Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԵՍ ԱՐԹՆԱՑԱ ԱՅԼ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ



Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

 

ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԵՍ ԱՐԹՆԱՑԱ ԱՅԼ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄԲոլորս հոտնկայս ծափահարում, միմյանց շնորհավորում էինք, արեւմտահայ տատիկը բարձրաձայն լաց էր լինում, տղամարդիկ հազիվ էին զսպում արցունքները…

«Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը…», «Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը…» վերնագրերով էին ողողված հունիսի 3-ի գերմանական թերթերը: Խենթի նման հետևում էի բոլոր լրատվամիջոցներին` փորձելով բաց չթողնել ընդունված բանաձևի վերաբերյալ որևէ լուր կամ մեկնաբանություն: Նույնիսկ կրտսեր որդիս` 11-ամյա Ալեքսանդրը,  երբ ես տանը չէի, երեկոյան ինձ համար ձայնագրել էր գերմանական ZDF հեռուստաալիքի ժամը 22.00-ի  հեռարձակած լուրերը, թեպետ պետք է վաղուց քնած լիներ:

Հպարտությամբ պետք  է  նշեմ, որ ամուսնուս` գերմանահայ փաստաբան Ստեֆան Թաշչյանի հետ, որը մշտապես ակտիվ զբաղվել է տարբեր բնագավառներում ցեղասպանության ճանաչման ու նույնիսկ դրանից բխող հնարավոր փոխհատուցման թեմաներով, ներկա էի Բունդեսթագի նիստին և գերմանահայության մեր մյուս ներկայացուցիչների հետ ականատես եղա Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը:

…Ամեն ինչ սկսվեց այսպես. ամուսինս անակնկալ մատուցեց` ասելով, որ Բունդեսթագի նախագահի գրասենյակից մեզ համար հրավեր կա, և կարող ենք մասնակցել նիստին: Մինչդեռ նախորդ գիշեր այնքան մտահոգիչ երազ տեսա. նստած ենք Բունդեսթագի նիստերի դահլիճում, բայց պատգամավորները չկան, դահլիճը դատարկ է: Այդ իսկ պատճառով, երբ մեզ ուղեկցեցին հայերիս համար առանձնացված օթյակ, առաջին հերթին հայացքս նետեցի դահլիճ: Պատգամավորներ կային, բայց դեռ այնքան էլ շատ չէին: Հուրախություն ինձ՝ հետզհետե դահլիճը լցվում էր…

Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը նշեց, որ Բունդեսթագի` հատկապես թուրքական արմատներ ունեցող պատգամավորների հասցեին ընդհուպ մահվան սպառնալիքներ են հնչեցվել: Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները կոչ արեցին Թուրքիային առերեսվելու սեփական պատմությանը, քանզի միայն ցեղասպանության ճանաչման միջոցով է հնարավոր հայ և թուրք ժողովուրդների հաշտեցում:

Ձախերի կուսակցության ներկայացուցիչ Գրեգոր Գիզին քննադատեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի (ՔԴՄ), նրա տեղակալ Զիգմար Գաբրիելի (ՍԴՄ) և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի (ՍԴՄ) բացակայությունը:

ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԵՍ ԱՐԹՆԱՑԱ ԱՅԼ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄԵլույթներում բազմիցս շեշտվեց նաև Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի համապատասխանատվությունը, ինչպես նաև գերմանական ռայխի մեղսակցությունը: Այս ուղղությամբ հետաքրքիր մեջբերումներ արեց «ԴԱՇԻՆՔ 90/ ԿԱՆԱՉՆԵՐ»-ի ղեկավար Ջեմ Օզդեմիրը, որը թուրքական արմատներ ունի եւ բանաձևի ակտիվ նախաձեռնողներից է: Նա մեջբերեց 1915-ի կայզերական Գերմանիայի կանցլեր Բեթման Հոլվեգի պատասխանը՝ ուղղված ավստրիական դիրքորոշմանը.

