Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԽԻ՛Ր ԱԳՐԵՍԻԱՆ, ՎԵՐԱՀՍԿԻ՛Ր ԻՐԱՎԻՃԱԿԸ



ԿԱՆԽԻ՛Ր   ԱԳՐԵՍԻԱՆ, ՎԵՐԱՀՍԿԻ՛Ր ԻՐԱՎԻՃԱԿԸՍա է «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի նշանաբանը: Այս կենտրոնի և նրա հիմնադրի մասին շատ է գրվել, նկարահանվել են ֆիլմեր, տեսանյութեր: Շատերին է հայտնի հայկական նոր տիպի մարտարվեստի հիմնադիր Գևորգ Գևորգյանի անցած ուղին, որ 14 տարեկանից կամավորագրվել Է ՀԱԲ-ին,  մեկնել Արցախ: Նա սկզբում գուցեև պատանեկան տաքարյունությամբ, իսկ այնուհետև հասուն համոզմունքով նվիրվել է ուժի, մտքի ու ոգու  եռամիասնության գաղափարին և Արցախյան պատերազմին՝ որպես հետախույզ, իր մասնակցությամբ յուրահատուկ իմաստ է հաղորդել այս գաղափարին: Զինադադարի կնքումից հետո մինչև մեր օրերը Գևորգյանը չի դադարեցրել մտորումները մարտարվեստի ազգային ակունքների մասին, որոնք նրան  բերեցին այն եզրահանգման, որ ինչպես արևելյան մարզաձևերի դեպքում, մեր այբուբենի տառերը նույնպես հուշումներ են, թե ի՞նչ հնարավորություններ ունի մարդկային մարմինը՝ որպես եռամիասնության տարր: «Շարժումը կյանքն է,- ասում է Գևորգյանը,- ճկուն շարժումը՝ երիտասարդությունը: Հայոց գրի մեջ սահունություն կա, շարժում կա, ու այդ պատճառով հայոց գիրը հենց կյանքն է, որ կա: Ցանկացած բան անելիս՝ գրելիս, քայլելիս, խոսելիս, աշխատելիս, ինչպես նաև հակառակորդի հետ առերեսվելիս տվյալ անձը ոչ թե սկսում է պաշտպանվել, հարձակվել, հնարքներ բանեցնել և այլն, այլ անընդհատ շարժվում, առաջ է գնում: Այս դեպքում հակառակորդը, որ կարող է ինչպես իրական մարդ լինել, այնպես էլ որոշակի խնդիր, կամ ասենք՝ ներքին բախում, նահանջում է»:

Ըստ Գևորգյանի՝ մարտարվեստն ունի իր աշխարհընկալումը, գաղափարախոսությունն ու իր գենետիկ կոդը. «Պատահական ոչինչ չի լինում, ինչպես, օրինակ, երաժշտության դեպքում.  երբ սկսում ես զգալ, ճանաչել նոտան, կարողանում ես տարբեր եղանակներ, տարբեր երաժշտություն նվագել, որ բխում է քո աշխարհընկալումից,  զգացմունքներից: Նույնպես և՝ մարտարվեստի դեպքում»:

Այժմ Գևորգյան մարտարվեստի դպրոցը սաներ է ընդունում ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլև՝ արտասահմանյան երկրներից: Վերջին 2.5 տարվա ընթացքում այստեղ ուսանել է արտասահմանից ժամանած ավելի քան 80 սան: Այն հարցին, թե ինչն է նրանց գրավում այստեղ, Գևորգյանը պատասխանում է. «Նրանք տարբեր աղբյուրներից իմանում են մեր դպրոցի մասին ու ցանկություն հայտնում դասեր ստանալու: Ինչպես իրենք են ասում. սա հենց այն է, ինչ փնտրում էին: Իսկ ընդհանրապես, ուսուցման մեր համակարգն այնպես է ծրագրավորված, որ այստեղ յուրաքանչյուր անձ հնարավորություն է ստանում անջատվելու առօրյա խնդիրներից ու պարզապես վայելելու իր մարմնի աշխատանքը, վերագտնելու իր շարժունակությունը, հավասարակշռությունն ու ներդաշնակությունը, ինչն էլ իր հերթին չի կարող անմիջական ազդեցություն չթողնել նաև անձի ընդհանուր ինքնազգացողության, տրամադրության և կենսունակության վրա: Մարտարվեստը պարարտ հող է, որից առողջ հունդեր են ծնվում: Մեր աշխատանքը մեր սաների ներսում գտնվող հողը մշակելը, փխրեցնելը և առողջ հունդեր ցանելն է»:

