Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ



Հարություն Մերդինյան

Հարություն Մերդինյան

Մագին սիրելի գործընկերուհուս զարմուհին է: Նա ութ տարեկան է, բայց արդեն մասնագիտություն ունի` մարմնամարզուհի է: Եվ պատրաստվում է Հայաստանի առաջնությանը: Մագին եկել է խմբագրություն ու լուսավորում է ինձ.

-Մեր մարմնամարզիկները հաղթել են Եվրոպայի առաջնությունում: Հարություն Մերդինյանը դարձել է չեմպիոն, Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը արծաթե մեդալակիր են դարձել, իսկ Արթուր Ավետիսյանը փոխչեմպիոն է երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:

-Ի՜նչ ես ասում,- ես դերի մեջ եմ մտել,- չեմպիո՞ն ունենք:

Մագին գլխով է անում.

-Եվրոպայի չեմպիոն, ոչ թե Հայաստանի,- հետո ասում է,- ես էլ եմ ուզում չեմպիոն դառնալ, շատ եմ ուզում:

-Մենք բոլորս էլ ուզում ենք չեմպիոն դառնալ:

-Դո՞ւք էլ,- զարմանում է Մագին,- բայց Դուք մարզիկ չեք, լրագրող եք:

-Բոլոր մասնագիտություններն էլ իրենց չեմպիոնն ունեն, երրորդ, երկրորդ կարգայինները, վարպետները…

Մագին ինչ-որ բան է մտածում:

-Իսկ Ձեզ մեդալ տալի՞ս են:

-Տալիս են:

-Իսկ պատահո՞ւմ է, որ դու լավագույնը լինես, իսկ մեդալը տան մեկ ուրիշին, որն ավելի թույլ է:

Մագին նայում է ինձ իր սևուկ, խելոք աչքերով ու պատասխանի է սպասում: Լուրջ զրույց է ստացվում:

-Պատահում է,- Մագին չի թողնում՝ շարունակեմ, անմիջապես հաջորդ հարցն է տալիս:

-Իսկ Դուք ի՞նչ եք անում այդ ժամանակ:

-Եթե ուզում ես չեմպիոն լինել, պիտի ոչ միայն լինես լավագույնը, այլև շատ, հնարավորինս շատ առաջ անցնես երկրորդ  տեղի հավակնորդից: Այնքան շատ, որ դադարես նկատել նրան: Սա ինձ մայրս է սովորեցրել: Նման դեպքում քո մեդալն ուրիշին չեն տա: Ի վերջո` կա հանդիսատես, որը տեսնում է, թե ով է իսկական չեմպիոնը:

Մագին ուշադիր լսում է:

-Ես երազում եմ Հայաստանի չեմպիոն լինել, հետո օլիմպիական մեդալ ունենալ:

Մի բան եմ հիշել, որն ուզում եմ պատմել Մագիին: Բայց այնպես պիտի պատմեմ, որ մատչելի լինի նրա փոքրիկ հոգուն:

-Ես մի հոգևորական ընկեր ունեմ…

-Քահանա՞:

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

-Հա՛, քահանա՛: Մի անգամ ես նրան ասացի. «Քո կարծիքով` անարդար չէ՞, որ Աստված մեկին ստեղծել է ուժեղ, մյուսին` թույլ, մեկին` հզոր, մյուսին` խեղճ, մեկին` ընդունակ, մյուսին` տկարամիտ: Եվ մեկը կարող է հեշտությամբ չեմպիոն դառնալ, իսկ մյուսը, որքան էլ չարչարվի, չի կարող: Երբեք չի կարող»: Իմ հոգևորական ընկերը պատասխանեց. «Աստված ասել է` ընկերոջդ սիրիր ու ուրախացիր ընկերոջդ հաջողություններով, ինչպես քո սեփական հաջողություններով կուրախանաս: Իսկ ամենակարևոր մրցահարթակում Աստված բոլորիս հավասար է ստեղծել, և բոլորս հնարավորություն ունենք չեմպիոն լինելու»:

-Ի՞նչ մրցահարթակ,- Մագին կնճռոտել է ճակատն ու ճիգ է անում հասկանալ ասածս:

-…Երբ մենք մրցում ենք ավելի լավը լինելու համար: Ավելի բարի, կարեկից, ազնիվ…

Դժվար է գուշակել, թե ինչ մտքեր են լողում Մագիի փոքրիկ ու սիրուն գլխում:

-Ուզո՞ւմ եք մոտից տեսնել չեմպիոններին,- հարցնում է Մագին` դեմքին երանության ժպիտ:

-Իհարկե:

-Ժամը 11-ին նրանք գալու են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց: Եկեք գնանք ու սպասենք նրանց մուտքի մոտ:

…Այդպես էլ անում եմ: Մարզադպրոցի մոտ դիմավորում եմ մարզիկներին: Հետո նրանց հրավիրում եմ իմ աշխատասենյակ ու կես ժամ անցկացնում հաղթողների հետ:

♦♦♦

Իմ աշխատասենյակը հռչակավոր մարդկանց պակաս երբեք չի զգացել, այդուհանդերձ, միջանցքում իրարանցում է, ու աշխատասենյակիս դուռը չի փակվում: Ընկերներս մեկը մյուսի ետևից ներս են մտնում, շնորհավորում տղաներին, լուսանկարվում նրանց հետ` ընդհատելով մեր զրույցը:

-Ներեցեք, որ խանգարում են,  չեն թողնում կենտրոնանալ,- ասում եմ ես:

Արթուր Ավետիսյան

Արթուր Ավետիսյան

-Չեն խանգարում, մարդկանց սերը, ջերմությունը, բարի խոսքերը, այնպիսի ոգևորությամբ են լցնում  սիրտդ, այնքան են խանդավառում, որ քեզ լիուլի վարձատրված ես զգում,- պատասխանում է Եվրոպայի չեմպիոնը` Հարություն Մերդինյանը:

Անկեղծ ասած՝ նրան բոլորովին այլ կերպ էի պատկերացնում` ավելի բարձրահասակ, թիկնեղ, մկանուտ, չեմպիոնին վայել ինքնամեծար: (Այս բառը ես եմ հորինել` գոռոզի փոխարեն), բայց Հարությունը ճիշտ հակառակն է` փոքրամարմին, ժպտուն, անմիջական ու պարզ: Անկեղծությունը պարզապես կաթում է աչքերից:

-Ինչքան էլ ուզում ես՝ լավ հոդված գրիր, լրագրողի պատվին երբեք հիմնը չի հնչում,- բողոքում եմ ես:

-Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է, որ իր պատվին հնչի սեփական երկրի հիմնը: Դա մի ուրիշ զգացողություն է, ասես յուրաքանչյուր հնչյուն քո սրտից են քամում, թվում է` ամբողջ կյանքիդ առաքելությունը ամփոփված է այդ մի քանի րոպեի մեջ, ու դա քո հաղթանակի հիմնն է,- կրակին յուղ է լցնում Հարությունը:

Փոխչեմպիոնները` Վահագնը ու երկու Արթուրները ուշադիր լսում են ու գլխով անում:

-Հարությունն աշխարհի քառակի գավաթակիր է, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր,- Արթուր Դավթյանը որոշում է թվարկել չեմպիոնի տիտղոսները,- նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, 25 անգամ եղել է Հայաստանի չեմպիոն…

-Մեր օլիմպիական հույսը,- Հարությունն էլ Արթուրին է ներկայացնում:

Վայելում եմ պահը. քիչ է պատահում, որ մարդը այսպես խանդավառվի, հպարտանա ընկերոջ հաջողություններով, մանավանդ` եթե նրանք նույն մասնագիտությունն ունեն: Աշխատասենյակս հետզհետե լցվում է փափուկ, լուսավոր ջերմությամբ` հոգու դրական էներգիայով ¥այս բառակապակցությունն էլ եմ ես հորինել):

-Մարդիկ դժվար են համակերպվում գործընկերոջ հաղթանակի հետ,- ասում եմ ես:

-Մենք թիմով ենք հաղթում,- պատասխանում է Վահագնը: (Ես հիշում եմ նրա ելույթներից մեկը. այնքան սահուն ու գեղեցիկ է պտտվում օղակներով, պարզապես գեղագիտական հաճույք էի ստանում):

