ԸՆԿԵՐԸ
Պաշտպանելու ենք այն հողը, որը բազմաթիվ հայորդիների արյան գնով է ազատագրվել
Ես չեմ ճանաչում այս տղամարդկանց, որ եկել են խմբագրություն ու ասում են` մեր ընկերը դարձավ 50 տարեկան, մեր Արամի կեսդարյա հոբելյանն է հունիսի 19-ին: Նայում եմ նրա ընկերների փայլուն ու խանդավառված աչքերին, մարտական ընկերոջը բնութագրելու համար ճիշտ ու դիպուկ բառեր գտնելու ճիգից շիկնած դեմքերին ու փորձում եմ ճանաչել հոբելյարին: Ես հասկանում եմ, որ կա մի լավ մարդ, մի գեղեցիկ կենսագրություն, որին դեռ ծանոթ չեմ: Որ կա մի առինքնող, մի վեհ ու հերոսական պատմություն, որը չեմ պատմել մարդկանց:
Ես չեմ վստահում ընկերներ չունեցողներին: Ես խուսափում եմ նրանցից, որոնք չունեն մանկության, պատանեկության ընկերներ, որոնք կյանքի ճանապարհին ոչ թե նոր ընկերներ են գտել, այլ անփութորեն ու անհոգաբար կորցրել են` այդպես էլ չիմանալով, թե ինչ է իսկական հավատարմությունը, մտերմությունը: Ու մնացել են մենակ` եսակենտրոն, չար ու անսեր: Ինչու եմ ասում այս ամենը. երբ ցանկացա գտնել Արամ Պողոսյանի ընկերներին, որ տեսնեմ ու պատկերեմ նրան հենց իր ընկերների աչքերով, այնքան մարդ Արամին իր ընկերը կոչեց, այնքան մարդ ասաց` Արամն իմ ընկերն է, որ ես որոշեցի այդպես էլ վերնագրել ակնարկս` «Ընկերը»:
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղը, որտեղ ծնվել ու մեծացել է Արամ Պողոսյանը, տաք, մրգաշատ, շեն ու ավանդապաշտ գյուղ է, որտեղ մարդու ու հողի կապը անքակտելի է. հողն է մարդու Աստվածը, որ կյանք է տալիս` ավուր հացն ու բոլոր բարիքները: Այստեղ հողը կյանքից շատ են սիրում: Հողը` ծառը, ծաղիկը, սածիլն ու բողբոջը խնամում են երեխայի պես, քրտինք են թափում հողին, ու հողը ծաղկում-պտղաբերում է մարդու սիրուց: Թերևս դա է պատճառը, որ հողի մարդիկ այդքան բարի են, ազնիվ ու շիտակ: Իսկ Արամի մասին մանկության ընկերները առանձնակի սիրով են խոսում: Ասում են, որ ոչ ուսադիրների վրա ավելացող աստղերը, ոչ կրծքին հպարտորեն բազմած «Մարտական խաչը» փոքր-ինչ անգամ չեն փոխել Արամ Պողոսյանին: Նա նույն հոգատար, անմիջական, ընկերոջ հոգս ու ցավով ապրող տղան է` անշահախնդիր ու անվարձահատույց սիրով լի պարզ ու ազնիվ հոգին:
…Արամի մարտական ընկերներն այնքան նման են նրա մանկության ընկերներին: Չգիտեմ` ինչն է նման, երևի նրանց բառի անկեղծությունը, ջերմությունը, բառի մեջ կուտակված սերը:
-Մարտադաշտում Արամը անվախ էր, ինքնավստահ, անխուճապ: Նրա հանգստությունը փոխանցվում էր մյուսներին: Արամը հարվածն իր վրա վերցնող ռազմիկ էր, առաջ նետվող, ճանապարհ բացող, ընկերոջը փրկող:
Պատմողը 50-55 տարեկան տղամարդ է: Ում էլ հարցնես, նույնը կասի` հավատացնում է նախկին ճակատայինը: Արամի համար ընկերոջ կյանքը իր սեփական կյանքից թանկ է:
Գնդապետի ուսադիրներով բարձրահասակ, թիկնեղ տղամարդն էլ է Արամի ընկերը: Ու զինվորականի պես էլ խոսում է:
-Արամը 1993-ին նշանակվեց գումարտակի հրամանատար ու իր ամբողջ կյանքը կապեց բանակի հետ: Նրա ռազմական տաղանդը, զինվորականի նրա առաքինությունները լավագույնս դրսևորվեցին որպես զորամասի հրամանատար ծառայելու տարիներին: Ռազմիկից զինվորական ղեկավար անցումը այնքան սահուն ու հաջող եղավ, որ շատերս զարմացանք կոլեկտիվը ղեկավարելու, զինվոր դաստիարակելու, զորամասում ճիշտ մարդկային հարաբերություններ հիմնելու նրա բնատուր ունակությունից:
Մի ջահել տղա ուշադիր լսում ու անընդհատ գլխով է անում:
-Դո՞ւ էլ ես Արամի ընկերը,- հարցնում եմ երիտասարդին:
-Ես Արամ Պողոսյանի զինվորն եմ եղել: Հրամանատարը իր յուրաքանչյուր զինվորի ընկերն էր: Նա այդպես էլ ասում էր` զորամասում ես եմ ձեր ամենամոտ ընկերը: Սկզբում մենք մտածում էինք, որ դրանք օդի մեջ ասված խոսքեր են, ինչպե՞ս կարող է զորամասի հրամանատարը մեր ամենամոտ ընկերը լինել: Բայց հետո հասկացանք, որ հենց նա է լսում մեզ, լուծում մեր խնդիրները, կանգնում մեր թիկունքին: Մինչ օրս հիշում եմ երդման արարողության ավարտից հետո մեզ` նորակոչիկներիս ուղղած հրամանատարի կոչը համարյա բառացի.
-Սիրելի՛ զինվորներ, դուք այսօր երդմամբ ամրագրեցիք ձեր հավատարմությունը և նվիրվածությունը մեր հայրենիքին: Համոզված եմ, որ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում դուք արժանի հակահարված կտաք թշնամուն: Դուք ձեր ծառայությունը անցկացնելու եք մի զորամասում, որն անցել է փառավոր ուղի: Պաշտպանելու ենք այն հողը, որը բազմաթիվ հայորդիների արյան գնով է ազատագրվել: Ես հպարտանում եմ ձեզնով:
…Ես հերթով լսում եմ Արամ Պողոսյանի բոլոր ընկերներին: Նրանք պատմում են դեպքեր, դրվագներ, նրանք գովեստի խոսքեր չեն խնայում: Ամենավերջում մեկն ավելացնում է. «Եվ պատահական չէ, որ հենց նա պետք է հայրենի գյուղի կիսավեր եկեղեցու կողքին նորը կառուցեր»:
…Հետո ընկերները գնում են: Ու ես զգում եմ, որ մեջս անսահման ցանկություն է արթնացել` ասելու.
– Ի՜նչ բախտավորություն է քեզ նման ընկեր ունենալը:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Ճակատագրեր