ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Օրվա կադր: Հենց նման վերտառությամբ այս լուսանկարը գրավեց ոչ միայն համացանցը, այլեւ լույսի նման տարածվեց ու տարածվեց… Եվ ոչ միայն Հայաստանով մեկ…
Քարվաճառի հրետանավորներն են՝ Գնունի Համբարձումյանը եւ Ռոբերտ Մարգարյանը: Որոշում են՝ ով պետք է ծաղիկները նվիրի դիրք այցելած լրագրողուհուն:
Ապրիլյան ծանր օրերին առաջնագծից հրապարակված ցանկացած լուսանկար, անկախ որակից, հայտնվում էր ժողովրդի ուշադրության կենտրոնում: Սակայն այս մեկն ունեցավ աննախադեպ հաջողություն: Մտածում եմ՝ ինչո՞ւ: Պատերազմը՝ պատերազմ, հերոսությունը՝ հերոսություն, սակայն մարդ արարածն իր հոգու խորքում, այնուամենայնիվ, խաղաղության հույս ունի եւ խաղաղության մասին է երազում… Ծաղիկներով հայ զինվորների լուսանկարը հենց խաղաղության, կյանքի հաղթանակի նախանշանն է…
ԵՎ «Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառումները ուղղակի եւ անուղղակի իմաստով հաստատում են իմ ենթադրությունը, միայն թե փոքր-ինչ այլ ձեւակերպումներով.
-Այնպիսի տպավորություն է, թե այս երկու տղաները իրենց ընկերուհիների հետ հանդիպման են շտապում ու համեմատում են՝ ում ծաղկեփունջն է ավելի գեղեցիկ… Բայց նրանք սահմանին են, բայց նրանք պատերազմի գրկում են:
-Կռվելու, ապրելու եւ սիրելու մասին է լուսանկարը:
-Լա՞վն եք, էլի, բարի, քաջ, հո՛ զոռով չի…
-Ծաղիկ եւ պատերազմ:
-Պատերազմ եւ խաղաղություն…
Լուսանկարը՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Ազգային բանակ