ՀԱՅԻ ՈԳԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿՈՏՐԵԼ
Այս անհանգիստ ու լարված օրերին չափազանց ծանր է բոլորիս համար, բայց առավել ծանր ու դժվար է բանակում զինվոր զավակ ունեցող ծնողների համար: Մեր որդին` Վոլոդյան, կրտսեր սերժանտ է, ծառայում է հենց այն տարածքում, որտեղ վերջին շրջանում բավականին լարված էր իրավիճակը: Թե ինչ փոթորիկ էր մեր հոգում, թե ինչ անհանգիստ էինք, մեզ կհասկանան միայն զինվորի ծնողները: Վերջապես Վոլոդյան զանգահարեց, ամեն նյարդով փորձում էինք որսալ նրա յուրաքանչյուր բառը, ձայնի ելևէջը: «Մի՛ անհանգստացեք,- ծիծաղում է,- մեզ մոտ ամեն ինչ լավ է, հանկարծ չմտածեք…»: Անկեղծ ասած` մի քիչ խաղաղվեցինք, մի քիչ…
Հեռուստացույցով «Սուր անկյուն» հաղորդումն էինք նայում, ցուցադրում էին կադրեր սահմանի ամենաթեժ հատվածից ու մեկ էլ` Վոլոդյայիս ժպտացող դեմքն ենք տեսնում՝ զինվոր ընկերների հետ կանգնած, ու զինվորական համազգեստով մի տղամարդ ասում է` «Ես պատիվ ունեմ ներկայացնելու հենակետերից մեկի անձնակազմի տղերքին, ովքեր մեր ազգի պատիվն են պահում: Ուզում եմ, որ բոլորս ուշադիր նայենք ու հիշենք էս տղերքի դեմքերը` ամեն մեկի արարքն ավելին է, քան սովորական սխրանքն ու հերոսությունը: Իրենք ապացուցել են, որ հայի ոգին կոտրել հնարավոր չէ… Պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն եմ հայտնում»:
Հեռուստացույցի առջև կանգնած քարացել ենք, իսկ հեռախոսի զանգերը չեն դադարում, ասում են` տեսա՞ք ձեր Վոլոդյային: Հարևաններն են ուրախ-ուրախ մտնում մեր տուն` «Հպարտացե՛ք, հերոս որդի ունեք…»:
Մայիսի 12-ը Վոլոդյայի ծննդյան օրն է, ու հիմա բառեր չենք գտնում մեր ցանկությունները արտահայտելու: Որքան էլ հարուստ լինի հայոց լեզվի բառապաշարը, միևնույն է, բառերը չեն հերիքում, անկարող են արտահայտելու այն, ինչ ուզում ենք ասել մեր զինվոր որդուն:
-Որդի՛ս, քեզ, քո բոլոր զինվոր ընկերներին խաղաղ ու անփորձանք ծառայություն ենք մաղթում: Թող մազ անգամ չպակասի մեր զինվորների գլխից:
Բարով ծառայեք, բարով վերադարձեք հայրենի օջախներ:
Վոլոդյա՛ ջան, քեզ ջերմ-ջերմ շնորհավորում են նաև քույրիկներդ` Կիման և Լիլիթը, մաղթելով, որ զինվորի դեմքից անպակաս լինի լուսավոր ժպիտը:
Ծնողական ջերմ օրհնանքներով`
Նարինե և Անդրանիկ Շագոյաններ
Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Բանակ և հասարակություն