Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ ԵՒ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ



Իսրայել Օրուն վերագրվող դրոշը. վերակազմություն

Ինչպես հայտնի է՝ մարտական դրոշը մի միջոց է, նշան, որը միավորում է զորամասը, մատնանշում նրա պատկանելությունը որոշակի պետության կամ խմբի զինված ուժերին, խորհրդանշում է զինվորական պատիվն ու միասնության գաղափարը, ճակատամարտի ժամանակ ցույց է տալիս զորքերի կենտրոնացման եւ հրամանատարության գտնվելու վայրերը։ Պատմականորեն մարտական դրոշների ներքո կատարվել են զանազան պաշտոնական արարողություններ, այդ թվում՝ զինվորական երդմնատվություն եւ պայմանագրերի կնքում։ Մարտադրոշը բարձրացնում է բանակի կամ առանձին ջոկատի բարոյական ոգին եւ մարտունակությունը, դառնում նաեւ ռազմական մասունք։ Այսպիսով՝ մարտադրոշն ուներ եւ ունի ինչպես գործնական, այնպես էլ բարոյական մեծ նշանակություն։

Հին եւ միջնադարյան հայկական թագավորությունների եւ նախարարությունների բանակներն ունեին սեփական մարտական դրոշները, որոնք որոշ չափով հետազոտված են։ Սակայն բացարձակապես չուսումնասիրված են մնում պատմական սկզբնաղբյուրներում առկա տեղեկությունները 1720-ական թթ. Արցախում (Ղարաբաղ) եւ Սյունիքում (Կապան) ստեղծված հայկական զորքերում մարտական դրոշների մեծաթիվ առկայության վերաբերյալ։

Թեեւ 1720-ական թթ. հայկական մարտական դրոշների վրա եղած պատկերները մեզ հայտնի չեն (բացառությամբ երկու դրոշի, ստորեւ կներկայացնենք), այդուհանդերձ` մի շարք կողմնակի տեղեկություններ թույլ են տալիս որոշ պատկերացում կազմել դրանց մասին։

Հայ ազատագրական շարժման ռահվիրա Իսրայել Օրին (1659-1711) հե՛նց մարտական դրոշներ բաժանելու միջոցով էր ցանկանում խորհրդանշել հայոց զորքի ապագա կազմավորումը։ Նա իր եւ՛ պֆալցյան (1699 թ.), եւ՛ մոսկովյան (1701 թ.) ազատագրական ծրագրերում հատուկ ընդգծում էր մարտական դրոշները կանխավ պատրաստելու, ապա եւ դրանք հայկական նոր կազմավորվող գնդերին ռազմական գործողությունների բուն թատերաբեմում՝ Արեւելյան Հայաստանում բաժանելու անհրաժեշտությունը։

1699 թ. Իսրայել Օրին Պֆալցի կուրֆյուրստից հայցում էր «հարյուր դրոշակ, որոնք ներկայացնեն մի կողմից Խաչելությունը եւ մյուս կողմից՝ սուրբ Գրիգոր Լուսավորչին եւ պատշաճ մակագրությամբ՝ հայերենով։ Դրանով ցույց ենք տալիս, որ այս լավ ժողովուրդը միշտ հուսացել է դուրս գալ գերությունից՝ խաչի զորությամբ եւ իր հովանավոր սուրբ Գրիգորի միջնորդությամբ։ Դրոշակները պիտի բաժանվեն [Արեւելյան Հայաստանի] նահանգներում»։

