Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐՆ Է



ՀԱՅՐԵՆԻՔԸ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐՆ ԷOրս մի առանձնահատուկ լիցք ու ոգեղենությամբ լցվեց. գնացել էի այցելելու Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի վիրավոր զինվորներին: Ասում են՝ հրաշքներ չեն լինում, բայց հայ բժիշկների ձեռքով անհնարինը դառնում է հնարավոր: Բաժանմունքում այս պահին բուժվող զինվորները ծանր վիրահատություններից հետո ոչ թե ապաքինվել, այլ հրաշքով ողջ են մնացել: Քույրս այդ բաժանմունքում որպես բուժքույր է աշխատում, և ես ամեն օր տեղեկանում էի նրանից զինվորների առողջության մասին: Դեռ անցյալ շաբաթ էի ուզում նրանց այցելել, բայց քույրս ասաց, որ ոմանք դեռ անկողնային, ոմանք կիսաանկողնային վիճակում են, լավ կլինի՝ սպասեմ: Բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սևակ Շահբազյանի թույլտվությամբ այցելեցի զինվորներին: Ուզում էի «Խորհուրդն Արքայի» գիրքս նվիրել երիտասարդ, բայց արդեն հերոսության շեմն անցած մեր զինվորներին:

Առաջին հիվանդասենյակ մտնելուց առաջ մի տեսակ հուզմունք ու կաշկանդվածություն կար իմ մեջ. չգիտեի՝ ինչպես սկսեմ խոսքս: Քույրս փրկեց ինձ, նրա ձեռքի տակ են բուժվել տղաները, և ինքն արդեն անցել էր այն ծանր շրջանը, երբ զինվորների կյանքին վտանգ էր սպառնում: Հիվանդասենյակում ջահելական աշխուժություն էր տիրում. ինձ նույնիսկ սկզբում չնկատեցին: Քույրս երկու խոսքով ներկայացրեց ինձ, մի երկու րոպե մնաց ինձ հետ, հետո գնաց «սիստեմաներին» հետևելու: Տղաների անկաշկանդ խոսքն ու ծիծաղն ինձ քաջալերեցին. իրենց խոսքով՝ ոգիները տեղն է: Երկու խոսքով ներկայացրի գիրքս, դրա ստեղծման պատմությունը: Ամենից շատ նրանց գրավեց այն, որ Արքայից արքա Տիգրան Մեծին տեսել էի երազում ու խորհուրդ հարցրել, թե ինչպե՞ս է ինքը՝ Արքան, այդպես հզոր պահել Հայոց աշխարհը… Եվ բոլորն ուզում էին իմանալ պատասխանը… Բայց, երբ ասացի, որ Արքայից արքան մեզնից էր պատասխան պահանջում, ինձնից էր ուզում իմանալ, թե ի՞նչ արեցինք կամ ի՞նչ չարեցինք, ինչո՞ւ և ինչպե՞ս իր կտակած հզոր երկիրը տկարացրինք …. Տղաներն ասես միաձայն ասացին.

-Ե՛տ ենք բերելու մեր հողերը…

Հետո հայ զինվորի ոգու մասին խոսելիս մի բան հիշեցի, որ հայրս էր պատմել: Պատերազմի ժամանակ՝ մարտից առաջ, զինվորներին հարյուր գրամ սպիրտ էին տալիս՝ ի պետս քաջության: Սպիրտի անմիջական ներգործության տակ զինվորները նետվում էին առաջ, բայց կարճ ժամանակ անց, կորցնելով հավասարակշռությունը, անկանոն շարժումներից հետո կա՛մ իրենք էին ընկնում, կա՛մ հակառակորդի գնդակից էին տապալվում: Իրենց գնդում եղած մի հայ հրամանատար փորձում է արգելել սպիրտը, բայց նրան ասում են, որ ռուս զինվորը սովոր է՝ առանց օղու մարտի չի գնա: Հայ զինվորները հենց սկզբից հրաժարվում են և՛ սպիրտից, և՛ օղուց: Այս պատմությունը տղաներին զվարճալի թվաց, ու հետո ծիծաղելով, թե՝ մեր «ալկոհոլը»՝ ոգելիցը, մեր մեջ է…

