Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ



ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍՍովորականի նման նախապատրաստվում էի Հայոց մեծ եղեռնի 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, սակայն քառօրյա պատերազմն իր ուղղումը մտցրեց կազմակերպչական աշխատանքներում: Ծրագրային փոփոխություններ կատարեցի և որոշեցի, որ սկզբում աշակերտներին կպատմեմ Մեծ եղեռնի մասին, 1,5 մլն զոհերի, մեր ժողովրդի կրած դաժան փորձությունների, մեր վերընձյուղվելու կամքի և ուժի մասին,  հետո կանդրադառնամ քառօրյա պատերազմին, մերօրյա հերոսներին, հերոսական դրվագներին:

Աշակերտները համակ ուշադրությամբ լսում էին իմ ելույթը, որում ես շատ համառոտ ներկայացրի 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում արևմտահայության բռնի տեղահանումները և կոտորածները, որոնք հետագայում որակվեցին որպես  ցեղասպանություն:

Այնուհետև խոսեցի քառօրյա պատերազմի և մեր 18-20 տարեկան զինվորների մասին, որոնք պաշտպանեցին իրենց հողը և տունը: Այն հերոսությունների, որոնք կատարեցին մեր զինվորները և սպաները, որոնց շնորհիվ բանակը դիմակայեց թուրք-ազերիական ելուզակ-տականքներին, նրանց ագրեսիվ հարձակումներին, նախահարձակ գործողություններին:

Մեր սպաների և զինվորների արիության եւ աննկուն դիմադրության շնորհիվ մեր սահմանների մոտակա մարտական դիրքերը վերածվեցին հակառակորդի գերեզմանոցի:

Հյուսիսարևելյան ուղղությամբ գրոհող թշնամու գերակշիռ ուժերին դիմակայողների թվում էին կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ գործող վաշտի զինվորները, որոնք անհավասար մարտում մի քանի անգամ ետ շպրտեցին թշնամուն՝ պատճառելով բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Ծառայության բերումով անձամբ ճանաչել եմ Արմենակ Ուրֆանյանին, երբ սովորում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտոհրաձգային ֆակուլտետում: Այդ ժամանակ ես ՌԻ-ի սպա-իրավաբանն էի: Մյուսների նման սովորական կուրսանտ էր, սիրում էր զինվորական գործը, մի քանի անգամ անձամբ դիմել է ինձ՝ օգնության խնդրանքով, և նրան տվել եմ իրավաբանական բնույթի պարզաբանումներ՝ ծառայության կազմակերպման վերաբերյալ:

Երբ «Հայ զինվորի» էջերում տեսա նրա նկարը, կարդացի նրա կատարած սխրանքի մասին, անողոք տխրություն համակեց ինձ, միաժամանակ` հպարտություն, քանի որ իմ նախկին կուրսանտը, որն արդեն վաշտի հրամանատար էր, կապիտան, չլքելով առաջնագիծը, իր զինվորների հետ միասին կռվեց մինչև վերջ և իր երիտասարդ կյանքը զոհեց հանուն հայրենիքի:

Փառք մեր հերոս տղաներին, երկնային արքայություն զոհվածներին:

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

105 ավագ դպրոցի զինղեկ,

փոխգնդապետ

Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Բանակ և հասարակություն


12/05/2016