ՔՈՒՐԴ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳՅՈՒԼԹԱՆ ՔԸՇԱՆԱՔԻ ԽԻԶԱԽ ԵԼՈՒՅԹԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Մենք ստիպելու ենք, որ դուք սրա համար թանկ գին վճարեք… Նրանք, ովքեր օրը ցերեկով կոտորել են խաղաղ բնակիչներին ոստիկանության աչալուրջ հայացքի տակ, և նրանք, ովքեր կարծում են, թե կարող են շրջանցել 35 մարդու սպանությունը և սպառնալ քրդերին, շուտով կգիտակցեն, որ այս ջարդերում իրենք են պարտվողները… Ոչ ոք մահից չի վախենում… Մահից առավել ի՞նչ կա…. Ինչպե՞ս եք հանդգնում ձեզ մեզնից վեր դասելու… Ինչո՞վ եք մեզնից առավել: Ինչո՞վ են թուրքերը առավել քրդերից: Ինչո՞վ էին գերմանացիները առավել հրեաներից…
♦♦♦
Ամո՛թ ձեզ… 90 տարի այս երկիրը ահաբեկչությունը որպես պատրվակ է օգտագործել և բազմաթիվ կոտորածներ իրականացրել… Դուք փորձում եք ոչնչացնել քուրդ ժողովրդին… Կա քրդական հարց: Չկա ահաբեկչության հարց:
Վերջին օրերին համացանցում շրջանառվում են Թուրքիայի խորհրդարանում հայ և քուրդ պատգամավորների խիստ քննադատական ելույթները: Նախորդ իմ հրապարակման մեջ ես ներկայացրել էի հայ պատգամավոր Կարո Փայլանի համարձակ ելույթը Հայոց ցեղասպանության մասին: Իսկ այս անգամ ցանկանում եմ ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեկ այլ խիզախ ելույթ, որով հանդես է եկել քուրդ կին պատգամավոր Գյուլթան Քըշանաքը: Թեև տեսանյութը վերջերս է հայտնվել համացանցում, սակայն նրա ելույթը տեղի է ունեցել 2012 թ. հունվարին՝ Թուրքիայի բռնազավթած Քուրդիստանի Ռոբոսկի գյուղում զինվորականների իրականացրած 35 քուրդ երիտասարդ բնակիչների կոտորածից կարճ ժամանակ անց…
Ահա հատվածներ քուրդ պատգամավորի ուշագրավ ելույթից.
«….Ես կասկածի տակ եմ դնում բոլոր նրանց մարդկայնությունը, իսլամական կրոնը և հավատը, որոնք վիշտ կամ ամոթ չեն զգում այս իրավիճակի համար և իրենց մահմեդական են անվանում, որոնք հաշիվ չեն տալիս իրենց այս իրավիճակի համար: Բոլորին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել: Արդյոք ձեր խիղճը այդքան կուրացե՞լ է: Արդյոք սա՞ եք համարում մարդկայնություն… Ինչպե՞ս կարող եք այդքան անտարբեր և անհոգ լինել 35 մարդու կոտորածի հանդեպ: Ինչպե՞ս կարող եք այդքան անմարդկային լինել: Առաջին հերթին, վեր կացեք և ներողություն խնդրեք. վշտակցեք, եթե, ինչպես պնդում եք, դուք մարդկային արարածներ եք, եթե խիղճ ունեք: Բայց դուք սրանցից ոչ մեկը չեք անում, ու դրա փոխարեն այնպես եք ձեզ պահում, կարծես թե մի ճանճ կամ մի քանի հավ է սատկել «դժբախտ պատահարից»: Ամո՜թ ձեզ… 90 տարի այս երկիրը ահաբեկչությունը որպես պատրվակ է օգտագործել և բազմաթիվ կոտորածներ իրականացրել… Դուք փորձում եք ոչնչացնել քուրդ ժողովրդին… Չկա ոչ մի ահաբեկչություն… Այս երկրի զինվորական շտաբի ղեկավարն ասում է. «Մենք սպանել ենք 40 հազար մարդու: Մենք բազմիցս ռմբակոծել ենք լեռները, բայց այս խնդիրը դեռ չի վերջանում»: Դուք դեռևս անկարող եք հասկանալու այս ճշմարտությունը… Այնտեղ մարդիկ կան, որոնք իրավունքներ ունեն… Կան մարդիկ, որոնց ինքնությունը մերժվում է… Կա քրդական հարց: Չկա ահաբեկչության հարց….»:
Քուրդ պատգամավորը շարունակեց իր ելույթը՝օգտագործելով ավելի խիստ բառեր. «Մենք ստիպելու ենք, որ դուք սրա համար թանկ գին վճարեք… Նրանք, ովքեր օրը ցերեկով կոտորել են խաղաղ բնակիչներին ոստիկանության աչալուրջ հայացքի տակ, և նրանք, ովքեր կարծում են, թե կարող են շրջանցել 35 մարդու սպանությունը և սպառնալ քրդերին, շուտով կգիտակցեն, որ այս ջարդերում իրենք են պարտվողները… Ոչ ոք մահից չի վախենում… Մահից առավել ի՞նչ կա…. Ինչպե՞ս եք հանդգնում ձեզ մեզնից վեր դասելու… Ինչո՞վ եք մեզնից առավել: Ինչո՞վ են թուրքերը առավել քրդերից: Ինչո՞վ էին գերմանացիները առավել հրեաներից… Որպես այս երկրի հավասար քաղաքացիներ, յուրաքանչյուր ոք պատրաստվում է ազատորեն քաղաքացիական իրավունքներ ունենալ իր իսկական ինքնությամբ: Կողք կողքի ապրելով որպես ազատ, պատվավոր քաղաքացի՝ մենք երբեք չենք ընդունի անպատվված լինելու հանգամանքը: Երբեք… Եթե դուք նույնիսկ հազարավոր ջարդեր իրականացնեք, մենք դա երբեք չենք ընդունի»:
Երբ մի իշխանամետ պատգամավոր փորձեց ընդհատել Քըշանաքի ելույթը, քուրդ պատգամավորը գոռաց նրա վրա. «Ձայնդ կտրի՜ր: Դուք նույնիսկ ուժ չգտաք դատապարտելու այս ջարդը: Լռի՜ր»:
Քըշանաքը, որն այժմ Դիարբեքիրի համաքաղաքապետն է, շարունակեց իր ելույթը. «Ինչ-որ մեկը [Էրդողանը] ասում է. «Մենք չենք պատրաստվում նրանց [քրդերին] թույլ տալ բնակություն հաստատել այդ շրջաններում»: Ի՞նչ բնակություն հաստատել: Մենք հազար տարուց ավելի այստեղ ենք: Մենք խոր արմատներ ենք գցել այդ քարափներում, ժայռերում, Քուդի, Գաբար, Ագրի (Արարատ) և Մունզուր լեռներում: Մենք դրանց խորքերում ենք: Մենք այստեղ ենք և եղել ենք պատմության սկզբից ու պատրաստվում ենք այստեղ լինել մինչև վերջ… Ի՞նչ «բնակություն հաստատել»: Մենք այստեղ արմատավորված ենք հենց սկզբից: Մեր նախնիները, պապերը և գերեզմանոցները, բոլորն այստեղ են: Մեր լեզուն, մշակույթը այստեղ են: Ի՞նչ «բնակություն հաստատելու» մասին է խոսքը… Նրանք ցանկանում են ձուլել և ոչնչացնել քուրդ բնակչությանը, որ հազարավոր տարիներ այստեղ է ապրում»:
35 քրդերի սպանությունը անվանելով «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»՝ Քըշանաքը շարունակեց. «Մենք թույլ չենք տա, որ դա շարունակվի… Մենք օգտագործելու ենք միջազգային բոլոր հնարավոր մարդու իրավունքները, որպեսզի նրանք հաշիվ տան իրենց ոճրագործությունների համար: Բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ ջարդերը, հրամաններ արձակել, ռմբակոծել տարածքը, բզկտել երեխաների մարմինները, դրա համար պատասխան են տալու հանրության առջև: Ինչ-որ մեկն ասել է. «Չկա մտադրություն, չկա ներողություն», սակայն՝ «Կա հատուցում»: Ամաչե՜ք ինքներդ ձեզնից: Գիտե՞ք, թե սա ինչպես է կոչվում մեր [քրդական] մշակույթի մեջ. արյունոտ փողեր: Եթե ես փող ունեմ, ես կարող եմ ոճիր գործել և փող վճարել այն քողարկելու համար: Ուստի, դուք կարծում եք, թե կարող եք սպանել, հետո վճարել և փորձել քողարկե՞լ: Ամաչե՜ք ինքներդ ձեզնից …»:
Խորհրդարանի խոսնակը անջատեց խիզախ քուրդ պատգամավորի խոսափողը՝ ստիպելով նրան ընդհատել ելույթը…
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #20 (1140) 01.06.2016 - 07.06.2016, Տարածաշրջան