Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԵՔ



ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԵՔՀարգելի խմբագրություն, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի անձնակազմին:

Ապրիլի 9-ին ամուսինս` Արշակ Հարությունյանը ¥Արցախյան պատերազմի մասնակից, II կարգի թոշակառու) գնացել էր Դավիթաշենի ԵԿՄ՝ կամավորագրվելու` այդ ծանր ու դժվարին ժամանակներում հայ զինվորի կողքին լինելու: Սակայն, առողջական խնդիրները վկայակոչելով, նրան մերժել էին: Հետդարձի ճանապարհին`  տրանսպորտից իջնելիս ընկել էր և լուրջ վնասվածք ստացել: Մինչև մենք հասանք հիվանդանոց, արդեն ամեն անհրաժեշտ օգնություն ցուցաբերվել էր:

Ինչպե՞ս շնորհակալ չլինեմ ընդունարանի հերթապահ անձնակազմին և բաժանմունքի բոլոր բժիշկներին: Բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդ Լևոն Ներսիսյանը վիրահատեց ամուսնուս: Վիրահատությունը հաջող անցավ: Շնորհակալ եմ, սիրելի բժիշկ, մասնագիտական բարձր կարողությունների և անսահման նվիրումի համար:

Իմ երախտիքի խոսքը հղում եմ նաև բաժանմունքի բոլոր բժիշկներին` Արթուր Սոխակյանին, Հրայր Հարությունյանին, Արսեն Կիրակոսյանին, Հովհաննես Սարգսյանին, Ալեն Բաբայանին, որոնք իրենց հերթապահության օրերին ոչ մի վայրկյան աչքաթող չարեցին և ոչ մի հիվանդի: Ինչպես անտեսեմ բուժքույրերի՝ Արմինե Սիրունյանի, Արմինե Նազարյանի, Մարինե Գևորգյանի, Գոհար Մանուկյանի, Լարիսա Մալխասյանի, ավագ բուժքույր Չինար Հարությունյանի անսահման հոգատարությունը, կամ ինչպես շնորհակալական խոսք չասեմ  մայրապետներ Ռուզան Բարսեղյանին, Էլմիրա Նազարյանին, Արմինեին:

Սիրելիներս, աշխատեք երկար, եղեք առողջ, ձեր ջերմ խոսքերով, հոգատարությամբ, մասնագիտական բարձր կարողություններով ամոքեք բոլոր հիվանդներին:

Առողջ եղեք և առողջություն պարգևեք:

 

Անկեղծ և ջերմագին մաղթանքներով՝

ԼԻԴԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Բանակ և հասարակություն


15/06/2016