Մինչդեռ ռուսաց արքունիքին՝ 1701 թ. հուլիսի 25-ին ներկայացրած իր հուշագրում Իսրայել Օրին առաջարկում էր, որ ռուսական օգնական զորքի Հայաստան մտնելու ժամանակ՝ տեղում կազմավորվելիք հայկական գնդերին բաժանվի 100 մարտական դրոշ, որոնց մի երեսին պատկերված կլինի Քրիստոսի Խաչելությունը, մյուսին՝ ռուսաց ցարի զինանշանը։ Ուշագրավ է, որ նա այլեւս չէր խոսում Սբ. Գրիգոր Լուսավորչի պատկերի եւ հայերեն մակագրության մասին՝ այդպիսով ցանկանալով վստահություն ձեռք բերել ռուսաց արքունիքում, որտեղ Հայաստանի ազատագրության հարցին նոր էին ծանոթանում, ինչպես նաեւ իրավացիորեն համարելով, որ հայության ճնշված զանգվածների շրջանում միջազգային մեծ համբավ վայելող Պետրոս Ա-ի զինանշանն իրոք կառաջացնի անասելի ոգեւորություն, որն այդքան անհրաժեշտ էր նախապատրաստվող ապստամբության հաջողության համար։ Ըստ Օրու ծրագրի, երբ Նախիջեւան քաղաքն ազատագրելուց հետո այնտեղ հավաքվեն հայոց ղեկավարները եւ ամբողջ հայկական զորքը եւ «ընդունեն տիրակալի (իմա՝ Պետրոս Ա-ի) զինանշանով դրոշները, այնժամ նրանք մեծ խանդավառությամբ ու նախանձախնդրությամբ կշարժվեն թշնամիների վրա, որպեսզի կարողանան նրանցից ձերբազատվել եւ իրենց բնակավայրերն ու քաղաքներն ազատագրել»։

XVIII դարի մի աղբյուրի` ֆրանսիացի հեղինակ դե Պեյսոնելի համաձայն՝ 1751 թ. վրաց-հայկական միացյալ զորաբանակի «բոլոր զինվորներն իրենց հագուստի ու դրոշակների վրա կրում էին խաչի նշաններ»։ Սա էլ եւս մեկ լրացուցիչ վկայություն է առ այն, որ խաչի եւ Խաչելության պատկերները պետք է լինեին նաեւ ավելի վաղ՝ 1720-ական թթ. մարտնչող սյունյաց եւ արցախյան գնդերի դրոշներին։ Թվում է, թե ազատագրական պատերազմի այդ ամենաթեժ ժամանակաշրջանում, երբ ազգային պետականության վերականգնման հույսերը դեռ շատ մեծ էին, հայկական դրոշների մյուս երեսը հաճախ ներկայացնելու էր հայ թագավորների եւ իշխանների հին կամ նոր զինանշաններն ու հայոց ազգային եկեղեցու խորհրդանիշները, հատկապես՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի դիմապատկերը։ Այս առումով չպետք է բացառել նաեւ մեկ այլ հնարավորություն՝ այն, որ 1720-ական թթ. հայկական մարտական դրոշները նմանակել են ոչ թե (կամ ոչ միայն) Ռուսաստանի, այլ Մեծ Հայքի փառաբանված սպարապետների՝ Մամիկոնյանների տոհմական զինանշանն ու դրոշը, որոնց վրա նույնպես պատկերված էր երկգլխանի արծիվը, ինչի մասին ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ռուսները իմանալ չէին կարող։

Սակայն 1720-ական թթ. կազմավորված հայկական զորքի մարտական դրոշների վրա եղած պատկերների մասին միակ առարկայական տեղեկությունը պահպանվել է շնորհիվ ռուս-թուրքական դիվանագիտական մի միջադեպի։ 1730 թ. հուլիսի 26-ին Կ. Պոլսում ռուսաց ցարի դիվանագիտական ներկայացուցիչ՝ ռեզիդենտ Իվան Նեպլյուեւին այցելում է Բարձր Դռան ուղարկած թարգմանիչը, որը նրան բանավոր բողոք է ներկայացնում։ Օսմանցի պաշտոնյան Ի. Նեպլյուեւին ցույց է տալիս (ռուսական երեք անձնագրերի ու հայերեն նամակների հետ միասին) հայկական մի անհայտ զորամասի պատկանող երկու մարտական դրոշներ, որոնք նույն՝ 1730 թ. տեղի ունեցած մի ճակատամարտի ժամանակ ընկել էին Գանձակում նստող Իբրահիմ փաշայի հրամանատարության տակ գործող թուրքական զորքի ձեռքը։ Թուրքական հրամանատարության կարծիքով` այդ դրոշները ռուսական ծագում ունեին։ Դրանց առաքումն իրենց չհնազանդվող հայկական զորքերին՝ օսմանյան կողմը գնահատում է որպես ռուսների՝ Բարձր Դռան նկատմամբ ոչ բարյացակամ քայլ եւ միջամտության ապացույց։

