Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃՈՒՏՈՆ



ՃՈՒՏՈՆ1992թ. հուլիս-օգոստոս ամիսներն էին: Թեժ մարտեր էին Մարտակերտի շրջանում: Երեկոյան ջոկատի տղաներով խմբվել էինք անտառում` ծառերի սաղարթների տակ եւ ամփոփում էինք մեր գլխով անցածը, երբ հանկարծ գյուղի տղաներից մեկը մոտեցավ մեզ եւ հայտնեց, որ Երեւանից մի ջահել տղա է հայտնվել եւ ինձ է հարցնում:

Իմ զարմանքը շատ ավելի մեծացավ, երբ առաջ գնալով՝ մթության մեջ նկատեցի հարեւանիս տասնյոթ տարեկան տղային:

-Հա՞յկ…

Իմ զարմանքին ի պատասխան, տղան ուրախ-ուրախ մոտ վազեց.

-Տանը ամեն ինչ լավ ա… Ես փախել եկել եմ, որ ձեզ հետ միասին կռվեմ…

Զարմանք ու զայրույթ միախառնվել էին: Չգիտեի՝ ինչ ասեմ…

-Ծնողներդ գիտեն ուր ես եկել… Ի՞նչ ես անելու. այստեղ քո տարիքին ոչ ոք չկա…

-Դու քո երեք երեխաներին թողել եկել ես Ղարաբաղ, ես` մենակ տղա, չգայի՞:

Բառեր չէի գտնում: Սթափվեցի.

-Հայկ ջան, տղա ջան,- ասացի ու փաթաթվեցի նրան:

Այլեւս անիմաստ էր խրատական կարդալ մի տղայի գլխին, որ գիտակցում է իր պարտքը: Ե՛վ ուրախ էի, եւ՛ տխուր:

Տղաները միանգամից նրան «Ճուտո» կնքեցին:

Եվ Հայկը այդ օրվանից դարձավ մեր մարտական ընկերը: Ինքնամփոփ էր, քչախոս, բայց նաեւ ինքնակամ էր բոլոր հարցերում: Իմ մտահոգությունը մեկն էր՝ Ճուտոյին հեռու պահեմ փորձանքից, այն էլ` պատերազմի դաշտում… Մտածում էի՝ առաջին իսկ առիթի դեպքում կտանեմ, ծնողներին կհանձնեմ: Օրերը շաբաթներ դարձան, շաբաթները՝ ամիս… Մի օր էլ մեր ջոկատը հանգստի համար տուն վերադարձավ: Ինչպես որ մտքումս դրել էի` Ճուտոյին տարա ու ողջ-առողջ ծնողներին հանձնեցի, դեռ խորհուրդ էլ տվեցի՝ աչքները վրան պահեն. «Պատերազմը երեխայի տեղ չէ»:

Ճուտոյին էլ չտեսա: Հետո` ավելի ուշ իմացա, որ կրկին տնից փախել, գնացել-միացել է «Խաչեն» ջոկատին…

Մեր Ճուտոն` Հայկ Ավագյանը, զոհվել էր նոյեմբերի 4-ին՝ Ղազանչիի բարձունքների համար մղվող մարտում, 17 տարեկան հասակում: Նրա ձայնը դեռ ականջներումս է.

-Դու քո երեք երեխաներին թողել եկել ես Ղարաբաղ, ես` մենակ տղա, չգայի՞…

 

ՌՈԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ազատամարտիկ

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Պատմության էջերից


22/06/2016