-Սպորտում, հատկապես մեր մարզաձևում, ֆիզիկական պատրաստվածությունը նույնքան կարևոր է, որքան հոգեբանական պատրաստվածությունը: Դու պիտի ուժեղ լինես և՛ մարմնով, և՛ հոգով,- շարունակում է Վահագնը: -Թիմակցիդ հետ մրցակցելը, նախանձը ջլատում են ուժերդ, իսկ թիմային ոգին՝ բազմապատկում ներուժդ:

Վահագն Դավթյան

Վահագն Դավթյան

-Երբ դուրս ես գալիս միջազգային մրցահարթակ, չես մրցակցում այս կամ այն մարզիկի հետ, այլ քո երկիրն է չափվում այլ երկրների հետ: Ու կարևորն այն է, որ քո երկիրը հաղթի, որ հնչի քո երկրի հիմնը: Ու երկրորդական է` դո՞ւ հաղթանակ կբերես երկրիդ, թե՞ ընկերդ:

…Բայց փողն ու փառքը հաղթողն է ստանում` անցնում է մտքովս: Հետո մի ուրիշ միտք գալիս է «խմբագրելու» նախորդը` հենց սա է ճշմարիտ հայրենասիրությունը, երբ անձնական շահդ ստորադասվում է երկրիդ հաջողությանը, երկրիդ փառքին:

-Քառօրյա պատերազմից հետո մի տեսակ ավելի շատ էինք ուզում հաղթել,- ասում է Արթուրը: Նա հենացատկում Եվրոպայի արծաթե մեդալակիր է դարձել: 18 տարի մարզվում է այս հաջողության համար: Իր մարզական նվաճումները էապես պայմանավորում է մարզչի ճիշտ աշխատանքով և պարտությունները հաղթանակի վերածելու հոգեբանական պատրաստվածությամբ:

-Դու պիտի համոզված լինես, որ պարտությունը ոչ թե ճակատագիր է, այլ՝ վրիպում, սխալի հետևանք, և միշտ հնարավորություն ունենաս պարտությունը հաղթանակի վերափոխելու, եթե ուղղես սխալներդ ու հավատաս քո ուժերին: Հաղթում են նրանք, ովքեր շատ են ուզում հաղթել, ովքեր հանուն հաղթանակի պատրաստ են զոհողությունների:

-Ովքեր շրջապատված են իրենց սիրող ու անշահախնդիր ընկերներով,- ավելացնում է Վահագնը:

Տղաներից ամենակրտսերը Արթուր Ավետիսյանն է: Նրա վերջին մրցելույթը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում եզրափակվեց փոխչեմպիոնի տիտղոսով:

-Շուտով կզորակոչվեմ,- ասում է Արթուրը: Հպարտությամբ է ասում:

-Թուրքերի վերջը եկել է,- կատակում է Վահագնը:

18-ամյա արծաթե մեդալակիրը երազում է օլիմպիական մեդալի մասին:

-Ի՞նչ է պետք օլիմպիական մեդալ նվաճելու համար,- հարցնում եմ Արթուրին:

-Ինչքան է պետք,- հարցս «վերաձևակերպում է» Վահագնը:

-Իմ հաջողությունների համար ավագ ընկերներիս եմ պարտական,- ասում է Արթուրը: Ու ես զգում եմ, որ «ավագ ընկերներին» դուր է գալիս Արթուրի խոստովանությունը: -Նրանք միշտ կողքիս են եղել, օգնել են:

Այդ պահին ներս է մտնում մեր լուսանկարիչը: Տղաները կախում են մեդալները: Ձախ ձեռքով գրկում են մեկը մյուսի ուսը, աջով ցուցադրում են մեդալները: Ու լուսանկարվում են:

Երբ մարզիկները գնում են, նա ցույց է տալիս լուսանկարը:

-Ո՞նց կվերնագրես այս նկարը,- հարցնում է:

-Հայաստան,- պատասխանում եմ անմիջապես:

Արեգը նայում է թերահավատ.

-Հայաստան… եւ վերջ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Մարզաշխարհ


08/06/2016