Նեպլյուեւի նկարագրությունից դատելով՝ այդ դրոշներից մեկի վրա իրոք պատկերված է Ռուսաստանի զինանշանը, թեպետեւ որոշակիորեն ձեւափոխված։ Այդ մի դրոշը «սպիտակ տաֆտայից (մետաքսե դիպակից) է եղել, սպիտակ գետնի (ետնախորքի) վրա պատկերելով ռուսական երկգլխանի թագակիր արծիվը»։ Սակայն նմանությունները դրանով էլ ավարտվում են, որովհետեւ ռուսական զինանշանի արծիվն այդ ժամանակ արդեն սեւ էր (մինչեւ Պետրոս Ա-ի ժամանակները հիմնականում ոսկյա էր), իսկ հայկական դրոշի վրայի արծիվը՝ կարմիր։ Հայկական զորամասի այդ դրոշն ուներ նաեւ այլ տարբերություններ. արծվի գլուխների անջատման տեղում կար փոքր խաչ, արծվից եւ թագերից վերեւ մի քանի խաչեր ու Սուրբ Հոգին խորհրդանշող՝ ներքեւ սլացող աղավնի։ Վերեւի անկյունում՝ երկնագույն ետնախորքի վրա, պղնձե դրոշակակիր նիզակ, որի մեջտեղում՝ խաչ։ Մյուս հայկական դրոշը, որ նույն սպիտակ տաֆտայից էր, առհասարակ նմանություն չուներ ռուսական դրոշների հետ. այն որեւէ զինանշան չուներ, այլ պատկերում էր միայն նույն նիզակը՝ խաչերով եւ աստղերով։

Բարձր Դռան բողոքին ի պատասխան՝ Ի. Նեպլյուեւը, մատնանշելով իսկական ռուսական զինանշանի հետ տարբերությունները, հայտարարել է, որ այդ դրոշները հայերն իրենք են պատրաստել, ապա ավելացրել, որ այդպիսի նմանակումը դժվար չէ, օրինակ բերելով ծովահեններին, որոնք ունեն բոլոր տիրակալների իրենց իսկ պատրաստած դրոշակները։

Այժմ դժվար է հստակորեն ճշտել՝ իրո՞ք հայերն իրենք էին պատրաստել այդ դրոշները, թե դրանք, այնուամենայնիվ, տվել էին ռուսները՝ ցանկանալով ոգեւորել Սղնախների աստիճանաբար թուլացող դիմադրությունը (ռուսական պաշտոնական գաղտնի գրագրության մեջ նրանց այդ ցանկությունը բազմիցս բացեիբաց արտահայտվել է)։ Երկու տարբերակներն էլ միանգամայն հնարավոր էին։

