ԹՇՆԱՄԻՆ` «ՊԱՐԿԻ» ՄԵՋ
-Հակառակորդի հետ նույն բարձրության վրա ենք, չէ՞, պարոն կապիտան,- հեռադիտակով նայելով «Լյալյա Իլյագի» կոչվող բլրին` հարցնում եմ վաշտի հրամանատար Աշոտ Հակոբյանին:
-Դեռ մի փոքր էլ ավելի բարձր ենք,- պատասխանում է կապիտան Հակոբյանն ու պարզաբանում,- հակառակորդի կողմից գրավված բլուրը շրջափակված է մեր դիրքերով, իսկ այստեղից վերահսկվում է ամբողջ շարժը: Կարելի է ասել` թշնամին «պարկի» մեջ է:
Հայտնի դարձած բլուրն այս դիրքից անգամ անզեն աչքով ասես ափիդ մեջ լինի, իսկ հեռադիտակով դիտարկելիս այնպիսի տպավորություն է, թե հենց այնտեղ ես կանգնած: Մեզ ու հակառակորդին բաժանում է ընդամենը 150 մետր տարածություն: Ապրիլի 2-ին այստեղ ծավալվել են ամենաթեժ մարտերը: Հակառակորդը կենտրոնացրել էր իր զրահատանկային և հետեւակային ուժերը` հասկանալով` առանց այս հենակետի գրավման իր «նվաճումն» իմաստազրկվում է: Միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանի գլխավորությամբ հատուկ նշանակության խումբը և դիրքապահ ութ զինվորները հենակետը պաշտպանել են երեք օր: Երեք օր անհավասար մարտ են մղել և կասեցրել հակառակորդի խոշոր ուժերի ճեղքումը հարավարևելյան ուղղությամբ:
-Եթե կորցնեինք այս դիրքը, կկանգնեինք ամբողջ պաշտպանական շրջանի լինել-չլինելու հարցի առաջ, – ասում է վաշտի հրամանատարը:- Շփման գծի ամենածայրն է, մեզ ու նրանց բաժանող վերջին կետը (շեշտում է ամեն բառը):
Միջդիրքային տարածքում, որտեղից մարտ են վարել մեր զինվորականները, ամեն քայլափոխի ոտքիդ տակ շոշափում ես տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ: Փորված փոսերն էլ հուշում են` մարտին զուգահեռ զինծառայողներն ամրացել ու քողարկվել են: Դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Հովհաննիսյանը հակառակորդի հարձակման օրը այստեղ էր:
-Որոշակի հաջողություն ունենալով աջ թեւում՝ թշնամին մոտեցավ մեր դիրքին: Բայց թույլ չտվեցինք առաջանալ: Սկզբում կազմակերպեցինք շրջանաձեւ պաշտպանություն, սակայն նկատելով, որ հակառակորդի ուժերն անհամեմատ մեծ են, անցանք պաշտպանության ամբողջ ճակատով: Մեզ օգնության եկան հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, և կասեցրինք ներխուժումը մեր պաշտպանական շրջանի թիկունք,- պատմում է լեյտենանտ Հովհաննիսյանը:
Նա ընդգծում է, որ ժամանակի փորձություն անցած՝ «Փոքր ուժերով` մեծ խնդիր» ռազմավարությունն այս պատերազմում էլ իրեն արդարացրեց:
-Հակառակորդն այստեղ մոտ 40 զոհ տվեց և ապրիլի 4-ի գիշերը ետ քաշվեց: Այս հենակետի պաշտպանության ժամանակ զոհվեցին հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ Նվեր Սիմոնյանը, Ղարիբ Սահակյանը, Ազնավուր Բալայանը: Այստեղ ամփոփված է Ազնավուր Բալայանի մասունքների մի մասը: Սա այլևս սովորական հենակետ չէ. մեզ համար այն հայրենիք է:
Տղաներից ոչ մեկը այլեւս օրացույցում օր չի ջնջում
Բարձրադիր այս դիրքը հսկում են քառօրյա պատերազմով անցած զինվորները: Նրանք կռվել են բլրի վերահսկողությունը պահող դիրքերի համար: Ավագը կրտսեր սերժանտ Հրայր Միրզոյանն է: Մինչև զորակոչվելը, երեք տարի սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Մտածում էր` զորացրվելուց հետո կմեկնի արտերկիր, բայց պատերազմը մտափոխել է նրան. «Զորամասում էինք: Ազդանշանը նախազգուշացրեց պատերազմի մասին: Առաջին անգամ էինք նման ազդանշան լսում: Անսովոր էր: Մտածեցինք` գուցե ստուգում են մեր պատրաստականությունը: Բայց շուտով հասկացանք, որ ամեն բան շատ ավելի լուրջ է: Մեր հերթապահ վաշտը առաջինը օգնության շտապեց դիրքապահներին: Ճիշտ է` մենք միշտ պատրաստվում էինք պատերազմի, բայց պատերազմելու փորձ չունեինք: Ոմանք դժվարանում էին կողմնորոշվել, թեթեւակի շփոթ կար, սակայն մեր հրամանատարների ինքնավստահության, դիպուկ հրամանների շնորհիվ զգաստացանք-հավաքվեցինք: Կարողացանք բազում հարվածներ հասցնել թշնամուն, օգնել մեր տղաներին դուրս գալու ստեղծված բարդ իրավիճակից: Ընկերս՝ Կարեն Ներսիսյանը, զոհվեց: Երկու ամիս է անցել, բայց այդ մտքի հետ դեռ չեմ հաշտվել: Ամենացավալին, իհարկե, մարդկային կորուստներն են»,- ասում է դիրքի ավագը:
Նա նշում է, որ պատերազմը շատ բան է փոխել իրենց առօրյայում` ավելի կազմակերպված են դարձել, եթե նախկինում ինչ-որ բան աչքաթող կանեին, հիմա ոչինչ չեն անտեսում և ընդհանրապես չեն վիճում:
Արամ Աղեկյանը ցուցամատը ուղղում է աջ թեւ. «Այնտեղ էի: Կարելի է ասել` պատերազմը մաշկիս վրա զգացի. երբ ականանետը կրակեց, գետնատնակում էի, պատուհանները լրիվ փշրվեցին, գիտակցությունս կորցրի: Բայց արագ ուշքի եկա: Հետո բոլորով ամրացանք դիրքում և դիմադրեցինք: Թույլ չտվեցինք հակառակորդին ամբողջովին գրավել մեր վաշտի հենակետը: Երկու դիրք պահեցինք: Պատերազմը դաժան բան է, բայց պատերազմում են ի հայտ գալիս զինվորի լավագույն որակները` ընկերասիրությունը, ազնվությունը, ճկունությունը, քաջությունն ու վճռականությունը»:
Ի տարբերություն ընկերների` Գոռ Նազարյանը 10 օրից զորացրվելու է: Նա էլ քառօրյա պատերազմի ժամանակ թեժ մարտերի կենտրոնում էր: Հիշում է, թե ինչպես էին հրետանու կրակի տակ փորձում խրամուղով առաջ շարժվել` ընկերներին օգնելու. «Պատերազմի ամենաբարդ պահն էր»: Գոռը մի բան է նկատել` ապրիլյան պատերազմից հետո տղաներից և ոչ մեկը օրացույցում օր չի ջնջում. «Հիմա դիրքերից տուն վերադառնալը շատ դժվար է…»:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ Սիփան ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Ազգային բանակ