Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՒՂՂԱԹԻՌԻ» ԴԻՐՔՈՒՄ



Հարավարեւելյան ուղղություն: Ապրիլի երկուսի առավոտ: Հակառակորդի ՄԻ-24G ուղղաթիռը գրոհում է հենակետը: Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցում է մոտ 30 մետր բարձրության վրա հայտնված օդային թիրախը` հողին հավասարեցնելով հակառակորդի հավակնությունները: Այդ դրվագը դիրքապահ տղաների կյանքը, ծառայությունը  բաժանել է «առաջ»-ի եւ «հետո»-ի: Փոխվել է նաեւ հենակետի անվանումը. այժմ առաջնագծում այն հայտնի է որպես «Ուղղաթիռի դիրք»:

«ՈՒՂՂԱԹԻՌԻ» ԴԻՐՔՈՒՄ«Մեր հենակետում ապրիլյան պատերազմը մեկօրյա էր»

«ՈՒՂՂԱԹԻՌԻ» ԴԻՐՔՈՒՄՀեռվից  նկատում ենք խոցված ուղղաթիռի` երկինք ցցված մետաղական երկու անզոր կտորները: Արդեն  դիրքում պարզ է դառնում` ուղղաթիռն ամենուր է: Աջ, թե ձախ` որտեղ  էլ կանգնես, այն տեսադաշտումդ է եւ քո կամքից անկախ ցցվում է աչքիդ առաջ: Տղաները սովոր են, մենք` ոչ: Այս հենակետի բոլոր զինվորներն էլ  ծառայության զգալի փորձ ունեն, բայց, թվում է՝ մոռացել են այդ մասին եւ պատմում են միայն տեղի ունեցածից: Նրանք նոր իրականությունում են հայտնվել, որ կառուցվել է իրենց դիրքում ընկած թշնամական  ուղղաթիռի շուրջ: Այսօրինակ ուղղաթիռի մեկ միավորի շուկայական գինը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է: Սակայն, նայելով այդ տեխնիկայի ջարդոններին, այժմ դրան դժվար է հավատալ: «Իսկ մենք այն տեսել ենք օդում` որպես վտանգ մեր գլխավերեւում կախված»,-ասում է գնդացրորդ Համլետ Սարգսյանը` նայելով հեռվում գոյացած  մոխրի մեծ կույտին: Նա պատմում է, որ  ուղղաթիռը նախ իրենց դիրքն է գրոհել. «Գետնատնակում էինք:  Դիտորդը ձայն լսեց ու կանչեց: Հասանք դիրք այն պահին, երբ ուղղաթիռն արդեն  մեր տարածքում էր: Մեզ չկորցրինք, ով ոնց կարողացավ՝ դիրքավորվեց: Ես իմ գնդացրով  խրամատից  դուրս եկա, որ խոցելու ավելի հարմար դիրք զբաղեցնեմ: 100 փամփուշտ կրակեցի: Ուղղաթիռի անձնակազմը շփոթված էր: Չէ, ավելի ճիշտ կլինի ասել` խուճապի մեջ: Անգամ չհասցրին հրթիռներ արձակել: Իջա գետնատնակ, որ զենքս լիցքավորեմ, այդ ընթացքում ուղղաթիռը շարժվեց դեպի կողքի դիրքը: Նարեկն էլ  խոցեց»:  Համլետը ափսոսում է, որ այդ պահը սեփական աչքով չի տեսել:

Դիրքի ավագ, սերժանտ Արամ Մուրադյանը դժվարանում է հարմար բառ գտնել իր  զգացածը փոխանցելու համար. «…Դուք ի՞նչ էիք զգում փոքր ժամանակ, երբ հեքիաթում երեքգլխանի հրեշին սպանում էին, նման զգացողություն էր»: Անձնակազմի երկու անդամները դեռ ողջ էին, եւ Նարեկը եւս մեկ անգամ գործի դրեց նռնականետը: «Երկու օր դիակները մեր դիրքում էին: Ես մինչ այդ դժվարանում էի նայել մահացած մարդուն, այս անգամ ինքս ինձ վրա զարմացա` խղճահարություն չզգացի: Ոչ մի խղճահարություն… «ՈՒՂՂԱԹԻՌԻ» ԴԻՐՔՈՒՄԲայց մատով էլ չկպանք»,- անկեղծանում է Արամը եւ քայլերն ուղղում դեպի խրամատ, որի հեռավորությունը հակառակորդից 180 մետր է, տեղ-տեղ էլ՝ ավելի քիչ: Դիրքապահներն այստեղ սպասում էին հակառակորդին: Նրանք վստահ էին` թշնամին հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կձեռնարկի, կփորձի տարհանել իր զոհված սպաներին: «Երկու օր չենք քնել, չենք հանգստացել: Սպասում էինք,- հիշում է Արամը:- Չսխալվեցինք: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում նկատեցինք հատուկջոկատայինների վեց հոգանոց խումբը: Հուժկու կրակ բացեցինք նրանց ուղղությամբ եւ ետ շպրտեցինք ելման դիրքեր»:

