ՊԱՐՏՔ, ԳԻՏԵԼԻՔ, ՊԱՏԻՎ
-Սովորել եմ ՌԴ հրետանային համալսարանում: Երկրորդ կուրսում դիմեցի համալսարանի ղեկավարությանը` զինվորական կրթությանը զուգահեռ նույն քաղաքի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում ուսանելու խնդրանքով: Մտածում էի՝ սպան պետք է նաև լավ հոգեբան լինի:
-Երկու բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ կարմիր դիպլոմով ավարտած՝ վերադարձաք հայրենիք: Այդքանը բավարա՞ր էր լավ զինվորական դառնալու համար…
– Սպան կայանում է ծառայության ընթացքում, զորքերում, երբ թաթախվում և թրծվում է գործի մեջ: Ծառայության նշանակվեցի առաջատար զորամասերից մեկում` որպես մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար: Առաջին անգամ մտա զորքեր…. Չեմ մոռանում. բրիգադի հրամանատարը անհատական զրույցից հետո, ձեռքը պարզելով մի ուղղությամբ, ասաց` ահա քո մարտկոցը, գնա և ղեկավարիր:
Թե ինչ էր կատարվում այդ պահին իմ հոգում, կհասկանա միայն առաջին անգամ զորքեր մտնող երիտասարդ, անփորձ լեյտենանտը: Մի քանի րոպեների ընթացքում երևի հազար տարբերակ մտածեցի ու քննարկեցի՝ ոնց մոտենամ զինվորներին, ինչ ասեմ, ինչ խոսեմ…
-ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը սահմանում է, որ զինծառայության սկզբում զինծառայողը կարիք ունի հատուկ ուշադրության:
-Նախքան զորակոչն ընդունելը մեր զորամասում հրահանգչամեթոդական աշխատանքներ են տարվում բոլոր սպաների հետ, ևս մեկ անգամ ծանոթացնում են հարմարման փուլի առանձնահատկություններին: Նոր միջավայրը, կանոնակարգված ռեժիմը սկզբնական շրջանում, ինչ խոսք, դժվար հաղթահարելի են նորակոչիկների համար: Ու մասնագիտական աջակցությունից զատ, հարազատի հոգատարություն և սրտացավություն է անհրաժեշտ: Մինչ օրս էլ երախտագիտությամբ և սիրով եմ հիշում կապիտան Արմեն Մեժլումյանին, նա մարտկոցիս հրամանատարն էր: Նա ինձ սովորեցրեց բաներ, որոնք բուհում չեն անցնում, և այսօրվա հաջողություններիս համար նրան շատ եմ պարտական:
-Իսկ Ձեր զորացրված զինվորները հիշո՞ւմ են Ձեզ:
-Հիշում են: Հայաստանում չկա որեւէ անկյուն, որտեղից ինձ մոտ ծառայած տղաներ չլինեն, հիմա, ուր էլ որ գնամ, հարգանքով եւ ուրախությամբ են դիմավորում ինձ: Հաճախ են զանգահարում: Հեռախոսիս մեջ եթե «Զ» տառը սեղմեք, նախկին զինվորներիս հեռախոսահամարները կբացվեն: Ծայրը չես գտնի…
-Դուք նշեցիք, որ նաեւ հոգեբան եք, հետաքրքիր է՝ ինչպե՞ս կդասակարգեիք մեր զինվորներին ըստ մտածելակերպի և վարքագծի:
– Ինքնատիրապետման, էմոցիոնալ եզրույթներից ելնելով, ինչը մեծապես պայմանավորված է մարդու բնօրրանով և, առհասարակ, այն սոցիալական մթնոլորտով, որում նա ձևավորվել է, հայ զինվորներին կարելի է դասակարգել երեք խմբի: Առաջին խմբում են այն զինվորները, որոնք սովոր են ամենօրյա կյանքում գործել նպատակաուղղված և հենվում են տրամաբանորեն կշռադատված հետևությունների վրա: Երկրորդ խմբում ես կդասեի այն զինվորներին, որոնք նախընտրելիորեն հետևում են իրենց զգացմունքներին և կրքերին, ապա միայն գիտակցելով պահի լրջությունը՝ ընդունում ճիշտ որոշումներ: Իսկ երրորդ խումբը կարծես այս երկու խմբերի միավորումն է, սինթեզը:
