ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
«Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք: Եվ եթե ինչ-որ բան պատահի՝ չլացեք»,- սա եղել է Վիկտոր Յուզիխովիչի վերջին հեռախոսային հաղորդագրությունը՝ ուղղված իր հորը: Նա մեկն էր այն հերոսներից, ովքեր զոհվեցին Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի ժամանակ: Բռնցքամարտիկ էր: Սովորել էր Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցում, նվաճել էր բազմաթիվ մեդալներ, հասցրել էր Հայոց եռագույնը ծածանել միջազգային մրցաշարերում:
Նրա պապը ուկրաինացի է, տատը՝ հայուհի: Իսկ ինքն ամուր կառչած էր իր հայկական արմատներին: Սիրում էր հայոց հողն ու երկիրը: Սիրում էր զտարյուն հայի նման: Եվ այդ անսահման սերը նա ժառանգել էր իր ծնողներից: Երազում էր ծառայությունը շարունակել և դառնալ հետախույզ: Չհասցրեց: Զոհվեց Թալիշում թեժ մարտերի ժամանակ՝ տիրոջ ինքնազոհությամբ պաշտպանելով Արցախի սահմանը:
…Վիկտոր Յուզիխովիչի և նրա զինակից ընկերների կիսատ թողած գործը պատրաստ է շարունակելու ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում ծառայող բարձրաստիճան սպա, մայոր Սերգեյ Տիմչենկոն, որ, չունենալով հայկական արմատներ, անսահման նվիրված է Հայաստանին: Եվ ամեն վայրկյան պատրաստ է կանգնելու հայ զինվորի կողքին և նրա հետ ուս ուսի դիմակայելու դարանակալ թշնամուն: Ես բախտ ունեցա կարճատև զրույց ունենալու երիտասարդ սպայի հետ, որից անմիջապես հետո նա մեկնել էր առաջնագիծ.
-Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները բնորոշող խոսքեր չկան,- ասում է մայոր Տիմչենկոն:
-Արդյոք զինվորականը կարո՞ղ է իրեն թույլ տալ կտրելու զոհվածի գլուխը, անդամահատելու դիակները…Սա ահաբեկիչներին բնորոշ գործելակերպ է, «Իսլամական պետության» զինյալների ձեռագիրը: Մենք պետք է լինենք զգոն՝ պատրաստ դիմակայելու յուրաքանչյուր սադրանքի,- ընդգծում է ուկրաինացի սպան:
-Պարո՛ն Տիմչենկո, այս օրերին հրապարակվում են զոհված ադրբեջանցիների լուսանկարները: Եվ, մասնագետների կարծիքով, նրանցից շատերն իրենց դիմագծերով ամենևին էլ նման չեն էթնիկ ադրբեջանցիների,- հարցնում եմ:
-Պարզապես նրանցից շատերը վարձկաններ են, որոնց միջոցով Ադրբեջանը փորձում է իրականացնել իր ռազմական նկրտումները: Ադրբեջանական իշխանությունները հիմնականում առաջնագիծ են ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
-Առհասարակ, երբ Հայաստանը վտանգի մեջ է, մեր ազգային փոքրամասնությունները մեկ մարդու նման կանգնում են Հայաստան-պետության կողքին. մի բան, որ ուրիշ երկրներում հազվադեպ կտեսնենք…
-Դրա հիմքում ընկած է պետության հոգատար վերաբերմունքը այլազգիների հանդեպ: Հայաստանը մեր հայրենիքն էլ է: Եվ մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, ինչպես հայը,-ասում է նա՝ չսպասելով, որ ավարտեմ հարցս:
Նշենք, որ մայոր Սերգեյ Տիմչենկոն ծնվել է 1980 թվականին, Երևանում: 1997թ.-ից մինչ օրս ծառայում է ՀՀ ԶՈՒ շարքերում: Ծառայել է տարբեր զորամասերում, նաև՝ Քարվաճառում: Սպայական կրթությունն ստացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ամուսնացած է, ունի 3 երեխա՝ 2 դուստր և 1 որդի, որոնց մեջ սերմանում է Հայաստանին նվիրված քաղաքացիներ դառնալու գաղափարը: Իսկ ինքն այդ քննությունը վաղուց պատվով է հանձնել:
Ազգերի բարեկամությունը ձևավորվում է նրա և Վիկտոր Յուզիխովիչի նման նվիրյալների շնորհիվ, որոնց մասին չխոսել հնարավոր չէ:
-Ես նրան ճանաչելու առիթ չեմ ունեցել, քանի որ այլ զորամասում էր ծառայում,-ասում է մայոր Սերգեյ Տիմչենկոն:- Բայց մեծ ցավ եմ ապրում Վիկտորի և մյուս զոհված զինվորների համար: Նա իր մահով ավելի մոտեցրեց մեր երկու ժողովուրդներին…
-Իսկ ի՞նչ կմաղթեք այս պահին սահմանում կանգնած զինվորներին:
-Նախ` կուզենայի նշել, որ չորս օր տևած պատերազմի ժամանակ մեր ժողովուրդը դրսևորեց մեծ հայրենասիրություն և միասնություն թե՛ թիկունքում և թե՛ առաջնագծում: Հենց դրա շնորհիվ էլ թշնամին լռեց: Մեր զինվորներին կմաղթեմ առողջություն, խիզախություն: Մենք հաղթելու ենք:
Հ. ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Ազգային բանակ