ԿԱՆԽԻ՛Ր   ԱԳՐԵՍԻԱՆ, ՎԵՐԱՀՍԿԻ՛Ր ԻՐԱՎԻՃԱԿԸԳևորգյան մարտարվեստի դպրոցը բազմաճյուղ ուսուցման համակարգ է ենթադրում: Այստեղ կազմակերպվում են ինչպես երիտասարդական տարաբնույթ ծրագրեր, որոնց նպատակը մատաղ սերնդի դաստիարակությունն է, այնպես էլ առողջարարական,  մարտական-ռազմական դասընթացների անցկացումը, որոնց ընթացքում, անկախ տարիքից ու սեռից, սաները ստանում են հիմնավոր մարտավարական գիտելիքներ ու հմտություններ: Այստեղ պարբերաբար անցկացվում են նաև առողջ ապրելակերպի տարբեր կողմերին նվիրված դասընթացներ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ:

Չդադարեցնելով մարտարվեստի դպրոցում ընթացող պարապմունքները՝ Գևորգ Գևորգյանն իր համախոհների հետ ոչ միայն հետևում է արցախյան այսօրյա զարգացումներին, այլև հաճախակի մեկնում է առաջնագիծ: Դպրոցի բարենորոգումների շրջանակներում կենտրոնի ղեկավարը նախատեսել է սաների համար հատուկ հրաձգության համար վարժասենյակ բացել:

Չորս տարի է, ինչ դպրոցում գործում է «Ազատամարտի մասնակիցների միավորում» (ԱՄՄ) կրթական կառույցը, որը ռազմամարտական գիտելիքներ է փոխանցում երիտասարդներին և ընդհանրապես դպրոցի բոլոր սաներին: Ընդ որում, դասավանդող ազատամարտիկների շարքում են ներկայումս հայկական բանակում ծառայող զինվորականներ, որոնք, ունենալով Արցախյան ազատամարտի մասնակցի փորձառություն, նաև քաջատեղյակ են  կիրառվող արդի զինտեխնիկայի առանձնահատկություններին:

ԿԱՆԽԻ՛Ր   ԱԳՐԵՍԻԱՆ, ՎԵՐԱՀՍԿԻ՛Ր ԻՐԱՎԻՃԱԿԸԱյս օրերին դպրոցը հատկապես ակտիվ է գործում, քանի որ դիմորդների թիվը կտրուկ շատացել է՝ կապված  սահմանին ստեղծված իրավիճակի հետ: Դպրոց են դիմում նաև նրանք, ովքեր ջոկատներ են կազմել և ուզում են որոշակի ռազմական գիտելիքներ ու հմտություններ ստանալ մինչև առաջնագիծ մեկնելը: Նրանք հիմնականում մասնակցում են ռազմամարտական ընդհանուր դասընթացներին, որոնք երեք փուլով են անցկացվում. առաջինը ֆիզիկական պատրաստությունն է, երկրորդը՝ ընդհանուր ռազմամարտական տեսական գիտելիքների փուլը, որի ընթացքում մասնակիցները համապատասխան հմտություններ են ստանում՝ սկսած խրամատ փորելուց, վերջացրած կրակային պատրաստությամբ: Իսկ երրորդ փուլն այս բոլորի գործնական ամփոփումն է, որն  էլ իրականացվում է պաշտպանության նախարարության աջակցությամբ՝ որոշ զորամասերի զորավարժարաններում:

Անդրադառնալով դպրոցի սաներին՝ Գևորգյանը հպարտությամբ է նշում, որ նրանցից մի քանիսը հենց այս պահին առաջնագծում մարտական ծառայություն են իրականացնում.  «Երբ էլ հետները խոսես, միշտ մարտական ոգին բարձր է, հակված են հաղթելու ու ապրելու: Միաժամանակ, ասեմ՝ նրանք տրամադրված են խաղաղության, որը վերջնական կլինի, երբ հաղթանակն էլ վերջնական ու մեզ համար գոհացուցիչ կլինի: Հենց սա էլ անձի ներուժի և վստահության ամենակարևոր վկայությունն է, որ մեր այսօրվա սահման պահող տղաներից շատ շատերի մեջ կա, ու հակառակորդը գիտի այդ: Սա էլ հենց թշնամու ագրեսիան զսպելու և իրավիճակը վերահսկելու կարևորագո՛ւյն գործոնն է»:

ԿԱՆԽԻ՛Ր   ԱԳՐԵՍԻԱՆ, ՎԵՐԱՀՍԿԻ՛Ր ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԿԱՆԽԻ՛Ր   ԱԳՐԵՍԻԱՆ, ՎԵՐԱՀՍԿԻ՛Ր ԻՐԱՎԻՃԱԿԸ

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Բանակ և հասարակություն


19/05/2016