Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ´ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ



Հայաստանի ԶՈՒ ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանի խոսքով, եթե Ադրբեջանն իր ռազմական ավիացիան զարգացնում է հարձակման համար, ապա Հայաստանը`՝ պաշտպանության։ Ադրբեջանը շեշտը դրել է սպառազինության քանակի վրա և մեծ միջոցներ է ծախսում ռազմական նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Սակայն դա արվում է ավելի շուտ քարոզչական խնդիրներ լուծելու, քան` ռազմական առավելության հասնելու նպատակով:

Գնդապետ Մկրտչյանի կարծիքով, ադրբեջանական ավիացիայի հնարավորությունները գերագնահատել պետք չէ, քանի որ, նախ, Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկան, որպես կանոն, բարձրորակ չէ։ Օրինակ` ադրբեջանական կողմն ունի 45 միավոր «МИГ-25» ինքնաթիռ, բայց դրանք այնքան հին են, որ որպես կործանիչներ` կորցրել են իրենց նշանակությունը:

Երկրորդ, Ադրբեջանը չունի ռազմական ավիացիայի բարձրորակ մասնագետներ և առայժմ չի կարողանում հաջողության հասնել կադրերի պատրաստման գործում: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է մասնագետներ պատրաստել Թուրքիայում, որի լեռնային տեղանքը նման է Հայաստանի աշխարհագրական պայմաններին: Սակայն թուրքական բանակը զինված է ՆԱՏՕ-ի զինատեսակներով, որոնց մարտավարական-տեխնիկական ու ռազմավարական բնութագրերը էապես տարբերվում են Ադրբեջանի ունեցած զինատեսակների բնութագրերից: «Այսինքն` Ադրբեջանը ձեռք է բերում մի տեսակի ինքնաթիռ, բայց իր օդաչուին սովորեցնում է պատերազմել այլ տեսակով»,– ասում է Ա.Հհովհաննիսյանը:

Նա հիշեցնում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանը ռազմական տեխնիկայի հսկայական առավելություն ուներ և, բացի դրանից, այն տարիներին ադրբեջանական բանակում ծառայում էին աֆղանական պատերազմով անցած փորձառու ռազմական օդաչուներ, որոնք այրդեն զորացրվել են։

Փորձագետի համոզմամբ, Ադրբեջանը սեփական ուժերով ռազմական օդաչուներ պատրաստելու համար պետք է մի քանի տարի շարունակ հսկայական ծավալի աշխատանք իրականացնի, սակայն Ադրբեջանում դեռ չեն մշակել նույնիսկ ավիակադրերի պատրաստման հստակ ծրագիր և չեն կարողանում կողմնորոշվել` թուրքակա՟ն դպրոցը ներդնել, թե՟ շարունակել նախկինի` խորհրդայինի ավանդույթները:

Երրորդ, Ադրբեջանի ռազմական ավիացիան, ի տարբերություն գերտերությունների ավիացիաների, ունակ չէ գործողություններ իրականացնելու մյուս զորատեսակներից մեկուսի: Եւ դեռ հարց է, թե ադրբեջանական ռազմական ավիացիան ի՟նչ արդյունավետությամբ կարող է աջակցել Ադրբեջանի բանակի մյուս զորատեսակներին: Եթե նկատի առնենք վերոնշյալ թերությունները, ապա պետք է ենթադրել, որ այդ արդյունավետությունը չի կարող մեծ լինել:

Չորրորդ, ադրբեջանական ավիացիայի և ընդհանրապես զինված ուժերի զարգացումը խոչընդոտում են ադրբեջանցի պաշտոնյաների եսասիրությունը, անձնական հավակնություններն ու պետական շահը անձնականին ստորադասելը: Այսպես, Ա.Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանի պաշտպանության և ռազմարդյունաբերության նախարարությունները հաճախ պայմանագրեր են կնքում` անտեսելով մեկը մյուսի շահերը: Պատճառն այն է, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հետամուտ են անձնական բիզնես-շահերին:

«Նրանց կնքած պայմանագրերը եւ գործընկեր երկրների աշխարհագրությունը հուշում են, որ Բաքուն գնում է արաբական շատ երկրների հետքերով, որոնք ռազմական տեխնիկայի և սպառազինության յուրաքանչյուր ցուցահանդեսում խոշոր գնումներ են կատարում, բայց ձեռք բերված տեխնիկան օգտագործող մասնագետներ չունեն»,- ասում է ռազմական փորձագետը։

Նրա խոսքով, պատմությունը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների դեպքում նման պետությունների ճակատագիրը կանխորոշված է լինում, իսկ նրանց ունեցած սպառազինությունը դառնում է հակառակորդի ռազմավար: Դրա օրինակն է հենց Արցախյան պատերազմը, որի ժամանակ ագրեսորը` Ադրբեջանը, հայկական բանակին թողեց մեծ քանակի սպառազինություն: «Կար ժամանակ, երբ մեր բանակի մատակարարման հիմնական միջոցը Ադրբեջանն էր»,– հիշեցնում է Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով նաև պատմական այլ օրինակներ` արաբա-իսրայելական պատերազմները, 2002թ. Իրաքի պարտությունն ու նրա ռազմական տեխնիկան ԱՄՆ-ին որպես ռազմավար հանձնելը:

Հայկական ռազմական ավիացիայի առավելություններից է, մասնավորապես, հայ օդաչուների մասնագիտական բարձր որակավորումը: «Լեռնային պայմաններում թռիչքներ իրականացնելը բավական դժվար է, եւ եթե օդաչուն այդ պայմաններում կայանում է ինքնաթիռը, համարվում է իր գործի գիտակ»,- ասում է գնդապետ Ա.Մկրտչյանը և՝ նշում, որ հայ օդաչուները արժանացել են միջազգային փորձագետների բարձր գնահատականներին։ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետի տեղակալի խոսքով, Հայաստանի ռազմաօդային ուժեր ծառայության են ընդունվում լավագույնները։

«Բացի դրանից, մեր ռազմաավիացիոն տեխնիկան ավելի շուտ հարձակողական է, քան պաշտպանական։ Հայկական ավիացիան ունակ է գործողություններ իրականացնելու հակառակորդի խորը թիկունքում»,- ասում է Ա.Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի` վերջերս անօդաչու ինքնաթիռներ ձեռք բերելուն, ապա գնդապետ Մկրտչյանի խոսքով, մեր ռազմական տեխնիկան և մասնագետները պատրաստ են և անընդհատ վերապատրաստվում են` անօդաչու ինքնաթիռներ խոցելու համար: Դրանք հիմնականում նախատեսված են հետախուզության համար:

Ա.Մկրտչյանը հավաստիացրեց, որ Հայաստանը ևս ունի անօդաչու ինքնաթիռներ, այն էլ` սեփական արտադրության. «Հայկական արտադրության այդ համակարգերը կարող են գործողություններ իրականացնել նույնիսկ հակառակորդի խորը թիկունքում, քանի որ օպերատիվ խորության համար նախատեսված անօդաչու համակարգեր են»: Գնդապետը հավելում է, որ առաջիկայում Հայաստան կարող է բերվեն նաև արտասահմանյան արտադրության անօդաչու ինքնաթիռներ` հայկականի հետ համեմատելու համար:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական, Տարածաշրջան


20/06/2011