«Մեր միակ նպատակն է ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիային պահել մեր կողմում, անկախ այն բանից՝ հայերը կկործանվեն, թե ոչ»:

Ջեմ Օզդեմիրը հիշեցրեց նաև իր հայազգի սպանված ընկերոջ՝ Հրանտ Դինքի խոսքերը.

«Եթե հայերն այսօր դեռ ողջ լինեին, ապա արևելյան Թուրքիայի Վան քաղաքը կլիներ Արևելքի Փարիզը»:

Տպավորիչ էր նաև վերջին բանախոսի` հայկական արմատներ ունեցող գերմանացի պատգամավոր Մարտին Պեցոլդի (ՔԴՄ) ելույթը: Ի դեպ, նրա մայրը ծնվել է Հայաստանում և նստած էր մեր շարքերում: Նա միակ պատգամավորն էր, որ ելույթ էր ունենում առանց գրավոր տեքստի.

«Ես շատ շնորհակալ եմ, որ այս կարեւոր բարոյական թեմայի հարցում Գերմանիան կկրի իր պատասխանատվության բաժինը, եւ միջխմբակցական բանաձեւ կընդունվի: Դա պետք է ցույց տա, թե ինչպես կարող են տարբեր ազգեր գոյակցել իրար հետ: Ես գերմանացի եմ, որի մայրը ծնվել է Հայաստանում, եւ ես մեծացել եմ հայերեն սովորելով եւ այն գիտակցությամբ, որ ցեղասպանությունը ճանաչելը չի ենթադրում մատ թափ տալ կամ մեղքը բարդել որեւէ մեկի վրա, այլ խոսքը հաշտեցման հասնելու մասին է»,- ասել է նա:

Քվեարկությունն ավարտվեց: Ծափահարում էին ոչ միայն բոլոր պատգամավորները, այլեւ 3-4 օթյակ զբաղեցրած հայ և այլ փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչները, ՀՀ դեսպանության աշխատակիցները: Շեշտեմ, որ սովորաբար օթյակներում նստածները չեն ծափահարում նիստերի ժամանակ, բայց հայերիս ոգևորությունն այնքան մեծ էր, որ հոտնկայս ծափահարում ու միմյանց շնորհավորում էինք: Առջևի շարքում նստած արևմտահայ տատիկը հուզվել ու բարձրաձայն լաց էր լինում: Տղամարդկանցից ոմանք հազիվ էին զսպում արցունքները: Մյուսները հայկական դրոշն էին ծածանում… Բունդեսթագի վարչական աշխատողները սակայն ըմբռնումով մոտեցան հայերիս ուրախությանը, ու որևէ մեկը մեզ դիտողություն չարեց:

Այնուհետև ուղևորվեցինք Ռայխսթագում գտնվող մատուռ եւ ձեռք ձեռքի շրջան կազմած, աղոթեցինք հայր Սերովբէ Իսախանեանի առաջնորդությամբ:

«ԴԱՇԻՆՔ 90/ԿԱՆԱՉՆԵՐ»-ի ղեկավար Ջեմ Օզդեմիրը քվեարկությունից հետո ընդունեց մեզ՝ հայերիս, ասորիներին և հույներին: Հայերն ու ասորիներն իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին թուրքական արմատներ ունեցող գերմանացի պատգամավոր Օզդեմիրին` ցեղասպանություն եզրույթը հաստատող բանաձևի ընդունման գործընթացում նշանակալի ներդրման համար:

Հունիսի 3-ին ես արթնացա այլ Գերմանիայում: Այն Գերմանիայում, որ վերջապես վճռականություն ցուցաբերեց և թույլ չտվեց թուրքերին  «խառնվել» իր երկրի ներքաղաքական որոշումներին:

 

Լուսինե ԹԱՇՉՅԱՆ,

Բեռլին

հատուկ «Հայ զինվորի» համար

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


08/06/2016