ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հունիսի 4-ին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի անցկացմանն օժանդակել է «Հայ Տեք» կիբերանվանգության կենտրոնը` ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:
Այս տարի մրցույթին մասնակցում էին շուրջ 200 դպրոցների 6-10-րդ դասարանների 400 աշակերտներ: Ամենամյա մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ինչպես նաև ստեղծելու հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար:
Հանդես գալով շնորհավորանքի և շնորհակալական խոսքերով` մրցույթի կազմակերպիչներից Ռուզաննա Նիկոյանը նշեց, որ մրցույթի կարևորագույն նպատակներից է աշակերտներին համակարգչի մասին ընդհանրական պատկերացում տալը, գրագետ, բազմակողմանի զարգացած սերունդ կրթելը, ընդգծեց, որ դպրոցների այսօրվա աշակերտները վաղվա զինվորներն են, որոնք իրենց գիտելիքները պետք է ծառայեցնեն զինված ուժերի առավել զարգացման գործին:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանն իր հերթին ընդգծեց նմանաբնույթ միջոցառումների անցկացման կարևորությունը, ապա փաստեց, որ մրցույթը նպատակ ունի աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնելու ինֆորմատիկա առարկայի և առհասարակ համակարգչային տեխնոլոգիաների նկատմամբ, քանի որ այսօրվա դպրոցականների ապագա նորարարական լուծումները, անշուշտ, առանցքային դերակատարություն են ունենալու նաև պաշտպանական բնագավառում: