Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՎՐԵ ՇԱՄԵ ԿՌԻՎԸ



Լույս է տեսել ազգային-ազատագրական պայքարի անվանի գործիչ Մարտիրոս Աբրահամյանի (Բաշգառնեցի խմբապետ Մարտիրոս) հեղինակած «Իմ հիշելի հուշերը» հուշագիրքը՝ բանասիրական  գիտությունների թեկնածու Վարդան Պետրոսյանի խմբագրությամբ և առաջաբանով: Գրքում հեղինակը ներկայացնում է իր, ինչպես նաև հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած Հայոց Ազատամարտի (1903-1921 թթ.) առավել ուշագրավ ու ուսանելի դեպքերը:

 

ԿԱՎՐԵ ՇԱՄԵ ԿՌԻՎԸՄարտիրոս Աբրահամյանը  ծնվել է 1886թ. Երևանի նահանգի Գառնի գյուղում:

Նա  Գայլ Վահանի (Մինաս Տոլբաշյան) և բաբերդցի խմբապետ Միհրանի գլխավորած մարտական խմբի կազմում մասնակցել է «Մոսուն-Զորի» արշավանքին: 1905-1906 թթ. Հարավային Կովկասում բռնկված հայ-թուրքական ընդհարումների ժամանակ՝ որպես մարտախմբի հրամանատար, մասնակցել է Երևանի նահանգի Կոտայքի գավառակի, ապա Դրոյի հրամանատարությամբ՝ Սիսիանի ու Գողթանի ինքնապաշտպանական մարտերին: 1908թ. Մկրտիչ Աղամալյանի (Սարհադ) մարտախմբի կազմում մասնակցել է Իրանի հեղափոխությանը: Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1916 թթ.) Դրոյի գլխավորած կամավորական 2-րդ զորախմբի կազմում մասնակցել է բազմաթիվ կռիվների և մարտերում դրսևորած քաջագործությունների համար պարգևատրվել է Գևորգյան Խաչի բոլոր 4 աստիճանի շքանշաններով:

Մարտիրոսը 1918թ. գործուն մասնակցություն է ունեցել Արարատյան աշխարհում մահմեդական հրոսակախմբերի դեմ մղված կռիվներին, ապա՝ որպես հեծյալ վաշտի հրամանատար՝ Ապարանի հերոսամարտին:

1920թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ մասնակցելով Սուրմալուի ճակատամարտին՝ աննահանջ պաշտպանել է ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Արաքսի գետանցումները (Մարգարայի ու Կարակալայի կամուրջներ) և խոչընդոտել Արարատյան դաշտ ներխուժելու նպատակով թուրքական զորքերի ձեռնարկած հարձակումներն ու փորձերը:

1921 թ. ղեկավար մասնակցություն է ունեցել Հայաստանում բոլշևիկյան իշխանության դեմ բռնկված համաժողովրդական Փետրվարյան ապստամբությանն ու Հայրենիքի Փրկության Կոմիտեի կազմավորմանը:

Կարմիր բանակի կողմից Հայաստանը ու Զանգեզուրը բռնազավթվելուց հետո Մարտիրոսը անցել է Պարսկաստան և մինչև իր մահկանացուն կնքելը՝ 1957 թ., ապրել Թեհրանում:

 

Հոկտեմբերի 18-ին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, և հայ կամավորական զորախմբերից առաջինը ռազմաճակատ է մեկնում Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորած 2-րդ կամավորականը:

Դրոյի գխավորած զորախումբն ուներ հետևյալ կազմը. Յապոնի (Հովհաննես Պարոնյան) և գանձակեցի Զեմլյակի (Հարություն Նանումյան) հրամանատարությամբ գործող երկու հեծյալ կեսհարյուրակներ և կարբեցի Օնեի (Հովհաննես Մելքոնյան), Խոսրով Եղիազարյանի, Մարտիրոս Աբրահամյանի (բաշգառնեցի խմբապետ Մարտիրոս), գանձակեցի Դալի Ղազարի և թիֆլիսցի Ռիժա Տիգրանի գլխավորած հինգ հետևակային հարյուրակներ: Դրոյի օգնականներն էին Արմեն Գարոն և Դաշնակցական Խեչոն:

Զորախումբը, որը գործելու էր գեներալ Նիկոլաևի զորախմբի կազմում, համաձայն վերին հրամանատարության հրահանգի, պիտի անցներ Հայկական Պար լեռնաշղթան և հաղթահարելով Թափարիզի լեռնանցքում (Գառնիձոր-լեռնանցք Ծաղկանց լեռներում, Թոնդրակից 10 կմ արևելք) ամրացած հակառակորդի դիմադրությունը՝ գրավեր քրդական Կավրե-Շամե գյուղը և հարձակումը զարգացներ Վանի ուղղությամբ:

Թուրքերի հետ ունեցած առաջին մարտն ընթացել է արագ և շատ հաջող: Զորախմբի ճանապարհին ընկած Թափարիզի լեռնանցքը գրավված է եղել թուրք ժանդարմների կողմից: Այդ լեռնանցքով է անցնում Բերկրի գետի ավազանը Բայազետի շրջանի հետ կապող միակ կարճ ճանապարհը: Որպեսզի կամավորները կարողանային անցնել դեպի Բերկրի գետի ավազան, ապա` Վան, անհրաժեշտ էր նախ և առաջ խորտակել այդ լեռնանցքում  ամրացած թուրք  ժանդարմների ու նրանց աջակցող քուրդ զինյալների դիմադրությունը:

Զորախումբը արագորեն անցնելով Հայկական Պար լեռնաշղթան՝ հաղթահարում է Թափարիզի բարձունքների արգելքները ու դեռ նոր էր հասցրել դիրքեր գրավել Կավրե-Շամե գյուղում, հանկարծ գեներալ Նիկոլաևից ստանում է նահանջի անսպասելի հրաման: Պարզվում է, որ գեներալ Աբացևի (չափազանց թույլ ռազմագիտական կարողություններով այդ թրքամետ գեներալը ողջ պատերազմի ընթացքում աչքի է ընկել հատկապես իր հակահայ գործողություններով- Հ.Գ.) զորամասը, չկարողանալով դիմադրել Ալաշկերտի, Ղարաքիլիսա գյուղաքաղաքի կողմից թուրքական զորքերի գրոհներին՝ նահանջում է և դրանով իսկ հակառակորդին լուրջ հնարավորություն ընձեռում շրջապատելու գեներալ Նիկոլաևի զորախումբը, որի առաջապահ մարտական միավորը Դրոյի խումբն էր:

Դեպքերի նման զարգացումը զարմանք է հարուցում հայ կամավորներին: Մի՞թե հայրենիքն ազատագրելու ձգտումներով ոգեկոչված և մարտադաշտ դեռ նոր-նոր ոտք դրած հայ զինվորը կարող էր մտածել նահանջելու մասին: Մյուս կողմից, կամավորական զորախումբը բավական առաջ էր անցել հիմնական զորամասերից և նահանջի պարագայում կարող էր դյուրությամբ զոհ դառնալ թշնամու մեծաքանակ ուժերի հարձակումներին: Զորախմբի հրամանատարությունը հետագա գործունեության համար պիտի հաշվի առներ ստեղծված կացությունը և գործեր  իրականությանը համահունչ մարտավարությամբ:

Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Ստորև ներկայացնում ենք Մարտիրոս Աբրահամյանի հեղինակած «Իմ հիշելի հուշերը» գրքում տեղ գտած կամավորական 2-րդ զորախմբի մղած Կավրե Շամե կռիվը պատկերող դրվագը:

 

Դրոյի զինակից օգնականները։ Ձախից աջ՝ Հովհ. Քուրանյան, Օնե (Հովհ. Մելքոնյան, Զեմլյակ (Հ. Նանումյան), Յապոն (Հովհ. Պարոնյան), Դալի Ղազար (Միշա Հայրապետյան), Բաշգառնեցի Մարտիրոս (Մարտիրոս Աբրահամյան), Ռիժա Տիգրան:

Դրոյի զինակից օգնականները։ Ձախից աջ՝ Հովհ. Քուրանյան, Օնե (Հովհ. Մելքոնյան, Զեմլյակ (Հ. Նանումյան), Յապոն (Հովհ. Պարոնյան), Դալի Ղազար (Միշա Հայրապետյան), Բաշգառնեցի Մարտիրոս (Մարտիրոս Աբրահամյան), Ռիժա Տիգրան:

Արշալույսին թշնամին անցավ հարձակման առաջին հերթին Մակեդոնի և Արշակի տղաների վրա, որոնք դիրքավորվել էին խնջիկների կարմիր բարձունքների և Կավրե-Շամեի բլուրների լանջերին:

Գեներալ Նիկոլաևից հրահանգ ստացվեց նահանջել կանոնավոր կարգով մինչև Ղըղըլ-Ղալա, որովհետև պարսկական ֆրոնտում և Ալաշկերտում մերոնք թշնամու համեմատությամբ թույլ են, ուստի շատ առաջ գնալը կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ:

Արմեն Գարոն ու Խեչոն (զորախմբի հրամանատար Դրոյի օգնականներ-Հ. Գ.) խորհուրդ են տալիս նահանջել:

Դրոն առարկում է.

