ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ
Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում համաձայն ՀՀ կառավարության հանձնարարականի քննարկվել են պետական միջոցների և կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտությունը:
Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն այլընտրանք չունի:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Հաշվի առնելով նախկինում կատարված արդյունավետ աշխատանքի հսկայական փորձը՝ բարեփոխումները կշարունակվեն այդ հիմքի վրա: Մասնավորապես՝ բարեվարքության ամրապնդում, կադրային ու ծախսային քաղաքականության գործընթացի բարելավում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացում, բյուջետային միջոցների արդյունավետ պլանավորում ու կառավարում, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և ողջ գործընթացի խիստ վերահսկման անհրաժեշտություն: