ԲԱՆՔ ՄԵԾԱՑ
Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի եւ անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։
Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը եւ թագը, առեց խաչը եւ մտավ Մանիա այրում ճգնելու համար…
Ո՜վ հայոց հին աստվածներ, ո՜վ Անահիտ, ո՜վ Վահագն, ո՜վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…
ՐԱՖՖԻ
«Ջալալեդդին» վիպակից
Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Հոգևոր-մշակութային