Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ. ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ



ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ. ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔՎԱՐԴԱՆ  ՆՇԱՆՅԱՆ

ՀՀ ԶՈՒ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության

զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ

 

Մեր զորքերն ունեն եւ ձեռք են բերում առավել արդիական պաշտպանական միջոցներ

Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը մեղադրանք հնչեցրեց մեր հասցեին, թե, իբր, հայկական կողմը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական միջոց՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել: Մինչդեռ  սպիտակ ֆոսֆորը չեն օգտագործում բաց դաշտում, ինչը զենքի անիմաստ վատնում կլիներ: Այն հրկիզող քիմիական  զենք է և սովորաբար օգտագործվում է քաղաքներում կամ տեխնիկայի կուտակումները շարքից հանելու նպատակով, իսկ թշնամին բաց դաշտում էր «հայտնաբերել» այն: Քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդն այս կեղծ տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ դրեց իր բազմաթիվ վրիպումներն ու անհաջողությունները թաքցնելու նպատակով: Ուզում էին ասել՝  «Տեսե՛ք, Հայաստանը փորձել է քիմիական զենք գործածել, բայց վրիպել է»: Ադրբեջանը  փորձում էր մի կրակոցով երկու նապաստակ խփել. նախ՝ միջազգային կառույցներին ներկայացնել, թե, իբր, ՀՀ զինված ուժերը արգելված  քիմիական զենք են կիրառում, երկրորդ՝ այս քայլով նպատակ ունեին նաև արդարացնելու սեփական զինուժի կողմից քիմիական միջոցների կիրառման դեպքերը: Իբր, հայերը կիրառել են, մենք էլ ի պատասխան ենք կիրառում:  Տեղեկատվական քարոզչության հասարակ տեխնոլոգիաներ են: Նրանք օգտագործել են, մասնավորապես՝  ՍիԷս տիպի խառնուրդ, և այդ մասին մենք փաստացի տվյալների ենք տիրապետում:

Մեր վարչության գործառույթը քիմիական և կենսաբանական զենքից պաշտպանությունն է: Միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի կիրառմամբ որևէ գործողություն մեր ստորաբաժանումները չեն իրականացրել և չեն էլ իրականացնի: Մենք այժմ էլ շարունակում ենք մեր աշխատանքները արդյունավետ պաշտպանություն իրականացնելու և անձնակազմի  ուսուցման ուղղությամբ: Զարգացման ծրագրի համաձայն՝ մենք այժմ էլ ձեռք ենք բերում նոր, առավել արդի  պաշտպանական միջոցներ:

 

ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ. ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ  ԶՈՒ  ՀՕՊ  զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ

 

ՀՕՊ-ը հակառակորդին ստիպեց հրաժարվել ավիացիայի հետագա կիրառումից

Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն իրենց դրսևորել են որպես հմուտ մասնագետներ: Բավական է նշել, որ հակառակորդը մարտական գործողությունների սկզբում՝ ապրիլի 2-ից, կորցնելով երկու ուղղաթիռ և տասնյակի հասնող անօդաչու թռչող սարքեր, հրաժարվել է ավիացիայի հետագա կիրառումից: Սա արդեն իսկ խոսուն փաստ է:

Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է շատ կազմակերպված: Մինչև հակառակորդի ավիացիայի կիրառման սկիզբը, ճիշտ գնահատելով հավանական ուղղությունները, ՀՕՊ ուժերը բացազատվել են համապատասխան ուղղություններում և պատրաստ եղել դիմագրավելու հակառակորդի օդուժին:

Բացի այդ, ՀՕՊ զորքին  հաջողվել է արագ կողմնորոշվելով՝ մի շարք նորամուծություններ անել, որոնք իրենց լիովին արդարացրել են: Թեև հակառակորդի կիրառած անօդաչու սարքերի, կիրառման մարտավարության և դրանց դեմ պայքարի եղանակների մասին տեղեկություն չենք ունեցել, այնուամնեայնիվ, հաջողվել է մարտական գործողություններին զուգահեռ մշակել և կիրառել ԱԹՍ-երի հայտնաբերման ու խոցման առավել արդյունավետ եղանակներ: Անգամ զորքեր են  առաքվել ԱԹՍ-երի խոցման ձևերի ու եղանակների մասին մեթոդական ուղեցույցներ:

Մարտական գործողությունների վերջին փորձից ելնելով` արդեն իսկ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում կբարձրանա մեր հակաօդային պաշտպանության ներուժը: Մասնավորապես, ՀՕՊ զորքերը կհամալրվեն ջերմատեսիլ հետախուզական սարքերով, օպտիկական սարքավորումներով և այլ միջոցներով… Մենք այժմ հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ԱԹՍ-երի՝ այլ զորատեսակների հետ փոխկապակցված կիրառության տեխնոլոգիաներին, ինչի արդյունքում մեր զինուժի ԱԹՍ-երը հնարավորություն կստանան մյուս զորատեսակների հետ համակարգված կիրառվելու, որը շատ ավելի բարդ խնդիրներ կառաջադրի հակառակորդին:

