Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԻՍԻ 1. ՋԻՆՋ ՈՒ ՈՒՐԱԽ ՏՈՆ



Մեր բանակը երեխաների անհոգ մանկության երաշխավորն է

 

Երեխաների պաշտպանության տոնը ամբողջ աշխարհով մեկ նշվում է մեծ սիրով ու ուրախությամբ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում նույնպես այս օրը տիրում է բարության, մաքրության ու սիրո մթնոլորտ. մեծահասակները փորձում են ուրախության բազում առիթներ ստեղծել մեր երկրի փոքրիկ բնակիչների համար, իսկ նրանք էլ իրենց հերթին բոլորիս օրը լցնում են իրենց ուրախության ու անմիջականության դրական լիցքերով:

Եվ սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորական հստակ գիտակցում է, որ իր պահած դիրքից մի քայլ ետ արդեն իր ընտանիքն է, իր սիրասուն մանուկները, եղբայրներն ու քույրերը…

Ամեն տարվա պես այս տարի ևս պաշտպանության նախարարարության վարչական համալիրում տոնական միջոցառում էր կազմակերպվել: Սա միակ օրն է, երբ երեխաները անարգել մուտք են գործում տարածք, մտնում շենք, տեսնում, թե որտեղ են աշխատում ծնողները: Օրվա ամենավառ տպավորություններից են ՊՆ շենքի շուրջբոլորը շրջող ուրախ ավտոբուսն ու ձիակառքը: Տոնը ավելի գունեղ դարձնելու համար իրենց ուրախ  համարներով նախարարություն էին հրավիրվել երաժշտական և կրկեսային համույթներ, ծաղրածուներ, Սպայի տան «Զորական» համույթի զինծառայողները, «Արևներ» մանկական երգչախմբի կատարողները:

Համակարգում աշխատող ծնողների խոստովանությամբ, այս օրը յուրահատուկ դրական լիցքեր է հաղորդում ՊՆ տարածքին:  Մանուկների ուրախ ճիչերն ու ծիծաղը ղողանջում են շենքով մեկ՝  տոնական ուրախ տրամադրություն ստեղծելով ողջ անձնակազմի համար:

Օրվա վերջում ՊՆ վարչական համալիրի շուրջբոլորը երեխաների՝ գունավոր կավիճներով գետնին նկարած պատկերները արտացոլում էին նրանց գլխավոր երազանքը՝ արև, կապույտ երկինք, ծաղիկներ, զինվորներ, եռագույն դրոշ…

 

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Բանակ և հասարակություն


08/06/2016