Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՍՆԵՍ Ի՞ՆՉ ԹՌՉՈՒՆ Է…



Սահման պահող այդ շենում էր ապրում Գոհար մայրիկը։ Ապրում էր միայնակ։ Երկու աղջիկ ու մեկ տղա ուներ։ Ամուսնու հետ իրենց արդար վաստակով երեքին էլ բարձրագույն կրթություն էին տվել։ Ուսումն ավարտելուց հետո ամուսնացել, մնացել էին Երեւանում։ Ամուսնու մահից հետո տղան, աղջիկները համոզեցին, Երեւան բերեցին, սակայն մի քանի ամիս հետո նորից վերադարձավ հայրենի գյուղ։ Հարսի, փեսաների հասցեին` տրտունջի ոչ մի խոսք, ոչ մի բողոք։ Միայն գյուղացիների այն հարցին, թե ինչու նորից հետ եկավ, պատասխանում էր. «Շունչս կտրվում էր, առավոտից իրիկուն նստած, սենյակից սենյակ քայլելուց ավելի ես հոգնում, քան օրվա մեջ մի քանի մարգ փորելուց, ցանելուց, ջրելուց…»։ Պատահում էր ամռան արձակուրդի օրերին աղջիկներից մեկնումեկը թոռների հետ հյուր էր գալիս, օգնում Գոհար մայրիկին հողը, այգին մշակելիս։ Տղան հազվադեպ էր գյուղ գալիս, կարեւոր գործի էր ու թե աշխատանքի բերումով լինում էր այդ կողմերում, մի կարճ ժամանակ էր գտնում` գյուղ այցելելու։ Հրետակոծության, կրակի օրերին որդին գյուղ եկավ ու նորից փորձեց համոզել մորը, որ Երևան գա: Ու երբ մայրը կտրուկ դեմ ընկավ, հասկացավ, որ նա կապված է գյուղին, ինչպես ժայռը, քարը, ինչպես իր մանկության աղբյուրը, ու էլ ոչինչ չասաց։

…Մայր ու որդի հանդիպեցին այգում` հսկա ծառերի հովանու տակ։ Գրկախառնվեցին։

-Ո՞նց են էրեխեքը, կինդ, աղջիկները,- հարցրեց մայրը,- ինչի՞ չեն գալիս՝ տես, միրգը ոտի հետ գնում է։ Ծերացել եմ, էլ ուժ չունեմ, առաջվանը չեմ, թե չէ` կբերեի, կհասցնեի…

-Ա՛յ մամ, ոչինչ էլ հարկավոր չի, դու քեզ նայիր, քեզ մի քիչ խնայիր, առողջությանդ հետեւիր,- տխուր ասաց որդին, ու գրկախառն տուն մտան։

Տուն տանող փոքրիկ արահետն անխնամ էր, խոտերը, մոշի թփերը փորձում էին մոռացնել, ջնջել մանկության ոտնահետքերը։ Տան արտաքին տեսքից հասկացվում էր, որ ժամանակին եղել է գեղեցիկ, խնամված։ Հիմա տեղ-տեղ քարերն իրարից հեռացել էին, անձրեւաջրերը, ջրհորդանի ճամփան կորցրած, իջնում էին անկյան ու պատի վրայով՝ դեպի վեր «հրավիրելով» մոշի թուփը, որի տակից երեւում էին մամռապատ քարերը։ Որդին երեւի վաղուց էր դա նկատել, որովհետեւ հայացքն անմիջապես փախցրեց այդ տեսարանից։ Ներսում խաղաղություն էր, անդորր, նաեւ մանկության բույր կար, երանելի, անցած մանկության։

Մայրն զգաց, որ որդու հայացքը պատուհանի տակ դրված մահճակալին է, ու ժպտաց։

-Սա էր իմ մահճակալը, այստեղ էի քնում,- ինձ ծանոթացրեց ընկերս,- ամեն առավոտ մի թռչուն իր գեղեցիկ դայլայլով, դեռ արեւը չծագած, արթնացնում էր ինձ։

-Ամեն առավոտ նույն ժամին էլի գալիս, երգում է,- ասաց մայրը։

-Մա՛մ, Երեւանում էլ ամեն առավոտ, դեռ լույսը չբացված, նույն ձայնը լսվում է իմ պատուհանի մոտից,- Գոհար մորը նայելով՝ տխուր ժպիտով ասաց ընկերս։

Մայրը նույնպես ժպտաց։

-Ընկել ենք խոսքով, մոռացա սեղան գցել, ճանապարհից եք եկել,- ոտքի կանգնելով իրար անցավ մայրը։

-Չէ՛, մամ ջան, հաց կերել ենք, պիտի գնանք, սպասում են,- մոր ձեռքը բաց չթողեց որդին։

-Լավ, գոնե մի արկղ միրգ հավաքեմ, տարեք էրեխեքը կուտեն,- համոզում էր մայրը։

-Ուրիշ անգամ, մամ ջան, գործեր կան, սպասում են,- ու որդին ոտքի կանգնեց։

Մինչեւ բանուկ ճանապարհ մայրն ուղեկցեց որդուն։ Մեքենայի մեջ ընկերս մտքով դեռ նրա հետ էր.

-Երեւան ուսանելու եկա ու մնացի քաղաքում: Երկար բացակայությունից հետո, երբ գյուղ գնացի, մայրս փաթաթվեց, համբուրեց ինձ ու ասաց. «Տղա ջան, թող գյուղի հովիվը լինեիր, բայց կողքիս մնայիր…»։

Քիչ անց, երբ գյուղը մնացել էր հեռվում, սարերի ու անտառների մեջ, ընկերս տխուր ասաց.

-Տեսնես ի՞նչ թռչուն է, որ ամեն օր նույն ժամին ձայն է տալիս պատուհանիս տակ։ Տեսնես ի՞նչ է ասում և ինչո՞ւ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Հոգևոր-մշակութային


22/06/2011