ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ
«Վաշինգտոն պոստ» թերթի մայիսի 17-ի համարում Դեյվիդ Իգնատիուսի «Կարծիքի սյունակի» վերնագիրը՝ «Երբ դիվանագետները պատժվում են իրենց աշխատանքը կատարելու համար», դառը հիշողություններ արթնացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելու համարձակության համար հարկադրական հրաժարականի մասին, ինչպես նկարագրված է վերջերս լույս տեսած նրա «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը. Ի՞նչ էր երեկ: Ի՞նչ է այսօր» գրքում:
Իգնատիուսի հոդվածը մեկ այլ դիվանագետ, պետքարտուղարի նախկին օգնական Ռոբին Ռաֆելի նկատմամբ սկանդալային վերաբերմունքի շուրջ էր, վերջինս ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից հետաքննվում էր լրտեսության մեղադրանքով:
Ռաֆելը ականավոր ամերիկացի դիվանագետ է: 2014 թ. «Վաշինգտոն պոստի» մի հոդվածում նա նկարագրվում է որպես «Վաշինգտոնի դիվանագիտական և վերլուծական շրջանակների ամենապահանջված անձնավորություն… Ստուգայցի ժամանակ նա Պակիստանի հարցերով ավագ խորհրդական էր Պակիստանի և Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակում: Նա հիմնականում պատասխանատու էր ոչ ռազմական օգնության համար, ինչպիսիք էին ԱՄՆ տնտեսական դրամաշնորհները և խթանման միջոցները: 67-ամյա կին դիվանագետը երկար տարիներ եղել է Պակիստանի և Հարավային Ասիայի հարցերով ԱՄՆ կառավարության առավել բարձրաստիճան խորհրդականների թվում… Հետաքննության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից նրա տան խուզարկության ժամանակ նա արդեն թոշակի էր անցել արտաքին ծառայությունից, սակայն աշխատում էր Պետդեպարտամենտի համար՝ վերականգնված և սահմանափակ պայմանագրով, որ մասամբ կախված էր նրա խիստ գաղտնի փաստաթղթերի մատչելիության արտոնությունից»:
Ռաֆելն իր պաշտոնական կարիերան սկսել է որպես Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) վերլուծաբան: Նա 30 տարի եղել է դիվանագիտական ծառայության մեջ Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Պակիստանում, Հարավային Աֆրիկայում և Թունիսում: 1993 թ. Ռաֆելը նշանակվել է պետքարտուղարի առաջին օգնական Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով: 2005 թվականին նա թոշակի է անցել և 2009-ին վերադարձել աշխատանքի՝ որպես Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքի խորհրդատու: Մինչ այդ պաշտոնը նա, որպես լոբբիստ, աշխատել է Cassidy & Associates ընկերության համար՝ ներկայացնելով Պակիստանը, Հասարակածային Գվինեան և Իրաքում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը, հայտնում է «Վաշինգտոն պոստը»:
Ռաֆելի հետաքննությունն սկսվեց 2014 թ. հոկտեմբերի 21-ին, երբ կողոպուտի ազդանշան հնչեց նրա տանը: Անհավատալիորեն ՀԴԲ-ի գործակալները չէին կարողացել շրջանցել ազդանշանային համակարգը, ինչը հաջողվում է անգամ շարքային կողոպտիչներին… Ռաֆելը շտապեց տուն և գտավ գործակալներին իր թղթապանակները քրքրելիս, որոնք գաղտնի փաստաթղթեր էին պարունակում: Միաժամանակ ՀԴԲ այլ գործակալներ զննում և կնքում էին Պետդեպարտամենտի նրա գրասենյակը: Հետագայում Ռաֆելը վարչական արձակուրդի ուղարկվեց, նրա գաղտնիության արտոնությունը ուժը կորցրած ճանաչվեց, իսկ աշխատանքային պայմանագիրը Պետդեպարտամենտի հետ չթարմացվեց:
Այս տարվա մարտին «Նյու Յորք թայմս» թերթը հայտնաբերեց, որ «հարցաքննությունն սկսվեց, երբ ամերիկացի հետաքննողները լսեցին մի հեռախոսային զրույց, որում Պակիստանի պաշտոնյան ասում էր, թե իր կառավարությունը ամերիկյան գաղտնի տեղեկություններ է ստացել Ռաֆելից, խոսակցություններ, որոնք հանգեցրին ամիսներ շարունակ տևած գաղտնի հետապնդման» և մեղադրանքների՝ Պակիստանի օգտին լրտեսելու համար:
Իգնատիուսն իր հոդվածում նշել է, որ Ռաֆելի գործը բարձրացնում է մի շարք «մտահոգիչ հարցեր այն մասին, թե ինչպես է մոտ 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող դիվանագետը հայտնվել իր կարիերան կործանող հետաքննության ուշադրության կենտրոնում, ըստ երևույթին, նրա նշանակման մասին առանց Պետքարտուղարության բանիմաց որևէ պաշտոնյայից պարզաբանումներ ստանալու, Պակիստանի հետ խիստ լարված հարաբերությունները կարգավորելու այլընտրանքային ուղիներ գտնելու համար»:
Ռաֆելը բացատրել է Իգնատիուսին. «ՀԴԲ-ի իմ գործը ի սկզբանե սխալ էր, որովհետև նրանք հիմնավորապես սխալ պատկերացում են ունեցել դիվանագետների կատարած աշխատանքի մասին»:
Ռաֆելի փաստաբաններից մեկը՝ ԿՀՎ-ի նախկին գլխավոր իրավախորհրդատու Ջեֆ Սմիթը, ասել է Իգնատիուսին, որ «եթե բյուրոն (ՀԴԲ) զրուցեր Պետդեպարտամենտի բարձրաստիճան անձանց հետ, որոնք տեղյակ էին նրա աշխատանքի մասին, ապա կարծում եմ՝ նրանք երբեք չէին սկսի այս հետաքննությունը»:
Այս տարվա մարտին Ռաֆելի մեկ այլ փաստաբան Էմի Ջեֆրեսը ասել է. «Նյու Յորք թայմս» թերթին. «Մեր ազգային անվտանգության համար մեծ նշանակություն ունի, որ մեր դիվանագետները կարողանան աշխատել առանց վախենալու, թե իրենց սովորական դիվանագիտական նամակագրությունները կենթարկվեն քրեական հետաքննության»: Ռաֆելի գործընկերները հավաքել են 90 հազար դոլար՝ նրա իրավական պաշտպանության հիմնադրամի համար:
Թեեւ արդարադատության դեպարտամենտը, ի վերջո, հրաժարվեց Ռաֆելի դեմ բոլոր մեղադրանքներից, նրա գործը «սթափեցնող ազդեցություն թողեց այլ դիվանագետների վրա, որոնք վախենում են, որ հաջորդը կարող են իրենք լինել»,- ասել են Պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաներ Իգնատիուսին:
Դեսպան Էվանսի և պետքարտուղարի նախկին օգնական Ռաֆելի պես փորձառու կադրերի հեռացումը զրկում է Միացյալ Նահանգներին իրազեկ և պարկեշտ դիվանագետներից, որոնք կարող են առանց վախի պաշտպանել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական շահերը՝ արդյունավետ և արդարացի:
Քանի դեռ շատ ուշ չէ, պետք է կոնգրեսական լսումներ անցկացնել երկու հայտնի քաղաքացիական ծառայողների՝ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսի և Ռաֆելի հանդեպ դաժան վերաբերմունքի մասին: Առնվազն ԱՄՆ նախագահը կամ պետքարտուղարը պետք է պաշտոնապես ներողություն խնդրեն այս երկու հեղինակավոր դիվանագետներից…
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Ռազմաքաղաքական