-Կռիվը դեռ նոր ենք սկսել, թշնամու ուժերը թարմ են և թվով շատ, եթե մենք նահանջենք, նրանք պիտի ոգևորվեն և մեծ կորուստներ պատճառեն մեզ: Մինչև երեկո պիտի դիմադրենք և օգտվելով մթությունից՝ նահանջենք:

Այս ասելով՝ Դրոն այլևս չսպասեց, անհրաժեշտ կարգադրություններ արավ, որովհետև թշնամին արդեն երես էր առել՝ մեր տատանումը տեսնելով:

Յապոնն իր ձիավորներով գնաց Կարմիր սարը՝ Մակեդոնին օգնության, Զեմլյակը հրահանգ ստացավ իր ձիավորներով անցնելու Յապոնի թիկունք՝ որպես պահեստի ուժ, պահանջել հարկին օգնության փութալու համար:

Ռիժա Տիգրանի մեկ ջոկատը միացավ Մակեդոնին, մյուսը՝ Արշակին, իսկ ինքը մնացյալ երկու ջոկատներով եկավ ինձ օգնության տափարակներում:

Օնեին և Դալի Ղազարին իրենց հարյուրակներով թողեց գյուղում՝ որպես պահեստի ուժ: Խոսրովին ուղարկեց մեր թիկունքում գտնվող բարձր սարը, որպեսզի նահանջի դեպքում պաշտպանի մեզ:

Դրոն գրում է ինձ. «Մակեդոնին ու Արշակին հայտնիր, որ դիրքերը ձեռքից չտան…»:

Մակեդոնն ինձ պատասխանում է. «Դրոյին ասացեք, եթե մենակ մնամ, թշնամին Կարմիր սարը չի տեսնի»:

Իսկ Արշակը՝ «Իմ դիրքերը գրավող թշնամին դեռ չի ծնվել…»:

Նրանք երկուսն էլ այդ օրը արդարացրին Դրոյի հույսերը: Սակայն, եթե լրջորեն մտածելու ժամանակ ունենայինք, կտեսնեինք, որ իսկապես մեր դրությունը շատ ծանր էր: Թշնամու չորսից հինգ հազարի հասնող քուրդ և ժանդարմ ձիավորների դիմաց մենք ունեինք միայն և միայն դիրքերի առավելություն և հինգ հարյուր հետևակ, երկու կիսահարյուրակ ձիավոր և ուրիշ ոչինչ, այսինքն՝ վեց հարյուր զինվոր միայն, մինչդեռ թշնամու ուժերի վրա անընդհատ ավելանում էին շրջաններից հասնող թարմ ձիավոր քրդեր:

Արևը նոր էր բարձրացել, երբ Դրոն իր ձիով եկավ մեր դիրքերը:

Գնդակների տարափը մի րոպե անգամ չէր դադարում, իսկ նա, դեռ իր ձիու վրա հանգիստ նստած, կարգադրություններ էր անում:

Ասում եմ.

-Դրո՛, ի սեր Աստծու, խնդրում եմ ձիուց ցած արի կամ թե գնա գյուղը, կխփվես…

Նայեց, ապա դեմքը շուռ տվեց դեպ Կարմիր սարը, տեսավ Մակեդոնի մոտ կռիվը ավելի թեժ է, նորից նայեց մեր կողմը և ասաց.

-Դե՜, քյալաշներս (քաջերս-Հ.Գ.), ձեզ տեսնեմ, հա՛, չվախենաք… սըխ կացեք:

Ու ձիու գլուխը բաց թողեց դեպի Կարմիր սարը:

ԿԱՎՐԵ ՇԱՄԵ ԿՌԻՎԸԹշնամին իր կրակը կենտրոնացրեց Դրոյի վրա… Գետնի փոշին, բարձրացած գնդակների կարկուտից և ձիու սմբակներից, իր մեջ առավ նրան ձիու հետ միասին: Ինձ թվաց, որ այլևս ամեն ինչ վերջացավ… Մի քանի վայրկյանից հետո, ձիով ճեղքելով փոշին, կրկին երևաց Դրոն:

Գլուխը դրած ձիու ականջների արանքը՝ քառատրոփ սլանում էր դեպի Կարմիր սարը՝ Մակեդոնի դիրքերը:

Հինգ րոպեից ավելի չմնաց այնտեղ, կրկին շուռ տվեց ձին և նույն արագությամբ այս անգամ գնաց կանգ առնելու Արշակի տղաների մոտ:

-Դե՜, քյալաշներս…

Մի քանի րոպեից հետո… վերադարձավ դեպի ինձ և ժպտալով ասաց.

