Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ



ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎՊաշտոնական Մոսկվան մտահոգություն է հայտնել Ռումինիայի հարավում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին օբյեկտի տեղակայման կապակցությամբ: Թեև Վաշինգտոնից վստահեցնում են, որ Standard SM-3 տեսակի հակահրթիռային կայանքների տեղակայումը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չէ, այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 18-ին հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի դիմելու պատասխան քայլերի. «Ռուսաստանն ընդունում է ԱՄՆ ՀՀՊ դեմ հակաքայլերի անհրաժեշտությունը, և այն հարցադրումը, թե ում դեմ են դրանք օգտագործվելու, այս պահին կրկին անգամ չի կորցնում իր արդիականությունը», – ասել է նա: Համապատասխան հայտարարությունով հանդես է եկել նաև ռուսաստանյան արտգործնախարարությունը:

Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի հակասությունը տասնամյակների պատմություն ունի: Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն շարունակել է առաջխաղացումը դեպի արևելք: Միացյալ Նահանգները սկսել է կյանքի կոչել ՀՀՊ գլոբալ համակարգ ստեղծելու ծրագրերը ԽՍՀՄ հետ դեռեւս 1972 թվականի պայմանագրից դուրս գալուց հետո: Սկզբում  ամերիկյան ղեկավարությունը նախատեսում էր մի քանի համակարգ տեղադրել աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ համաշխարհային մարտահրավերների դեմ համատեղ պայքարելու նպատակով, հետո՝ Իրանի և Հյուսիսային Կորեայի հավանական ագրեսիայից պաշտպանվելու համար, սակայն վերջին տարիներին, ըստ փորձագետների, դրանց հիմնական թիրախը սկսում է դառնալ Ռուսաստանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎՌազմական մասնագետների գնահատմամբ՝ Մոսկվան կարող է հակադարձել միջուկային լիցքավորմամբ և 5,5 հազար կմ հեռահարությամբ «Կալիբր» X-101 հրթիռների արտադրության մեծացմամբ: Մինչև 5 մետր ճշգրտությամբ հարվածող այդ հրթիռները գրեթե հնարավոր չէ խոցել, ինչը երևաց Սիրիայում ռուսաստանյան հակաահաբեկչական գործողությունների ժամանակ: Իր հերթին ամերիկյան հրթիռների ցանկացած արձակում կարող է բացահայտվել և կասեցվել նաև վերջերս վերակազմավորված ռուսաստանյան ռազմատիեզերական ուժերի կողմից:

Այս դեպքում Մոսկվան մտահոգված է ոչ այնքան ամերիկյան ռազմական հնարավորություններով, որքան Միացյալ Նահանգների գործելաոճի օրինականությամբ:

Եթե Արևելյան Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման անհրաժեշտությունը Միացյալ Նահանգները պայմանավորում է միջուկային ծրագրերի իրագործման դեպքում Իրանի հնարավոր ագրեսիան կանխելու անհրաժեշտությամբ, ապա միջուկային հարցի շուրջ Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Վաշինգտոնի այդ պատճառաբանությունը դառնում է ոչ իրատեսական, և Մոսկվան կոչ է անում կասեցնելու այս տարածաշրջանում հակահրթիռային համակարգերի տեղակայման ծրագրերը: Բայց ԱՄՆ-ը ոչ միայն չի պատրաստվում կասեցնել, այլ, ընդհակառակը, փորձում է արագացնել գործընթացը, ինչն առաջացնում է Ռուսաստանի ոչ երկիմաստ վերաբերմունքը: Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնարկել է իր արևմտյան գործընկերներին, որ Արևելյան Եվրոպայում՝ Ռումինիայում և Լեհաստանում, այդ համակարգերի տեղակայումը կարող է բերել ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման և առիթ դառնալ սպառազինության նոր մրցավազքի, որին Մոսկվան կտրականապես դեմ է:  Ավելին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է,  որ Ռումինիայում MK-41 կայանքների տեղակայումն արդեն իսկ երկկողմ բոլոր պայմանավորվածությունների խախտում է, քանի որ դրանք պետք է հանվեին ԱՄՆ սպառազինությունից դեռեւս 1987 թվականին ԽՍՀՄ-ի հետ ստորագրված միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի շրջանակներում: Այն ժամանակ ամերիկյան կողմը կարողացել էր պահպանել ռազմածովային ուժերի կողմից «Տոմահավք» հեռահար հրթիռների օգտագործման իրավասությունը:

Ռուսաստանի դեմ ՀՀՊ համակարգի չօգտագործման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները չեն գոհացնում նույնիսկ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին: Ֆրանսիայի խորհրդարանը մայիսի 19-ին իր մտահոգությունն է հայտնել Արևելյան Եվրոպայում ՀՀՊ նոր համակարգերի տեղակայման վերաբերյալ՝ պնդելով, որ նրանց գործարկումը կարող է դառնալ անվերահսկելի և նույնիսկ հակասել Դաշինքի անդամ  երկրների ազգային շահերին: Հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին Միացյալ Նահանգները կփորձի համոզել իր դաշնակիցներին Արևելյան Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղադրման նպատակահարմարությունը: Մինչ այդ՝ մայիսի 18-ին, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Չերնոգորիայի՝ Դաշինքին անդամակցելու վերաբերյալ արձանագրություններ է ստորագրել, ինչը Մոսկվայում նոր ջղաձգումների պատճառ է դարձել:

 

Բագրատ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Տարածաշրջան


25/05/2016