Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ



Քարեգահի դպրոցի տնօրեն Վոլոդյա (Արեն) Գալստյանը մարտական հենակետում փոխարինել էր ավագ որդուն՝ Վահեին: Չորս զավակ ունի: Ալեքսանդր-Վանը 5-րդ դասարանի աշակերտ է: Հինգ  թոռներից չորսը նույնպես դպրոցական են, իսկ Արփին՝ կես տարեկան:

 -Յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել դիրքապահ զինվորի կողքին: Կարևորը՝ զինվորը զգա ավագ ընկերոջ ներկայությունը:

♦♦♦

…Վերադարձին անցանք զորամասի հարևանությամբ գտնվող սահմանամերձ գյուղով. դպրոցի մոտ երեխաները ֆուտբոլ էին խաղում: Մենք էլ միացանք նրանց:

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՌՕՐՅԱԱնցնում ենք արդեն հասունացող հացահատիկի արտերի միջով. դեպի զորամաս տանող ճանապարհն այստեղով է անցնում: Ապրիլյան պատերազմը շատ կամավորականների առաջնագիծ հանեց, և Քաշաթաղի շրջանն առաջինը արձագանքողներից էր, մինչ օրս սահմանի տղերքի հետ քաշաթաղցի կամավորականներ են հսկում հայոց տունը:

Զրուցում եմ զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Խաչատրյանի հետ: Ծնունդով ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածքի Քեթի գյուղից է: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և  արդեն 14 տարի զինված ուժերում է, որից 7-ը՝ այս զորամասում:

-Այժմ իրավիճակը կայուն է, կրակոցներ սահմանում քիչ են լսվում, բայց թշնամուն վստահել չենք կարող,- ասաց Վ. Խաչատրյանը և կարևորեց կամավորականների ներկայությունը սահմանին:- Այժմ, բացի քաշաթաղցիներից, ովքեր իրենց պարտականությունը կատարում են արժանավայել ու նվիրված, մեզ օգնում են նաև հանրապետության այլ շրջանների կամավորականներ:

Կարճ տևեց մեր զրույցը. դիրքեր բարձրանալու անհրաժեշտություն կար:

Զորամասի բուժհաստատությունում է ծառայում շարքային Գարիկ Կարապետյանը: Բանակ է զորակոչվել Քաշաթաղի շրջանի Շալուայի գյուղական համայնքի Հիմնաշեն գյուղից: Դեռ 8 ամիս կա, որպեսզի զորացրվի:  Զինակից ընկերներից սերժանտ Արմեն Հակոբյանը Ճամբարակից է, շարքային Արգիշտի Ստեփանյանը՝ Վանաձորից: Նրանք էլ են շուտով զորացրվելու:  Միասին մի սպիտակ ու գեղեցիկ կարապ են թղթից պատրաստել: Ապրիլի առաջին օրերին շատ դժվար է եղել նրանց համար. մարտադաշտից դուրս են բերել վիրավոր ու զոհված զինակից ընկերներին: Նույն վաշտում են ծառայում շարքային Անդրեյ Այվազյանը, որը Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից է, շարքայիններ Վալերի Ավանեսյանը՝ Ստեփանակերտից, Հակոբ Աթայանը՝ Երևանից, Մհեր Շահնազարյանը և Դավիթ Հակոբյանը՝ Լոռու Շնող գյուղից: Հարազատացել են տղաները: Պատմում են պատերազմական օրերի մասին, ցավով հիշում դժվար պահերը…

Այժմ անդորր է: Վերջապես հասավ հերթափոխի պահը, և առաջին մեքենան իջավ դիրքերից: Գումարտակի թիկունքի պետ, մայոր Սարգիս Սարգսյանը 6 ամիս է, ինչ այս զորամասում է ծառայում: Ծնունդով Գյումրիից է: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո արդեն 17 տարի է, ինչ զինվորական ծառայության մեջ է: Ապրիլի սկզբից առաջնագծում է: Ասաց՝ քաշաթաղցի կամավորականներին առաջին դիմավորողներից է, և միասին են հսկել հենակետերում, գոհ է և շնորհակալ, որ մինչ օրս նրանց մի մասը դեռ այստեղ է: Կարևորեց, որ զոհ և վիրավոր չի եղել:

-Պատերազմի մասին լավ բան չես պատմի,- ասաց Ս. Սարգսյանը:- Ուզում եմ` խաղաղություն լինի, ուզում եմ` ոչ մի զինվոր չզոհվի… Իսկ հարկ եղած դեպքում պատրաստ եմ դիմակայել թշնամուն, հետ շպրտել: Մենք թույլ չենք տա, որ խաթարվի մեր երկրի անդորրը:

Նույն գումարտակի դասակներից մեկի հրամանատարն է լեյտենանտ Սարո Գրիգորյանը: Նա Հադրութի շրջանի Բանաձուր գյուղից է: Ավարտելով ժամկետային ծառայությունը՝ դիմել է վերադաս հրամանատարությանը և մնացել բանակում: Ամուսնացած է, որդին՝ Հայկը, 2 տարեկան է: Ապրիլի 1-ից տուն չի գնացել, թեեւ զորամասի հարևանությամբ են ապրում: Շատ է կարոտել որդուն: Հիմա արդեն դրա հնարավորությունն ունի: Գովեստով է խոսում իր զինվորների մասին, որոնց շարքերում նաև քրոջս որդին է՝ սերժանտ Սևակ Գալստյանը:

Դիրքերից իջնում են նաև քաշաթաղցի կամավորականները: Երիտասարդների հետ նաև տարեցների եմ տեսնում: Նրանցից շատերը Արցախյան գոյամարտի մասնակիցներ են: Քարեգահի դպրոցի տնօրեն Վոլոդյա (Արեն) Գալստյանը մարտական հենակետում փոխարինել էր ավագ որդուն՝ Վահեին: Չորս զավակ ունի: Ալեքսանդր-Վանը 5-րդ դասարանի աշակերտ է: Հինգ  թոռներից չորսը նույնպես դպրոցական են, իսկ Արփին՝ կես տարեկան:

-Յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել դիրքապահ զինվորի կողքին, եթե կա դրա անհրաժեշտությունը: Տարիքը երկրորդական է: Կարևորը, որ զինվորը զգա ավագ ընկերոջ ներկայությունը,- ասաց Վոլոդյան:

Քաշաթաղի շրջանի Գողթանիկի դպրոցի զինղեկ Ջանիկ Տոնոյանը նույն զորամասում է ծառայել և 3 տարի առաջ է զորացրվել: Ծանոթ է տարածքին, լավ է տիրապետում զենքին և արդեն մի քանի հերթափոխ է, ինչ կամավորների հետ է:

Վերադարձին անցանք զորամասի հարևանությամբ գտնվող սահմանամերձ գյուղով. դպրոցի մոտ երեխաները ֆուտբոլ էին խաղում: Մենք էլ միացանք նրանց: Շատերի հայրերը նույն զորամասում են ծառայում, մասնակցել են տարածքի պաշտպանությանը:

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Քաշաթաղ

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Բանակ և հասարակություն


22/06/2016