-Տղաներս  քյալաշներ են, շատ լավ են դիմադրում: Մարտիրոս, թշնամին շա՜տ է, շա՜տ…

Լավ տրամադրության մեջ էր և գոհ բոլորից:

-Դե՜, քյալաշներս… ,- բառերը հնչում էին տղաների ականջներում:

Քիչ անց շուռ տվեց ձին դեպի գյուղ՝ Արմեն Գարոյին ու Խեչոյին տեսնելու համար:

Արշակը լուր է տալիս Դրոյին, թե քրդերը մտել են խնջիկների մեջ և գաղտագողի մոտենում են Կավրե-Շամեին:

Ու մինչև լուրը կհասներ, սկսվում է հրացանաձգությունը գյուղի փողոցների վրա: Կորցնելու ժամանակ չկար. Դալի Ղազարը անցնում է սվինամարտի:

Նման «խենթությունների» համար «նրա գլուխը վրան չէր» ընդհանրապես, և իզուր էլ չէր, որ «Դալի» (խենթ) մականունն էր ստացել իր ընկերներից:

Դալի Ղազարին հետևեց Օնեն, և շատ չանցած՝ խնջիկները մաքրվեցին քրդերից, գյուղն էլ ազատվեց նրանց գնդակների տարափից:

Թշնամին չէր կարողացել կոտրել Մակեդոնի և Արշակի դիրքերի դիմադրությունը, փորձել էր կռիվը շուռ տալ գյուղի մեջ, բայց, Դալի Ղազարից ու Օնեից լավ ջարդ ուտելով, ետ էր քաշվել:

Այս անգամ փորձեց տափարակներով մոտենալ իմ և Յապոնի դիրքերին. երեք անգամ գրոհեց մեզ վրա՝ ամեն անգամ 300-400 ձիավորով: Հենց որ նրանք մոտենում էին մեզ՝ մինչև 20-25 քայլի վրա, Յապոնն իր տղաներով դուրս էր թռչում դիրքերից և մաուզեր-ատրճանակներով խառնվում նրանց:

Կատարյալ խառնաշփոթության ժամանակ  վրա էր հասնում Զեմլյակն իր ձիավորներով ու լավ ջարդ տալիս մնացորդներին՝ փախուստի մատնում: Այս բոլորը տեղի էր ունենում մեր առջև, մենք էլ մեր դիրքերից համազարկերով նոսրացնում էինք թշնամու շարքերը:

Այդպիսի մի խառը ժամանակ էր, երբ Դրոն կրկին եկավ մեզ մոտ: Էլ համբերել չկարողացա ու դառնալով նրան՝ ասացի.

-Դրո՛ ջան, խնդրում եմ՝ ցած արի ձիուց և եթե Մակեդոնի մոտ ես ուզում գնալ, տուր ձիդ՝ ես գնամ:

Չթողեց խոսքս վերջացնեմ և ջղայնացած պատասխանեց.

-Ի՞նչ ես մտածում այդպես խոսելով, Մարտիրո՛ս, կարծում ես, թե դու ինձնից ավելի զոհաբերվելու իրավո՞ւնք ունես, թե իմ արյունը ավելի կարմիր է, քան թե քոնը: Ինչ տարբերություն՝ դու գնաս, թե ես, գնդակը, որ ինձ կխփի, քեզ կխնայի…

Պատասխան չստանալով՝ մտավ ձիու ականջները, ձուլվեց նրա հետ և սլացավ Կարմիր սարը՝ տղաների մոտ:

Բայազետում եղած օրերից քրդերը լավ ճանաչում էին Դրոյին և իր ձիուն, ուստի աշխատում էին, ամեն կերպ կրակը նրա վրա կենտրոնացնելով, «մեջտեղից վերացնել» նրան՝ կարծելով, թե այդպիսով ճակատամարտի արդյունքը կվճռվեր հօգուտ իրենց:

