Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԻՏԻ ՇԱՏ ՍԻՐԵՍ ՆՐԱՆ, ՈՒՄ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ ԵՍ



«Բայց դու մի՜ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»:

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

 

ՊԻՏԻ ՇԱՏ ՍԻՐԵՍ ՆՐԱՆ, ՈՒՄ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ ԵՍՓոխգնդապետ Պերճ Գևորգյանին առաջին անգամ տեսա Երևանի թիվ 59 դպրոցում` հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանին նվիրված միջոցառման ժամանակ: Զինվորական համազգեստով տղամարդը տարիքին անհարիր եռանդով ու աշխուժությամբ անմիջապես ուշադրություն գրավեց: Նա միջոցառման հյուրերին դիմավորեց դպրոցի բակում ու մինչև դահլիճ հասնելը հասցրեց այնքան բան պատմել իր ներկա և նախկին աշակերտների հայրենասիրության, խիզախության ու այլ առաքինությունների մասին, այնպիսի գովեստներ շռայլեց, որ մտքիս դրեցի անպայման ծանոթանալ ուսուցչի կենսագրությանը և նրա աշխատանքի մեթոդներին: Մտադրությունս ավելի ամրապնդվեց, երբ աշակերտները ուսուցչին դիմելիս պահպանեցին զինվորական վարվեցողության բոլոր կանոնները, իսկ նախնական զինվորական պատրաստության դասարանում մեծ հպարտությամբ ցուցադրեցին իրենց ալբոմները, ռազմահայրենասիրական բնույթի քարոզչական վահանակները, բազմաթիվ միջոցառումների մասին պատմող նկարներն ու տեսանյութերը:

Ինչպես և սպասում էի, Պերճ Գևորգյանը յուրահատուկ կենսագրություն ուներ: Հորը առաջին անգամ 6 տարեկանում է տեսել, որովհետև դեռ ծնված չի եղել, երբ հայրը մեկնել է Ֆիննական պատերազմ, հետո սկսվել է Մեծ հայրենականը… 6-ամյա երեխան առաջին անգամ հորը տեսել է զինվորական համազգեստով… հեռուներից վերադարձած հայրը` պատերազմի մասին պատմությունների ու իր համազգեստի պես խորհրդավոր:

…Ես գիտեմ, թե ինչ արագությամբ ու անփութորեն դեպքերն ու դիպվածները կարող են փոխել մեր կյանքի ընթացքը, թե որքան զորեղ են փոքրիկ պատահականությունները…

Ու հենց այդ փոքրիկ պատահականությունների տիրական ազդեցությամբ Պերճ Գևորգյանը հայտնվեց մանկավարժական ինստիտուտում:

-Ասես աշխարհ եմ եկել երեխաներին, պատանիներին դաստիարակելու համար,- ասում է Պերճ Գևորգյանը:

…Մտածում եմ, որ նա բուհն ավարտելուց հետո մանկավարժ է աշխատել մինչ օրս, բայց կենսագրությունը կարդալիս այլ բան է պարզվում: Դպրոցում տնօրենի դաստիարակության գծով տեղակալ աշխատելուց հետո 20 տարի ծառայել է ոստիկանության անչափահասների հարցերով բաժնում:

Հետո ծառայության է անցել բանակում որպես գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ: Հետո տեղափոխվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ… Այսօր դպրոցում զինղեկ է:

-Ես առարկա չեմ դասավանդում, այլ առաքինություն, թերևս առաքինություններից կարևորագույնը` հայրենասիրություն, որը առաքինությունների պսակն է ու ծնվում է մյուս առաքինությունների ամուր հենքի վրա: Հայրենասիրությունը ծաղիկ է, որը ծաղկում է բարությամբ, մարդասիրությամբ, քաջությամբ, ազնվությամբ, արժանապատվությամբ, կամքով ներծծված հողի մեջ:

-Իսկ այդ «հողը» որտեղի՞ց եք ստանում,- կեսլուրջ-կեսկատակ հարցնում եմ զինվորական մանկավարժին:

-Յուրաքանչյուր մարդ ծնվում է այդ հողը իր ներսում, ես պարզապես ջրում եմ այն, ջերմություն եմ տալիս… խնամում եմ, ուշադիր եմ լինում, որ իմ տնկածը մեկ ուրիշը ոտնակոխ չանի…