Գետնատնակ ենք մտնում և սուրճի սեղանի շուրջ շարունակում ենք մեր զրույցը: Տղաներն ասում են` «Մեր հենակետում ապրիլյան պատերազմը մեկօրյա էր. նրանց ստիպեցինք ետ քաշել գրոհի սպասող 15 տանկերն ու եւս մեկ ուղղաթիռ», «Այդ օրը իսկապես զինվոր դարձանք», «Փոխվեցինք, էլ նույնը չենք», «Հասկացանք` ինչ է ընկերությունը»:

Զրույցը լուռ լսող Անդրանիկն էլ վերջապես խոսում է. «Որոշել եմ` պայմանագրային ծառայության եմ անցնելու»:

 

«Փաստաթղթերի փրկիչը»

«ՈՒՂՂԱԹԻՌԻ» ԴԻՐՔՈՒՄԹռիչքային քարտեզներ, օդաչուի անձնական նոթատետր. օտարերկրյա ռազմական կցորդները, ինչպես նաեւ լրագրողները պաշտպանության նախարարությունում ծանոթանում են ադրբեջանական խոցված ուղղաթիռից առգրավված թռիչքային փաստաթղթերին, որոնք վկայում են` 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել: Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված ե՛ւ երթուղին, ե՛ւ թիրախները ապացուցում են` անձնակազմի խնդիրն էր հարվածներ հասցնել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա: Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ: Լյալյա-Իլյագի բարձունքի շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:

«Տեսնես՝ ո՞վ է խոցված ուղղաթիռից հանել փաստաթղթերը»,- մտածում էի մինչ առաջնագիծ գալս: Եվ ահա տեղում ծանոթանում եմ «փաստաթղթերի փրկիչի»` կրտսեր սերժանտ Վահան Ստեփանյանի հետ: Պինդ ու ժպտերես զինվոր է: Մինչ ծառայությունը վոլեյբոլ է խաղացել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատանիների հավաքականում: «Գնդակը ձեռքս երկարացնել սովորեցրեց»,- կատակում է: Երբ սկսում է պատմել, դեմքը լարվում է. «Ուղղաթիռն ընկավ: Վազեցի այդ դիրք. ես հենակետի ավագն եմ: Միանգամից մոտեցա այրվող ուղղաթիռին: Փաստաթղթեր էի փնտրում:  Հակառակորդի զոհված զինծառայողի ձեռքի տակ սեւ գույնի, քառակուսաձեւ թղթապանակ նկատեցի: Կրակը մոտենում էր: Անմիջապես դուրս հանեցի: Հակառակորդի հրետանին այդ ընթացքում անընդհատ աշխատում էր: Վազեցի դեպի գետնատնակ, որ գոնե տեղ հասցնեմ թղթապանակը: Արդեն գետնատնակում բացեցի, որպեսզի համոզվեմ` պետքական բան եմ փրկել: Նշումներով քարտեզներ էին, թղթեր, գունավոր մատիտներ…»: Ուզում եմ հարցնել զինվորին, թե՝ ինչպես գլխի ընկավ, որ ուղղաթիռում նման փաստաթղթեր կլինեն, թե որտեղի՞ց այդչափ ինքնուրույնություն ու հաստատակամություն: «Հետո նորից գնացի դեպի ուղղաթիռը,- շարունակում է Վահանը: Մտածեցի` գուցե մի բան էլ գտնեմ: Կրակն ուղղաթիռի նախկին տեսքից գրեթե բան չէր թողել: Այն կողաշրջվել էր եւ, ուր որ է, վերջնականապես կմոխրանար: Դուռը քիչ թե շատ անվնաս էր: Ձեռքս խրեցի դռան գրպանը եւ հանեցի անձնական նոթատետրը: Ժամեր անց «ավարը» հանձնեցի դիրք եկած գումարտակի հրամանատարի տեղակալին` կապիտան Մուրադյանին»: Վահանը դեռ չի պարգեւատրվել:

«ՈՒՂՂԱԹԻՌԻ» ԴԻՐՔՈՒՄ

Երբ նրան ասում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարծես թե նմանօրինակ արարքի համար զինվորը հերոսի կոչման է արժանացել, ծիծաղում է. «Ինձնից ի՞նչ հերոս…»:

 

Օտարի աչքով

Զինվորական երկու «Ուազները» կանգ են առնում դիրքի մատույցներում: Ուղեւորները դուրս են գալիս, ապա՝ հանդերձավորվում: «Press» նշումով մուգ կապույտ սաղավարտները, զրահաբաճկոններն ու թիկնոցները հուշում են` լրագրողներ են: Լիտվական, բուլղարական եւ ուկրաինական լրատվամիջոցների ներկայացուցիչները եկել են «Ուղղաթիռի դիրք»՝ սեփական աչքերով տեսնելու ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքները: Նրանք միանգամից գործի են անցնում` տեսանկարահանում եւ լուսանկարում: Հարցնում են զինվորներին` «Ինչպե՞ս եղավ», հետաքրքրվում են հրադադարի խախտման հաճախականությունից, ապա տեսանյութ նկարահանում խոցված ուղղաթիռի համապատկերին: Համաձայնում են նաեւ մեր հարցերին պատասխանել: Լիտվական «Alkas.lt»-ի թղթակից Աուդրիս Անտանայտիսը ասում է, որ լրագրողի գործն է լինել այնտեղ, որտեղ ինչ-որ բան է կատարվում, դրա համար էլ եկել են. «Մի քանի տարի  է` ընդհանրապես ոչ մի լուր չէինք հաղորդում Արցախից:  Մտածում էինք` այդքան էլ վատ չէ այստեղ:  Հիմա հասկանում ենք, որ  այս մասին պետք էր խոսել, շատ խոսել եւ ոչ լռել: Երբ հեռվից ես հետեւում, ամեն բան կամ շատ սարսափելի, կամ էլ ոչ այնքան լուրջ է թվում: Իսկ տեղում արդեն պարզեցինք, որ «հակամարտություն» բնորոշումը  թեթեւ է ասված, որ այստեղ իսկական պատերազմ է: Այսպիսի հարցերը պետք է խաղաղ լուծվեն»:

«ՈՒՂՂԱԹԻՌԻ» ԴԻՐՔՈՒՄՈւկրաինական  «KyivPost»-ի լրագրող Անաստասիա Վլասովան լուսաբանել է Ուկրաինայի արեւելքում ծավալված ռազմական գործողությունները, եղել է նաեւ Ղրիմում, հաջորդ թեժ կետը Արցախն է. «Այստեղ զինվորներն անհամեմատ ավելի լավ են հանդերձավորված: Բոլորը զրահաբաճկոն ու սաղավարտ ունեն, միանման համազգեստով են, ինչը հաճախ չես տեսնի պատերազմական գոտիներում: Նրանք ամուր են, առույգ, հոգնածություն չնկատեցի, սիրով են իրենց գործը անում»:

Hromadske.tv-ի թղթակից  Ժաննա Բեսպեչուկի աչքից էլ չեն վրիպել ծավալված ինժեներական աշխատանքները. «Արցախի բանակը ամուր պաշտպանություն է ստեղծում, մոտեցումը շատ հստակ ու պրոֆեսիոնալ է: Ուկրաինական լրատվադաշտում տեղեկատվությունը սուղ էր, եւ կարծրատիպեր, սխալ պատկերացումներ կային: Մեր խնդիրը հենց սկզբնաղբյուրից ինֆորմացիա ստանալն է եւ իրականությունը ներկայացնելը: Մեր լրագրողները դեռ շփման գծի մյուս կողմը չեն տեսել: Կարծում եմ` այս կողմում եղած լրագրողներս այլեւս հնարավորություն չենք ունենա այնտեղ էլ լինելու, ինչը, սակայն, հնարավորություն կտար ավելի հանգամանալից ներկայացնելու իրավիճակը: Այս պահին մի բան կարող եմ ասել` այստեղ մեծ մարդկային ցավ կա»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` Սիփան ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/05/2016