Հատուկ ուզում եմ նշել մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած մեր զինվորների հաշվարկների վճռականությունը, բարձր մարտական ոգին և ամեն գնով հակառակորդին խոցելու մեծ նպատակամղվածությունը: Մարտական գործողությունների ընթացքում առաջնագծում տեսել եմ, թե ինչ նվիրյալներ են աշխատում և ինչ բարձր պատասխանատվությամբ են կատարում առաջադրանքները: Եթե համեմատելու լինեմ 1992-1994 թվականների (այդ տարիներին եղել եմ ՀՕՊ դիվիզիոնի հրամանատար) Արցախյան պատերազմի ընթացքում մեր հաշվարկների պատրաստության աստիճանը, մարտիկների հնարամտությունը և ներկայիս զինվորների ու երիտասարդ սպաների պատրաստությունը, համեմատության եզրեր անգամ չեմ գտնում: Ներկայիս սերունդը բոլոր առումներով գերազանց է: Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ մեր զինծառայողները` զինվորն ու երիտասարդ սպան, անկախության սերնդի ներկայացուցիչներ են: Նրանք ավելի խելացի են, ավելի ինքնավստահ ու քաջ: Նման զինծառայողներ ունեցող բանակն անպարտելի է: Կցանկանայի շատ անուններ նշել, որոնք հերոսաբար կռվեցին, բայց այդ անունները բազմաթիվ են: Կսահմանափակվեմ միայն փաստելով, որ այդ  զինծառայողները բոլորն էլ իսկական հերոսներ են:

 

ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ. ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆ

ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ, գնդապետ

 

Ավիատորների նոր սերունդը պատրաստ է ցանկացած մարտական առաջադրանքի

Ապրիլի սկզբին առաջադրանք ստանալուն պես, համաձայն պլանի, կազմակերպել ենք ավիացիոն ստորաբաժանումների գործողությունները. իրականացվել են ուժերի և միջոցների վերատեղակայումներ  դեպի նախորոշված վայրեր, որտեղից  իրականացնելու էինք մարտական առաջադրանքը: Մարտական խնդիրների կատարման համար նախապատրաստվել են ուղղաթիռներ ու ինքնաթիռներ` համապատասխան սպառազինությամբ: Առաջին իսկ պահից օդաչուական կազմը պատրաստ էր կատարելու մարտական առաջադրանքը: Ավիացիայի առավելությունն այն է, որ խնդիրները կատարվում են շատ ավելի սեղմ ժամկետներում. սա բարձր մանևրային զորատեսակ է:

Սակայն այս քառօրյա պատերազմի ընթացքում բնականաբար կարիք չեղավ օգտագործելու մեր օդային ամբողջ ներուժը: Կարճ ժամանակում հակառակորդը հասկացավ, որ իր օդուժը կիրառելու հնարավորություն իրենց չի տրվի: Այսպիսով՝ մեր օդուժի հիմնական դերակատարումը վիրավորների տեղափոխումն էր մարտական գոտիներից, որն էլ իրականացվեց մեծ օպերատիվությամբ և արհեստավարժությամբ: Արդյունքում՝ մենք ոչ մի կորուստ չունեցանք վիրավորների շրջանում, նրանց ապահով տեղափոխեցինք զինվորական բուժհաստատություններ, որտեղ և նրանք համապատասխան օգնություն ստացան:

Կարող եմ վստահեցնել, որ ցանկացած պահի, անհրաժեշտության դեպքում մեր օդաչուները պատրաստ են կատարելու մարտական խնդիրներ: Եվ, իհարկե, մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, առաջինը կմեկնենք առաջնագիծ, իսկ մեր ետևից, եթե դրա կարիքը լինի, մարտական առաջադրանքներ կատարելու լիարժեք պատրաստ օդաչուների նոր սերունդն է գալու: Կուզենայի հատուկ նշել ռազմական օդաչուների դարբնոցի` Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի դերակատարումը մեր զորքերը լավագույն օդաչուական կադրերով համալրելու գործում: Հարկ  է փաստել, որ շատ քիչ երկրներ կան, որոնք ի զորու են  սեփական ուժերով պատրաստելու ուսանողական նստարանից անմիջապես ռազմի դաշտ մեկնելու պատրաստ բարձրակարգ օդաչուներ: Ես ինքս ռազմաավիացիոն համալսարանի առաջին շրջանավարտներից եմ: Ու կարող եմ փաստել, որ մեր ավիատորների նոր սերունդն աչքի է ընկնում բարձր պատրաստությամբ, գիտելիքներով և մասնագիտական հմտություններով, պատրաստ է ցանկացած պահի պաշտպանելու մեր երկրի օդային սահմանների անվտանգությունը:

 

Պատրաստեց  Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

մայոր

Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/05/2016