Տղաների կողքին էին նաև այցելության եկած ծնողներն ու հարազատները: Նելսոնը արցախցի պայմանագրային զինծառայող է: Մարտի դաշտից դուրս բերելիս կարծել են՝ մահացել է, բայց, բարեբախտաբար, երբ մի վերջին անգամ ստուգել են զարկերակը, հազիվ տրոփել է: Հրաշքով են մեր վիրաբույժները կյանքի կոչել նրան: Այսօր առույգ, հումորով ու մարտի դաշտ գնալու վճռականությամբ է լցված: Ասում է. «Թորքը հո՞ւվ ա, վեր մըզ հաղթի…»: Վարդենիսցի պայմանագրային Ալբերտը սպասում է՝ լավանա, դիրքեր գնա. «Իմա՞լ կեղի. մենք նստենք տունն, թուրքը գա մեր ճժերին փրթա՞…»: Վահանը բարձրահասակ, տիպիկ հայի դիմագծերով պայծառ երիտասարդ է. Պետերբուրգից է եկել հայրենիքին իր պարտքը տալու: Նույնպես մի քանի ծանր վիրահատություն է տարել: Ասում է. «Բա՜, հայը ո՞ւմ բանակում պիտի ծառայի… Հայը հայոց բանակում պիտի ծառայի ու իր հողը պաշտպանի…»: Վաչիկը թեև համեստորեն լուռ է, բայց, որ պետք է, բռնկվում է ու պոռթկում: Նա հայի է՛ս տեսակն է… Էդիկը բարձրահասակ, լուրջ դեմքով տղա է. ոտքի ծանր վիրահատություն է տարել: Էդգարը սևուկ, սիրուն տղա է, հումորը շուրթերին, բայց ծիծաղելիս դեռ ցավեր ունի: Բենիկը արծվենի քթով, ժպտերես երիտասարդ է, ձախ ձեռքի վնասվածք է ստացել: Ձեռքը բժիշկները փրկել են: Արմենակը բազմաթիվ բեկորային ծանր վերքեր է ստացել. մի քանի օր առաջ են վիրահատել: Տրամադրությունը նույնպես լավ էր: Գիրքս նվիրեցի՝ յուրաքանչյուրին իր անվամբ ընծայագրելով, բայց ընդհանուր մի բովանդակությամբ՝ «Խոնարհումս քեզ, հայ Զինվոր: Դո՛ւ ես Մայր հողի, Հայրենիքի, Հայրենի օջախի պաշտպանը: Հայրենիքը պաշտպանելուց ավելի սուրբ գործ չկա: Հայրենիքը Զինվորի համար Մայր է, որին պարտավոր է պաշտպանել: Իմ Հերո՛ս Զինվոր, թող քեզ ամբողջ կյանքում ուղեկցի Մեծն Տիգրանի հաղթանակների խորհուրդը: Հայոց սուրբ հողերի վերադարձի անխախտ հավատով մաղթում եմ Խաղաղություն Հայոց Երկրին ու ողջ աշխարհին»:

Այս խոհերն ու մտորումները ես ունեցա ընդամենը երկու ժամ տեսնելով ու զգալով մեր զինվորի և՛ հաղթական ոգին, և՛ նրա կրած ծանր վերքերի ցավը: Ապրիլի երկուսից՝ լայնածավալ ռազմական գործողությունների օրվանից, երկու շաբաթ աշխատել է զորանոցային ռեժիմով. գիշեր-ցերեկ բժիշկները չեն բացակայել բաժանմունքներից: Հոսպիտալի ընդհանուր վիրաբուժության և վնասվածքաբանության՝ տրավմատոլոգիայի բաժանմունքներն արեցին հնարավորն ու անհնարինը՝ կյանք պարգևելով երիտասարդ զինվորներին և նվազեցնելով նրանց հաշմանդամությունը: Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, շնորհակալ եմ նաև Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժիշկ-բուժաշխատողներին՝ նրանց անձնվեր ու սրտացավ աշխատանքի համար:

Հաղթանակ մեր զինվորին, մեր բանակին:

 

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Բանակ և հասարակություն


19/05/2016