– Հաշվի առնելով Ձեր երկարամյա փորձը զորքերում եւ նաեւ հոգեբանական մոտեցումը, հետաքրքիր է` ի՞նչն եք կարևորում սպա-ենթակա հարաբերություններում:
-Զինվորի վստահությունը սպայի հանդեպ, որի նախապայմանը սպայի արդարամտությունն է ու բոլոր զինվորներին հավասար աչքով նայելը: Միայն գնահատված, արժևորված զինվորը կարող է գիտակցելով ուժ գտնել իր մեջ` հաղթահարելու ծառայության դժվարությունները և պատվով կատարելու իրեն տրված հրամանները: Այսպիսի պայմաններում ծառայող զինվորը մտածում է` «Ես չեմ կարող խախտել զինվորական կարգուկանոնը, քանի որ չեմ ուզում վհատեցնել և հուսահատեցնել հրամանատարիս»: Երբ հրամանատարը կանգնում է շարքի առջև, զինվորը պետք է վերափոխվի, պետք է մի ցանկություն ունենա՝ մտքերով, քայլերով, արարքներով նմանվելու հրամանատարին, հավատա և վստահի հրամանատարի ամեն խոսքին ու առանց վարանելու գնա նրա ետևից:
-Պարոն փոխգնդապետ, իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս վերաբերվել «դժվար դաստիարակվող» զինվորներին:
-Ժողովուրդն ասում է՝ նմանը նմանին է գտնում. ծառայության սկզբնական փուլում միևնույն բարքերով զորակոչիկները սովորաբար համախմբվում են: Նախկին տեսակետները և համոզմունքները, իհարկե, միանգամից չեն վերանում: Յուրաքանչյուր հրամանատար, կատարելագործելով առկա դաստիարակչական մեթոդները, կարող է հասնել ցանկալի արդյունքի: Հրամանատարները պարտավոր են անհատական և տարբերակված մոտեցումներով փոխել բացասական կարծրատիպերը, իսկ երբեմն ողջ արժեհամակարգը՝ հենվելով զինվորի դրական կողմերի վրա և ստեղծելով առողջ միջավայր: Իմ տեսակետով՝ անուղղելի ենթականեր կամ ինչպես բանակում ընդունված է ասել՝ «վատ զինվորներ» չեն լինում, լինում են չկայացած կամ պարփակված անհատականություններ, ուղղակի անհրաժեշտ է հասկանալ սխալ վարքագծի դրդապատճառները և ճիշտ ուղու վրա դնել. չէ՞ որ նրանք դեռ կայացման տարիքում են:
-Դուք էլ ծնող եք: Կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել Ձեր երեխաներին:
-Իմ բոլոր հաջողությունների ակունքը ընտանիքս է: Ընտանիքս միշտ իմ թիկունքին է: Երկու զավակ ունեմ` տղա և աղջիկ, հազար պլան եմ գծում՝ երեխաներիս համար այս կանեմ, այն կանեմ, բայց հաճախ չեմ հասցնում….
♦♦♦
Բազմաթիվ մեդալներն ու պատվոգրերը փոխգնդապետ Հակոբ Գևորգյանի նվիրված աշխատանքի գնահատականն են: Սակայն երիտասարդ սպայի համար պակաս կարևոր չէ իր 10-ամյա որդու՝ Գագիկի «գնահատականը»՝ «Տղաս որոշել է զինվորական դառնալ»,- հպարտությամբ ասում է փոխգնդապետը:
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Ազգային բանակ