Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ



ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն է: Ամփոփիչ քննություններն ընդունում է գլխավոր ռազմական տեսչության համապատասխան ծառայությունների մասնագետներից կազմված հանձնաժողովը:

 

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մոտոհրաձգային ուսումնական զորամասում ուսումնառության ժամկետը վեց ամիս է, որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողները տարբեր տեսական եւ գործնական առարկաներ են սովորում: Առանձնահատկությունն այն է, որ այստեղ պատրաստում են ջոկի հրամանատարներ, ապագա կրտսեր հրամանատարներ: Կուրսանտները քննությունները բարեհաջող հանձնելուց եւ կոչում ստանալուց հետո արդեն այլ զորամասերում ստանձնում են ենթակա անձնակազմի անմիջական ղեկավարումը: Այդ պատճառով էլ այս զորամասի նկատմամբ ուշադրությունը մեծ է: Մեծ է նաեւ ուսուցանող անձնակազմի պատասխանատվությունը. եթե ամփոփիչ քննությունների ժամանակ կուրսանտը թեկուզեւ մեկ առարկայից անբավարար գնահատական ստանա, ապա չի կարող դառնալ կրտսեր հրամանատար, իսկ այդ դեպքում թերացման համար մեղավոր կճանաչվի նրան ուսուցանող օղակի հրամանատարը: Եվ միանգամայն բնական է, որ բոլորը ձգտում են առավելագույն գիտելիքներ փոխանցել կուրսանտներին: Հատկապես դժվար է տվյալ զորամասի ջոկի հրամանատարների գործը: Այլ զորամասերում ջոկի անդամներից յուրաքանչյուրն իր հստակ պարտականություններն ունի, նրանց հենց դա էլ սովորեցնում են: Իսկ ուսումնական ջոկի անդամներից յուրաքանչյուրը հենց ինքը ապագա ջոկի հրամանատար է: Հետեւաբար, այսօր տվյալ ջոկի ղեկավարը պարտավոր է յուրաքանչյուրի հետ աշխատել անհատապես, աշխատել այնպես, որ նա կարողանա տիրապետել եւ՛ ջոկի հրամանատարի, եւ՛ մեխանիկ-վարորդի, եւ՛ նշանառու-օպերատորի պարտականություններին՝ հետագայում բոլորի գործողությունները համակարգելու եւ ուղղորդելու համար: Միեւնույն ժամանակ ջոկի հրամանատարը պետք է պատրաստ լինի դասակի հրամանատարի պարտականությունները կատարելուն:

Այստեղ կրթում են տարբեր մասնագետներ՝ տանկի, ՀՄՄ-ի հրամանատարներ, հրաձգային ջոկի հրամանատարներ եւ այլն: Յուրաքանչյուր դեպքում ուսուցումը կազմակերպվում է հաշվի առնելով տվյալ ուղղությանը անհրաժեշտ առանձնահատկությունները: Մինչդեռ կան որոշակի տարրեր, որոնք ընդհանուր են բոլոր ստորաբաժանումների համար:

 

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ԱՌԱՎԵԼ ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄՀրետանու ուսումնական զորամասում ավարտական քննությունները տեւեցին մոտ 2 շաբաթ: Կուրսանտներն անհատապես ստուգվեցին եւ գնահատվեցին 7 առարկայից, այդ թվում` շարային եւ ֆիզիկական պատրաստությունից: Գլխավոր ռազմական տեսչության ստուգող հանձնաժողովը եւ զորամասի հրամկազմը հատուկ ուշադրություն դարձրին ուսումնական ծրագրով նախատեսված տեսական եւ գործնական թեմատիկայի լիարժեք յուրացմանը:

Հրետանավորների մասնագիտական պատրաստության ուսումնական կետերում անձնակազմը ցուցադրեց մարտական տեխնիկային տիրապետելու կարողությունները: Հաշվարկները նորմացույցի համաձայն հրանոթները բերեցին մարտական, ապա նաեւ երթային վիճակի: Բոլոր գործողությունները կատարվեցին ներդաշնակ, սահմանված ժամկետներում: Յուրաքանչյուր կուրսանտ ստուգվեց եւ՛ անհատապես, եւ՛ հաշվարկի կազմում գործելիս:

Քննական հանձնաժողովը խիստ էր գնահատում հատկապես ապագա հրետանավորների գործողությունները, քանի որ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց զորատեսակի կարեւորությունը եւ ամրակցված տեխնիկային լավագույնս տիրապետելու անհրաժեշտությունը:

Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած եւ հրետանու ջոկերի հրամանատարների եւ զորատեսակի մասնագետների որակավորում ստացած կուրսանտները շուտով կմեկնեն զորքեր եւ կհամալրեն համապատասխան ստորաբաժանումները: Նրանց գրագետ գործողություններով եւ արդյունավետ ծառայությամբ էլ մեծապես պայմանավորված կլինի ԶՈւ մարտունակությունը:

Քննությունների արդյունքները դեռեւս պետք է ամփոփվեն եւ մասնագիտական խոր վերլուծության ենթարկվեն, ինչից հետո միայն պարզ կլինի, թե որքանով է արդյունավետ անցկացվել ուսումնական գործընթացը, որ օղակն է ավելի ճիշտ եւ նպատակային օգտագործել իր տրամադրության տակ եղած համապատասխան միջոցներն ու հնարավորությունները մարտունակ մասնագետներ պատրաստելու համար, եղել են արդյոք թերացողներ, թե ոչ: Գլխավոր ռազմական տեսչության քննական հանձնաժողովների ներկայացուցիչները փաստում են, որ անձնակազմը հիմնականում պատրաստ էր ստուգատեսին, եւ որ ստորաբաժանումներում առկա է մրցակցության բարձր մթնոլորտ:

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/06/2016