ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է ազդարարման միասնական համակարգ ստեղծելու մասին: Այսօր Հայաստանի շատ համայնքներում կան նման համակարգեր: Ազդարարման համակարգը քաղաքացիական պաշտպանության կարեւոր բաղադրիչներից է: 2015 թվականին Տավուշի մարզի 62 համայնքից (46-ը՝ սահմանամերձ) 21-ը միացվեց ազդարարման կենտրոնացված համակարգին:
Ազդարարման միասնական համակարգ ունենալու օրենսդրական հիմքը ստեղծված է. ընդունվել է ավելի քան մեկ տասնյակ իրավական ակտ, ակտիվ համագործակցություն կա միջազգային կառույցների հետ Հայաստանի համայնքներում ազդարարման համակարգեր տեղադրելու նպատակով: Ազդարարման համակարգը ձեւավորելու գործում առաջնային է մեր համաքաղաքացիների ուսուցումը, որովհետեւ ազդարարման համակարգը կարող է արդյունավետ լինել, եթե քաղաքացին գիտե, թե այս համակարգով տրված որ ազդանշանը ինչ է «ասում»՝ ինչ աղետ է, եւ ինչպես վարվել նման իրավիճակում:
Ազդարարման ազդանշաններ
2005 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատել է հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը, իսկ 2012 թվականի փետրվարի 2-ին հստակ սահմանել քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի ու ազդարարման համակարգեր հիմնելու և դրանց բնականոն գործունեության ապահովման հիմնական ուղղությունները: Ըստ այդ փաստաթղթերի՝ Հայաստանում ազդարարման ազդանշան է տրվում հետեւյալ դեպքերում. օդային տագնապ, օդային տագնապի ավարտ, ճառագայթային վտանգ, քիմիական տագնապ, աղետալի ջրածածկում, հակառակորդի հարձակման սպառնալիք: Ազդարարման ձայնային ազդանշանները, սակայն, երկուսն են` «Օդային տագնապ» («Օդային տագնապի ավարտ») եւ մնացած բոլոր դեպքերում`ճառագայթային վտանգ, քիմիական տագնապ, աղետալի ջրածածկման վտանգ, հակառակորդի հարձակման սպառնալիք, «Ուշադրություն բոլորին»:
«Օդային տագնապ» ազդանշանը տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից տվյալ բնակավայրի (տարածքի) վրա օդային հարձակման անմիջական սպառնալիք կա:
«Օդային տագնապի ավարտ» ազդանշանը տրվում է բնակչությանը նախազգուշացնելու համար` հակառակորդի կողմից տվյալ բնակավայրի վրա (տարածքին) հարձակման սպառնալիքը վերացել է:
Երկու դեպքում էլ ազդանշանը նույնն է. էլեկտրաշչակների ընդհատվող (տատանվող) ձայն (2-3 րոպե տևողությամբ): Այս ձայնին զուգահեռ բարձրախոսներով տրվում են հստակ հրահանգներ` «Պատսպարվել պաշտպանական կառույցներում», «Դուրս գալ պաշտպանական կառույցներից» եւ այլն:
«Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվում է արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական սպառնալիքի դեպքում:
«Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների չընդհատվող ձայն (2-3 րոպե տևողությամբ): Այս ձայնին զուգահեռ, տրվում է «Ուշադրություն բոլորին…» բովանդակությամբ տեքստային հաղորդագրություն: Օրինակ` «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…», «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում… թաղամասերին… շենքերին…», «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Մանրէաբանական վտանգ է սպառնում հետևյալ տարածքներին…», «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին… տներին…»:
Բնակչությունը պետք է խստորեն հետեւի ազդարարման նշաններին եւ տրվող հրահանգներին:
«Օդային տագնապ» («Օդային տագնապի ավարտ») եւ «Ուշադրություն բոլորին» ազդանշանները կարելի է լսել արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի «Ազդարարման ազդանշանները և դրանց հետ կապված միջոցառումները» բաժնում` www.mes.am/hy/harcer:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Բանակ և հասարակություն