ՍՐՏԻ ԽՈՍՔ
Մռավի մարտական հենակետերից իջնելիս գնդապետ Հ. Աթոյանի հրամանատարությամբ գործող զորամասի ժամանակավոր տեղակայման վայրում հանդիպեցի ենթասպա Ալիս Սահակյանին: Նա ոգևորված հարցրեց. «Տեսա՞ք` ինչ քաջ տղերք ունենք, տեսա՞ք` ինչ արծիվներ են սավառնում Մռավի գագաթներին»: Սա հարց չէր, այլ համոզմունք, սա հարց չէր, այլ ծնողի` հոր, մոր, հրամանատարի, ժողովրդի հաստատուն համոզմունք… Հետո տիկին Ալիսան սկսեց թվարկել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անուններ` Արմենակ, Անդրանիկ, Քյարամ, Հայկ, Բենիկ, Ալեքսան…
Արցունքներ երևացին նրա աչքերում, ու նա ասաց. «Ուզում եմ, որ մեր հերոսներն ապրեն, տեսնեն, վայելեն իրենց քաջագործությունների արդյունքը: Հավատացած եմ` այսուհետ այդպես էլ լինելու է, որովհետև հայոց հողը ինչպե՞ս ընդունի այդքան չվայելած սեր, այդքան կարոտ ու համբույր: Եվ այսուհետ պիտի ապրեն մեր որդիները»:
Մենք բաժանվեցինք հազար տարվա ընկերների պես: Ես նրան բարի, անփորձանք ծառայություն ցանկացա: Հրաժեշտի ժամանակ Ալիսան այս բանաստեղծությունը մեկնեց ինձ՝ «Սրտիս խոսքն է»:
ԱՂՈԹՔ ԵՎ ԿՈՉ
Աղոթում եմ այսօր Աստծուն`
Խաղաղություն բեր մեր հոգուն,
Թող որ այսպես էլ չլինի,
Թող կռիվը այս դադարի:
Անմեղ զոհեր մենք ունեցանք,
Քաջ զինվորներ կորցրեցինք,
Մայրերն ինչպես պիտի ապրեն,
Ինչպես պիտի վերեւ նայեն:
Զենք եմ ուզում, զենք տվեք ինձ,
Պիտի ես էլ գնամ սահման,
Չէ՞ որ որդիս այնտեղ զոհվեց,
Իսկ իր կողքին ընկեր թողեց:
Եկեք մենք էլ գնանք սահման,
Ընկեր լինենք նրանց կողքին,
Չէ՞ որ բալես ընկեր թողեց,
Սահման պահող զինվոր թողեց…
12.04.2016թ.
Պատրաստեց Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Ազգային բանակ