարձին Շաբոյանը սանիտարական «ՈՒԱԶ»-ների մեջ (յուրաքանչյուրում երկու պառկած վիրավոր) հոսպիտալ էր բացազատել ու տասը օր շարունակ նման պայմաններում բուժօգնություն էր ցուցաբերում եւ տարհանում, մինչեւ սկսվեց հակահարձակումը:
Լեռնանցքի ազատագրումից հետո երկու ավտովիրահատարան, վիրավորների կենտրոնացման թուրքական արտադրության վրանային ճամբարներ, սանիտարական մեքենաներ, առաջին բուժօգնության բավական դեղորայք մնաց: Ապրիլյան մարտերի ժամանակ Կամո Շաբոյանը ավտովիրահատարանում նաեւ մեծ թվով խոռոչային վիրահատություններ կատարեց, մինչեւ եկավ այնքան սպասված զինադադարը:
Եվ այսօրվա հաղթական խաղաղությանն անհամեմատ քիչ զոհերով ու հաշմանդամ մնացած մարտիկներով հասնելու համար, ի թիվս բուժող բժիշկների, մենք մեծապես պարտական ենք նաեւ այս հոդվածում հիշատակված մարդկանց, նրանց, ովքեր դեռ կանոնավոր զինված ուժեր չունեցող Հայաստանում ու Արցախում կարողացան զարմանալի ճշտությամբ մշակել քաղաքացիական առողջապահության համակարգը պատերազմական պայմաններում արդյունավետ աշխատեցնելու եւ ռազմաբժշկական գործի կազմակերպման հիմնադրույթներն ու կյանքի կոչեցին դրանք` փրկելով հազարավոր կյանքեր:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #47 (862) 1.12.2010 - 8.12.2010, Ազգային բանակ


08/12/2010