Նմանապես դժվար է միանշանակորեն եզրակացնել, թե որտե՞ղ էին առգրավվել այդ դրոշները՝ Արցախու՞մ թե Սյունիքում։ Այն, որ հայերի հետ բախվել են Գանձակում նստող Իբրահիմ փաշայի հրամանատարության ներքո գործող զորքերը, կարծես թե հուշում է, որ խոսքը վերաբերում է ղարաբաղյան հայկական ուժերին, մանավանդ, որ նրանք, ի տարբերություն սյունեցիների, ռուսների հետ մշտական կապի մեջ էին։ Վստահաբար կարելի է ասել, որ մինչեւ Դավիթ-բեկի մահը՝ նրա վարած քաղաքականության, մասնավորապես պարսկական ուժերի հետ դաշնակցելու իրապաշտ ռազմավարության պայմաններում Սյունիքում ռուսական դրոշների կիրառման հնարավորությունը չնչին էր։ Սակայն մեզ հայտնի է տակավին 1726 թ. մարտի 24-ին Մխիթար սպարապետի ուղերձը ռուսաց արքունիքին, որով ռուսներից ռազմական օգնություն էր հայցվում։ Ուստի չի բացառվում, որ 1728 թ.՝ Դավիթ-բեկի մահից հետո, Մխիթարը փորձած լինի խորացնել ռուսների հետ իր կապերը։ Այս դրոշները կարող էին թուրքերի ձեռքն ընկած լինել նաեւ Հալիձորի գրավման ժամանակ, որը տեղի է ունեցել 1730 թ.։

Նեպլյուեւին Բարձր Դռան ներկայացրած բողոքից ընդամենը 16 օր առաջ՝ 1730 թ. հուլիսի 10-ին, Կ. Պոլսից Մխիթար Սեբաստացուն առաքված մի նամակում հաղորդվում է. «…Նաեւ ասի թէ տաճիկք զՍղնախի հայերն յաղթահարեալ, ու զգերդաստանիս նոցին գերի վարեալ՝ աւելի քան զքսան հազար բերեն աստ» (ընդգծումն իմն է՝ Ա.Ա.)։ Այս հաղորդումն ամենայն հավանականությամբ վերաբերում է Հալիձորի գրավմանը, քանի որ տեղյակ ենք, որ այդ բերդում գերեվարվել է սյունյաց գլխավոր զորահրամանատարի ընտանիքը՝ «եւ առին զկին եւ զորդիսն Մխիթարայ եւ զամենայն որ ինչ էր անդ, եւ թողին գնացին»։ Ուստի, 1730 թ. երկու վերոհիշյալ մարտական դրոշների վայրի՝ Արցախում կամ Սյունիքում կիրառվելու հարցը պետք է տակավին բաց համարել։

Ամեն դեպքում՝ այն, որ հայերը փորձել են գործածել ռուսական զինանշանով դրոշներ, պարզվում է նաեւ մեկ այլ փաստից։ Ռուսաստանում հայ ազատագրական շարժման երկարամյա ներկայացուցիչ, Իսրայել Օրու զինակից Մինաս վարդապետ Տիգրանյանի մահից հետո (1740 թ.), Մոսկվայում նրա թողած ունեցվածքի մեջ գրանցվել է նաեւ երկու դրոշ. մեկը՝ դարձյալ «սպիտակ տաֆտայից՝ երկու կողմում էլ Ռուսաստանի զինանշանի պատկերը՝ 3 արշինից մեկ վերշոկ պակաս երկարությամբ (հավասար է մոտ 2 մետրի – Ա.Ա.) եւ նույն չափի լայնությամբ», երկրորդը՝ երկարությամբ եւ լայնությամբ նույն չափի էր՝ «բոսորագույն տաֆտայից, երկու կողմերում ոսկե գունավոր պատկեր, թագի տակ աստղ եւ այլն»։ Հետաքրքիր է, որ այս նկարագրությունը բավականին նման է 1730 թ. թուրքերի ձեռքն ընկած դրոշներին, ինչը կարող է վկայել, որ այդ դրոշները Հայաստան է ուղարկել Մինաս վարդապետը՝ հայ ազատամարտի ներկայացուցիչների միջոցով։

Վերջում նշենք եւս մեկ պատմական փաստ։ 1727 թ. մարտի 4-ին հայկական զորքերը Հալիձորի տակ ջախջախեցին 60.000-անոց թուրքական բանակը, ոչնչացնելով 13.000 ասկյար եւ խլելով նրանցից 148 օսմանյան մարտական դրոշ…

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Պատմության էջերից


22/06/2011