…Հորեղբորս հիշեցի` չոքած գուրգուրում էր յուրաքանչյուր սածիլ, ինչ զգուշությամբ էր մաքրում վազը պատուտակից, որ ոչ մի տերև չվնասի: Մի օր ¥8 տարեկան էի) ինձ ասաց՝ էս բադրիջանի քոլը քեզ եմ տալիս, ինձ պես չոքի, կողքի խոտերը պոկի, բուկլից արա ու ջրի: Դասերդ կարդալով կարող է գիտնական դառնաս, բայց հողն ու կանաչը սիրելով ես մարդ դառնալու:

-Ամեն մարդ իրավունք չունի մյուսին դաստիարակելու,- բացատրում է Պերճ Գևորգյանը,- քո ապրած կյանքով ու կենսագրությամբ պիտի դաստիարակես առաջին հերթին ու նվաճես ինչ-որ մեկի վարքը, մտածելակերպը ուղղորդելու իրավունքը: Հետո պիտի շատ սիրես նրան, ում դաստիարակում ես, հակառակ դեպքում կլինես ոչ թե դաստիարակ, այլ բռնակալ: Երբ աշխատում էի անչափահասների տեսչությունում, բնականաբար շփվում էի դժվար բնավորությամբ, արդեն իսկ հանցանք կամ զանցանք գործած, վատ հակումներ ունեցող պատանիների հետ: Նրանք վատ արարքներ էին անում, բայց ես սիրում էի նրանց: Ու իմ վերաբերմունքով այնպես էի անում, որ իրենք էլ սիրեն իրենց: Եթե մարդն ինքն իրեն չսիրի, ամենավատ արարքները կանի: Ես, առանց հուսահատվելու, անտեսելով ձախողումներս, կրկին ու կրկին վստահում էի իմ տղաներին: Մի լավ արարքը, որ նրանք անում էին իմ համառ ջանքերով, սկիզբ էր դնում մեկ ուրիշ լավ արարքի, ու այդպես լավը շատանում էր, վատը մնում էր անցյալում, մոռացվում էր…

-Ձեր աշակերտները ձգված էին կանգնում Ձեր առջև,- հանկարծ հիշում եմ ես:

-Ես էլ նրանց առջև եմ ձգված, ներքուստ եմ ձգված, ամբողջ կյանքում ձգված եմ…

Ես նայում եմ 76-ամյա զինվորական մանկավարժին և միակ բանը, որ ուզում եմ իմանալ, այն է, թե ինչի կարիք ունի, թե մենք ինչ անենք նրա համար, որ իրեն լավ զգա: Մեր զրույցը կարող է ձգվել ժամեր, նա էլի դեպքեր, դրվագներ կպատմի իր փորձառությունից, կասի, որ սերը, հետևողականությունը, հավատը, ռեժիմը կարող են փոխել անգամ ամենավատ մարդուն, բայց, միևնույն է, նրա փորձառությունը  իմը չի դառնա, ոչ էլ` մեկ ուրիշինը: Բայց և՛ ինձ, և՛ մյուսներին  կվարակի նրա վաստակած երջանկությունը, այն միտքը, թե ինչն է երիտասարդ, առույգ և զվարթ պահում 76-ամյա զինվորականին:

-Հպարտությունը, հոգուս հանգստությունը… Սերս իմ գործի հանդեպ, այն գիտակցումը, որ իմ գործը շատ կարևոր է: Սպասումը, որ իմ սաները գնան բանակ, պատվով ծառայեն ու ողջ-առողջ տուն վերադառնան… Ինչ վերաբերում է նախորդ հարցին` ես ոչ մի բանի կարիք, ոչ մի ակնկալիք չունեմ, եկեք քայլենք փողոցով, ու կտեսնեք, թե մինչև փողոցի ծայրը քանի մարդ` 15-65 տարեկան կմոտենա ինձ ու կասի` ես Ձեր աշակերտն եմ եղել, ու կգրկի ինձ հարազատի նման: Սա է իմ երջանկությունը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Բանակ և հասարակություն


22/06/2016