Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԵԿՈՉՈՒՄԻ ՏՈՂԵՐ



ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԵՐԳԸ

 

Համագյուղացուս`

Գոռ Կիրակոսյանի հիշատակին

 

Կարմրում է «Սև այգին»

Արյամբ այգեպանների,

Գո՛ռս էլ, որդին իմ անգին,

Մեջն էր պահապանների:

Գառ խոստացա մատաղի,

Մեռնեմ զինվոր իմ տղին,

Կռվից հետո կատաղի,

Որ ուղարկեմ Մատաղիս:

Թեժ պահերին օրհասի

Տղես դիրքեր հաց տարավ,

-Աստվա՛ծ, լռիր, մի՛ խոսիր,

Գոռս գառի դերն առավ:

Դեռ կա գառը մատաղի,

Որ խոստացա Գոռ տղիս`

Կռվից հետո կատաղի,

Որ ուղարկեմ Մատաղիս:

Խոստացածս ես կանեմ,

Պատերազմ է դեռ քանի,

Գառը մատղեմ, կուղարկեմ,

Հացը, Գո՛ռ ջան, ո՞վ տանի:

 

Անդրանիկ ԱՐԵՎԻԿԵՆՑ

 

♦♦♦

 

ԵՐԵՔ ԳՈՒՅՆԻ ԿԱՆՉՈՎ

 

Ես դարերի քողը թեկուզ կրեմ ուսիս,

իմ աչքերը հիմա պիտի պատռեմ, ահա՛,

խարանվածի նման որքա՞ն դեռ պիտ տանջվեմ

հողն իմ ունենալու, չունենալու համար:

 

Ես պիտ քայլեմ հեռո՛ւ՝ երեք գույնի կանչով,

ուր էլ գնամ կյանքում, ապրեմ պիտի այստեղ,

արյուն թափեմ թեկուզ, պիտ փայփայեմ ամուր

երկնից կապույտ պատառ, պիտի տնկեմ հասկե՛ր:

 

Իմ պատմության քողը ուսիս պիտի մնա,

այն գամված է ներսիս՝ անհո՛ւյս ցավի նման,

աչքս պիտի պարզեմ, պիտի նայեմ հեռո՛ւն,

և այսուհետ պիտի փառաբանեմ միայն՝

 

Դու շենացի՛ր, երկի՛ր, ծանր լուծդ գրկած,

հերիք կքվես ցավից, հերիք ճկվես, հերի՛ք,

արմատներդ ձգիր՝ որդոց արյամբ ջրված,

ծե՛ր մանուկի նման հերիք տանջվես, հերի՛ք:

 

Զարկ տուր ահագնացող ահ ու վտանգներին,

հոգուս ընկեր դարձիր, հույս տուր, հող իմ, ասա՛,

թեկուզ ինչ էլ լինի, չեն ապրի քո գրկում

օտար ազգի որդիք, մի՛ թող նրանց, անսա՛:

 

Ես դարերի քողը թեկուզ կրեմ ուսիս,

իմ աչքերը հիմա պիտի պատռեմ, ահա՛,

արյուն թափեմ թեկուզ՝ երկնի կապույտն առած,

պիտի տնկեմ հասկե՛ր մի բուռ հողիս վրա:

 

Նարինե ԱՎԱԳՅԱՆ

 

♦♦♦

 

ԵԼԵԼ Է ՀԱՅԸ

 

Զարկե՛նք փողերը, օ՛ն, առաջ երթանք,

Էլ ետ դառնալու չկա ճանապարհ,

Մեր երթը դժվար` փորձությունով լի,

Սակայն գործն է սուրբ` նպատակը օրհնյալ:

 

Ուրեմն, եղբայրք, էլ չհապաղենք,

Երկնչելն է մահ, կորուստը ազգի,

Բարեկամը՝ մեկը… թշնամին` հազար,

Լինել-չլինելու խնդիր է հիմա…

 

Հայրապետ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ազատամարտիկի հայր

 

♦♦♦

 

ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ

 

Քանի դեռ ջուր կա ջրհորում,

կարող ես ծարավից չմեռնել,

կարող ես ծարավը քո խմել՝

հայացքդ վերջին կաթիլին:

…Տունդարձի ավետիս կլինի,

ջրհորը կծփա լիուլի,

քանի տուն՝ դուռը բաց ու անքուն,

կհարբի, կցնծա, կտոնի…

Եթե՝ ոչ, վերևում ինչ-որ տեղ,

հենց սրտից մայրակերպ մի աստղի

կարոտի աղբյուր կբխի,

որ ոչ ոք այլևս չի խմի:

 

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

 

Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Հոգևոր-մշակութային


12/05/2016