Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱԶ



ԳՐԱԶՀազարավոր սլաքներ կանգնեցին ժամը 4-ի վրա…

Պատերազմ…

Հաջորդ օրը:

Երկհարկանի աղյուսաշեն մի տուն էր` փայտե զարդաքանդակ լայն դարպասով: Մի խումբ երիտասարդներ հավաքվել էին շենքի բակում` ռազմաճակատ ճանապարհելու իրենց ընկերոջը` Սուրենին:

Բարձրահասակ, ոսկրոտ ու նիհար, խոշոր, սև աչքերով, ամրակազմ երիտասարդ էր Սուրենը: Սիրում էր կատակել, սրախոսել:

Տանտիրուհին` տիկին Սաթենիկը, տխուր էր, բայց քառասուն մետրանոց սենյակի երկարությամբ խնջույքի սեղան էր գցել:

Լուսաբաց էր: Զուռնաչիները «Սհարի» էին փչում, բայց հարսի փոխարեն այս անգամ «տանում» էին Սուրենին:

Մոտենում էր հրաժեշտի պահը:

Տիկին Սաթենիկին շատ էր անհանգստացնում տղայի երկար հասակը:

-Չինար բոյիդ մեռնեմ, բալա՛ ջան, կուզեկուզ ման կգաս, որ էդ սրիկայի գնդակը քեզ չդիպչի…

Ուստա Խաչատուրը, որին ընկերներն ուրբաթախոս էի անվանում, ամբողջ ժամանակ լուռ էր: Կարծես ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր լսում: Բայց կնոջ վերջին խոսքերը տեղ հասան: Խեթ նայեց նրան ու ասաց.

-Տղա՛ս, այսօր դու այստեղ պետք է թողնես քո միամիտ պարտականությունը: Տղամարդ դառնալուդ ժամանակը եկավ: Եկավ ավելի շուտ, քան սպասում էինք… Եվ թող քո առաջին գործը լինի, որ դու կուզեկուզ ման չգաս թշնամու առաջ: Պատերազմում գնդակը երկարին ու կարճին չի ջոկում… Հաշվի է նստում միայն համբերատարների, քաջերի ու խիզախների հետ…

Սուրենի ընկերներից Մկրտիչը, որ ավելի կատակասեր էր, լարված մթնոլորտը մեղմացնելու նպատակով Սուրենին առաջարկեց ջնազ քաշել, բայց դրան իրավական ուժ տալ միայն հաղթանակից հետո: Իսկ եթե պատահի այնպես, որ որևէ մեկը չվերադառնա, ապա վերադարձողն իրեն պետք է պարտված համարի և հյուրասիրի ներկաներին միայն այս հարկի տակ և այս սեղանի շուրջ:

Սուրենն ընդունեց Մկրտիչի առաջարկությունը և ջնազը կոտրելով` կեսը պահեց գրպանում:

Երկուսն էլ նկարում էին:

Երկուսն էլ վրձինների փոխարեն հրացաններ վերցրին…

Սուրենը կռվում էր Բալթիկ ծովի ափերին:

Իսկ Մկրտիչը պաշտպանում էր Սև ծովի ափերը` նրա կապույտը, նրա լազուր երկինքը…

Սուրենն արդեն վետերան-ճակատային էր: Ամեն օր տեսնում էր մահը, թաղում ընկերներին կամ ստիպված ռազմադաշտում անգերեզման թողնում նրանց, որոնց հետ կերել էր մի ամանից: Կորցրել էր առողջությունը, բայց պահպանել էր կյանքի հանդեպ սերը, կատակն ու սրախոսությունները:

Պահել էր նաև ջնազի փոքրիկ ոսկորը: Հիմա էլ կատաղի մարտից հետո գրպանում փնտրում էր ոսկորի այդ կտորը: Նայում էր և քթի տակ ժպտում: Ոսկորի այդ կտորը նրա համար թալիսման էր դարձել: Նայում էր, հիշում իր վաղանցուկ պատանեկությունը:  Եվ հավատում էր…

Ազատագրվեց Եվրոպան:

Բեռլինի արվարձանում` Կառլսհոստեում, ընդունվում էր ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիան:

Սուրենն այդ օրը չհասցրեց լսել հաղթանակի ձայնը: Դրա փոխարեն նորից լսեց վեցփողանոցի ոռնոցը: Մի քանի վայրկյան հետո վառոդի և արյան հոտը խառնվեց…

Նորից զոհեր…

Սուրենը ծանր վիրավորվեց…

 

Հուլիս: Հոսպիտալ:

Մանկության ընկերը` Մկրտիչը, որ նոր էր վերադարձել ռազմաճակատից, տեսության էր եկել Սուրենին:

Պրոֆեսորը ձեռքերից դուրս քաշեց ձեռնոցները, հանեց դիմակը: Բարձրահասակ, սևաչյա երիտասարդին դուրս բերեցին վիրահատարանից:

-Մեծ կամքի տեր է,- ասաց պրոֆեսորը կողքին կանգնած ավագ քրոջը: -Տղաները պատմում են, որ այդպես էլ կռվել է: Սա վեցերորդ վիրահատությունն է. մինչև ինձ հասնելը հինգ անգամ վիրահատել են: Չի կարելի մեղադրել… Դաշտային պայմաններ…- Նա ձեռքերը լվանում էր երկար ու դանդաղ: -Բայց ինչ-որ գրազի մասին էր խոսում, բան չհասկացա…

-Պրոֆեսոր, Ձեզ են հարցնում,- ասաց Սուրենին խնամող քույրը:

-Ի՞նչ եք ցանկանում,- հարցրեց պրոֆեսորը Մկրտիչին, որ զինվորական համազգեստով էր:

-Խնդրում եմ Ձեր թույլտվությունը` ընկերոջս տեսնելու:

-Ո՞վ է ձեր ընկերը:

-Նա, որին հենց նոր դուրս բերեցին վիրահատարանից:

-Հազարավոր վիրահատումներ եմ կատարել, բայց քիչ եմ հանդիպել այսպիսի ուժեղ կամքի տեր մարդկանց: Պատկերացնո՞ւմ եք, կատակ էր անում: Ճիշտ է, ինչ-որ տեղ հեգնանք կար կատակի մեջ, բայց, կատակը մնում է կատակ: Գիտե՞ք, որ…

-Այո՛, գիտեմ, ինձ պատմեցին: Հեռացրել եք աջ ոտքը:

-Ես չեմ հեռացրել: Հեռացրել են Գերմանիայում, այն էլ հաղթանակից մի քանի ժամ առաջ: Ես նորից եմ վիրահատել: Դուք նրան կարող եք տեսնել միայն երեկոյան:

Մկրտիչը երկար ժամանակ կանգնեց դռան մոտ: Չէր համարձակվում ներս մտնել: Կանգնել էր մոլորված, վախեցած: Հետո սեղմեց դռան բռնակը:

Նիհար, հյուծված Սուրենը պառկած էր անշարժ:

Արթնացավ: Մկրտիչը ծնկի եկավ մահճակալի մոտ, համբուրեց Սուրենի ճակատը և երեխայի նման հեկեկաց:

Երեկվա զինվորները նայում էին միմյանց աչքերի մեջ և ոչինչ չէին ասում:

Լռությունը խախտելու համար Սուրենը Մկրտիչին ծխախոտ հյուրասիրեց:

-Վերցրո՛ւ տուփը, միևնույն է, ինձ չեն թույլատրում:

Մկրտիչն ուրախությամբ վերցրեց ծխախոտի տուփը:

-Չորրորդ տարին է` միայն մախորկա եմ ծխում:

Սուրենը մի րոպե մոռացավ ահավոր ցավերը և սկսեց լիաթոք ծիծաղել: Անբացատրելի ու առեղծվածային էր ծիծաղը:

Մկրտիչը խռովքի մեջ էր, չգիտեր` ինչ անել ստեղծված դրությունից դուրս գալու համար:

Սուրենը դադարեց ծիծաղել: Նրա այտերով արցունքի կաթիլներ էին գլորվում: Բռունցքներով սրբեց արտասուքը և հանգիստ, հանդիսավոր ասաց.

-Տարա՞ծ…

Ապա մահճակալի մոտ դրված պահարանից հանեց ոսկորի կտորը` ջնազը, և մեկնեց Մկրտիչին:

-Այս փոքրիկ ոսկորը,- ասաց Սուրենը,- ականատեսը եղավ պատերազմի մոտ մեկուկես հազար տագնապալի օրերին և վերադարձավ: Ծիծաղելի է:

Սուրենն ու Մկրտիչը մտան հարազատ բակ: Առաջին հայացքից Սուրենին թվաց, թե ոչինչ չի փոխվել: Բայց չկար շենքի գեղեցիկ դարպասը, որը ինչպես շենքի, այնպես էլ փողոցի զարդն էր: Ցրտից չսառչելու համար վառել էին:

Ըստ պայմանի՝ Մկրտիչը սփռոցը գցել էր նույն հարկի տակ, նույն սեղանին:

Սեղանի շուրջ նստած էին Սուրենն ու Մկրտիչը:

Չկային նրանք, ովքեր Սուրենին ու Մկրտիչին ճանապարհ գցեցին ռազմաճակատ: Նրանց փոխարեն նստած էին ձեռնափայտերին հենված սևազգեստ ծնողները: Նրանք եկել էին իրենց որդիների կարոտն առնելու Սուրենից ու Մկրտիչից:

Որդիներ, որոնք այդ օրը քսանմեկ-քսաներկու տարեկան պիտի լինեին…

 

ՌԱՖԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Հոգևոր-մշակութային


12/05/2016