Մինչդեռ նա «Դե՜, քյալաշներս …» կանչելով, դիրքից դիրք էր սլանում և խրախուսում տղաներին՝ առանց ուշադրություն դարձնելու թշնամու գնդակներին, որոնք սուլում էին իր ականջների տակ:

Այդ օրը՝ կռվի ամբողջ ընթացքին միշտ «մի աչքս նրա վրա էր», մինչև իսկ երբեմն որոշում էի չմտածել նրա մասին, թվում էր՝ այդպիսով կարող եմ «աչքով տալ նրան»: Այս անգամ տեսա նրան ձիու վրա Մակեդոնի մոտից դեպի Արշակը սլանալիս:

Կռիվը դիտելու համար գյուղից դուրս եկան Արմեն Գարոն և Խեչոն: Դրոն Արշակի մոտից վերադառնալիս նկատեց նրանց և ձին քշեց դեպի այդ կողմը:

Տեսա՝ պատրաստվեց իջնել ձիուց, սակայն հանկարծ անբնական կերպով թեքվեց թամբի վրա և պիտի ցած ընկներ, եթե Արմեն Գարոն և Խեչոն չհասնեին:

Դրոյին գրկած ձիուց ցած բերեցին, և իրարանցում ստեծվեց այնտեղ… Աչքիս առջև ամեն ինչ սևացավ:

Տղաներին մի քանի խոսք ասելուց հետո վազվեվազ հասա գյուղ:

Արմեն Գարոն, տեսնելով վիճակս, մի կողմ քաշեց, ասաց.

-Չխոսցնես, Մարտիրոս, դրությունը ծանր է:

Դրոն ուշակորույս պառկած էր:

Մինչև մայրամուտ կռիվը շարունակվեց: Թշնամին չէր կարողացել ամբողջ օրվա ընթացքում մի քայլ իսկ առաջանալ:

Երեկոյան հրացանաձգությունը դադարեց:

«Քուրդը գիշերով չի կռվում»,- ասում էին մեր փորձված ֆիդայիները:

Մեր հառաջապահները ետ կանչվեցին,  հետնապահները բռնեցին նրանց տեղը, և մենք նրանց պաշտպանության տակ սկսեցինք նահանջել դեպի Ղըզըլ-Ղալա:

Արմեն Գարոն, թե՝

-Մարտիրոս, Դրոյին հանձնում ենք քեզ և քո հարյուրակին, հասցրեք նրան Ղըզըլ-Ղալա:

Տղաներս տխուր, սակայն առանձին մի հպարտությամբ չթողեցին, որ ես պատասխանեմ:

-Աչքներիս վրա,- գոչեցին միաձայն:

Փայտերից մի պատգարակ շինեցինք և փափուկ խոտ լցնելով՝ Դրոյին տեղավորեցինք նրա վրա՝ ծածկելով զինվորական ծածկոցներով: Վեց հոգի տղաներից պատգարակն առան իրենց ուսերին, և սկսեցինք շարժվել դեպի Ղըզըլ-Ղալա: Ամեն չորսից հինգ հարյուր քայլի վրա փոխվում էին քաջերս՝ առանց հոգնածություն զգալու: Չէ որ նրանք շատ էին սիրում իրենց հրամանատարին, և չէ որ նրանց ականջներում զրնգում էին դեռ Դրոյի բառերը՝ խառնված գնդակների սուլոցին:

-Դե՜, քյալաշներս…

Արդեն լուր էր տրված գեներալ Նիկոլաևին և Դրոյի հորը Իգդիրում:

Դիվիզիայի գլխավոր բժիշկը եկավ և քննեց բոլոր վիրավորներին…

Դրոյին քննելուց հետո հայտնեց, որ փրկության հույս կա դեռևս, զարկերակն էլ կանոնավոր է… Գնդակը մնացել էր ձախ թևի թոքի մեջ, մի անվտանգ տեղում, եթե շտապ հասնենք Թիֆլիսի զինվորական հիվանդանոցը, վստահաբար կառողջանա,- հուսադրեց բժիշկը:

Թանկագին բեռը նորից դրեցինք պատգարակի վրա և նույն զգուշությամբ նրան հասցրինք իր հորը՝ Կակոյին (Մարտիրոս Կանայան- Հ. Գ.), որն անմիջապես ճանապարհվեց դեպի Իգդիր, իսկ մենք ետ դարձանք Ղըզըլ-Ղալա:

Արմեն Գարոն նշանակվել էր գումարտակի պետ, իսկ Խեչոն՝ նրա օգնական:

Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Պատմության էջերից


25/05/2016