«ԳԻԺԸ»
Կռիվը նոր էր դադարել: Ջոկատը հանգստանում էր: Տղերքով հավաքվել և ամեն մեկս իր գլխով անցածն էր պատմում, նույնիսկ կատակում էինք՝ չմտածելով, որ կարող է վերջին անգամ ենք ծիծաղում:
Չէինք նեղանում ո՛չ հումորից, ո՛չ դաժան կատակներից և ոչ էլ անգամ ծաղրող քննադատությունից: Դեռ ավելին` լիաթոք էինք ծիծաղում: Չգիեմ՝ ինչից էր… Գուցե նրանից, որ ազատվել էինք հերթական վերահաս փորձությունից, կամ որ` պարզապես ընտելացել էինք մահին:
Հանկարծ բոլորս նկատեցինք, որ տղերքից մեկը՝ թիկնեղ, ուժեղ, համարձակ մեր Անդրանիկը չկա, չի երևում… Սկսեցինք անհանգստանալ: Նա ջոկատի հետ վերադարձել էր: Բոլորս նրան տեսել էինք, հիշեցինք ծիծաղը, խելառ կատակները… Հիմա շատ ուշ ժամ էր, պատրաստվում էինք քնելու, բայց նրա ձայնը չէր լսվում:
Դուրս ելանք բակ:
Մթության մեջ հանկարծ նկատեցինք ու իսկույն էլ ճանաչեցինք դեպի մեզ եկող Անդրանիկի քիչ տարօրինակ քայլվածքը… Կարծես ինչ-որ բան էր քարշ տալիս:
Հանկարծ հիշեցի, որ Անդրանիկը մարտի դաշտից վերադառնալիս ոնց էր կատաղած ինքն իրեն խոսում.
-Բերելու եմ: Դրանց չի մնալու… Ինչ էլ լինի՝ բերելու եմ… Ես դրանց…
Քիչ հետո նա ուրախ-ուրախ մտավ բակ՝ դեռ հեռվից գոռալով.
-Բերեցի, տղե՛րք… Էդ շան որդիներից լավ պրծա… Ես դրանց…,- ու իր հերթական «օրհնությունը» թափեց ազերիների գլխին:
Բոլորս զարմացած նրան էինք նայում. ինչպե՞ս էր կարողացել ազերիների խփված զրահատեխնիկայի վրայից քանդել-հանել հսկա գնդացիրը (КПВТ), երբ թշնամին դեռ չէր հասցրել անգամ իր դիակները հանել մարտադաշտից:
-Ա՛յ ախպերներ, ինչ եք նայում զարմացած, խոմ գժի տեղ չե՞ք դրել… Աշխատող զենք ա: Դրանց հերը իրանց զենքով ենք անիծելու` հենց ըսենց, տղեք ջան, իրանցից պտի խլենք, իրանց քամակին օգտագործենք…
Ասելու այլևս ոչինչ չէր մնում…
Բոլորս հերթով գրկեցինք նրան: Բոլորս համարյա նույն բանն էինք ասում.
-Այ քեզ գի՛ժ…
-Դու խոմ չես գժվել, ա՛յ տղա …
-Ախր, Անդո ջան, գժերի գիժն ես, է~…
Եվ մոռացանք օրվա կռիվն էլ, հոգնածությունն էլ:
«Մեծ Մուրադ» մեր ջոկատն այդ օրը հանգիստ քնեց:
Վաղուց էդպես խաղաղ ու խորը չէինք քնել…
ՌՈԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազատամարտիկ
Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Պատմության էջերից