Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾՆԵՐԸ



Հետադարձ հայացք

 

ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾՆԵՐԸԶինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր:  Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը:

Այսօր մենք անթաքույց հպարտությամբ ենք խոսում մեր ռազմաավիացիոն ուժերի  մասին, սակայն մեզնից քչերն են հիշում, թե հեռավոր 1992թ.-ից սկսած մինչև օրս ինչ դժվարություններ է հաղթահարել և ինչ  զոհողությունների գնով է կազմավորվել մեր ռազմական օդուժը:

1992թ.-ի գարնանը, երբ նոր-նոր կազմավորվում էին ռազմաօդային ուժերը, Հայաստանում դժվարին ու բարդ իրավիճակ էր տիրում. պաշտպանության նախարարությունը ջանք չէր խնայում արգելելու խորհրդային բանակից ժառանգած ռազմաավիացիոն զորամասի գույքի թալանն ու ռազմական ուղղաթիռների կանխամտածված ոչնչացումը: Մտավախություն կար, որ Հայաստանից հեռացող   զորքը կփորձի իր հետ տանել ավիացիան, ինչը կանխելու համար հայ սպաները գիշեր-ցերեկ հերթապահում էին ուղղաթիռների մոտ, անգամ գիշերում էին դրանց մեջ:

Ուղղաթիռային էսկադրիլիան շուտով մեզ էր հանձնվելու, իսկ Հայաստանում դեռ   հմուտ օդաչուներ գրեթե չկային: Առկա զինտեխնիկայի սպասարկման համար ընդգրկվեցին տեղի քաղավիացիայի, ինչպես նաև Խորհրդային Միության այլեւայլ  երկրներից մեկը մյուսի հետեւից հայրենիք վերադարձող մասնագետները: Սկսվեց նրանց անհապաղ վերապատրաստումը, և պատերազմի ամբողջ ընթացքում հիմնական դերակատարումը բաժին հասավ ուղղաթիռների օդաչուներին:

1992թ.-ից Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարտական գործողություններին մասնակցելու և կամավորական ջոկատներին աջակցելու համար գործի դրվեցին ՀՀ-ում գտնվող գրեթե բոլոր ուղղաթիռները: Խոշոր մարտական գործողությունների և ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակումների ամիսներին` 1993թ.-ի ամռանից մինչև զինադադար, մեր օդաչուները Ստեփանակերտից օրական 4-ից 5 թռիչք էին կատարում դեպի ճակատային գոտում տեղաբաշխված ռազմադաշտային հոսպիտալներ` վիրավորներին Ստեփանակերտ կամ Երևան տեղափոխելու:

1992թ.-ի աշնանը, երբ թշնամին ռմբակոծում էր Գորիսն ու Կապանը, մեր ուղղաթիռները գտնվում էին տարբեր կողմերից ընթացող կրակահերթերի հասանելիության գոտում: Հաճախ էր պատահում, երբ ուղղաթիռի խցիկում վիրավորված մեր օդաչուները շարունակում էին թռիչքն ու կատարում մարտական առաջադրանքը:

Ռազմավարական նշանակություն ունեցող Ղոչազը ավիացիայի տեսանկյունից դժվարին նշանակետ էր: Թշնամու դիրքերը բավական բարձր էին հայկական պաշտպանական բնագծերից: Պետք էր կամ, ՀՕՊ կայաններին թիրախ դառնալով, մեծ բարձրություններից մոտենալ նշանակետերին, կամ, շատ ցածր թռչելով, աննկատ վեր բարձրանալ, արձակել հրթիռներն ու կտրուկ իջնելով հեռանալ: Երկու դեպքում էլ ոչ միայն վտանգվում էր օդաչուի կյանքը, այլև խիստ կրճատվում էր նշանակետերի հայտնաբերման առանց այն էլ սուղ ժամանակը: Բայց հայկական օդուժի անձնակազմի անդամներից և ոչ մեկը չերկնչեց. թռիչքները շարունակվում էին: Հայ օդաչուներն անում էին անկարելին, հաճախ` անթույլատրելին:

Արցախյան պատերազմի ընթացքում` հատկապես ձմռանը, զինվորական ավիացիայի համար թերևս ամենածանրը Օմարի ուղղությունն էր: Թռիչքահրապարակը ուղղաթիռի համար առավել քան անհաջող էր. քամին կողքից էր խփում. ծայրաստիճան անբարենպաստ գործոն: Այս պայմաններում օրը մի քանի անգամ կյանքի գնով մեր օդաչուները զինամթերք, անձնակազմ ու սնունդ էին տեղափոխում, տարհանում էին զոհվածներին ու վիրավորներին: Հայաստանի բարձրադիր գոտիներում ՄԻ-8 ուղղաթիռով թույլատրվում է առավելագույնը 24 մարդ տեղափոխել, սակայն այդ օրերին չվերթի ընթացքում 30-40 վիրավոր տեղափոխելը սովորական երևույթ էր:

ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾՆԵՐԸԱվիացիոն մասնագետների պատրաստման առաջին և միակ դարբնոցը ստեղծվեց 1993թ.-ին՝ նախկին ԴՕՍԱԱՖ-ի աերոակումբի հիմքի վրա, որի հիմնադիրը գնդապետ Դանիել Բալայանն էր: Հայաստանի Հանրապետությունում ռազմաավիացիոն ուսումնական կենտրոնի  ստեղծման հրամանը  ստորագրվեց 1993թ.-ի ապրիլի 1-ին:  Ոգևորությունը մեծ էր. բանակ էր ստեղծվում: Վարչության սպաները, որքան էլ զբաղված լինեին, ուսումնական կենտրոնում դասավանդելու ժամանակ էին գտնում: Պատերազմի վերջին տարում` 1994թ.-ի դաժան ձմռանը, ամեն օր՝ առավոտյան ժամը 6.30-ին, ճանապարհ ընկնելով, կուրսանտներին ավտոբուսներով Արզնիից տեղափոխում էին Զվարթնոց օդանավակայան՝ պարապմունքների, ապա կրկին ետ` անցնելով շուրջ 100 կմ ճանապարհ:

1992թ.-ի հուլիսին տեղի ունեցավ օդաչուների զինվորական երդման առաջին հանդիսավոր արարողությունը:

1994թ.-ին ավիացիոն ուսումնական կենտրոնը տեղափոխվեց իր ներկայիս տեղակայման վայրը: 2001թ.-ին ուսումնարանի հիմքի վրա ստեղծվեց ռազմաավիացիոն ինստիտուտը: 2005թ.-ին, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի, ինստիտուտը պաշտպանության նախարարի հրամանով կոչվեց մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ: Առկա ուսումնամեթոդական և լաբորատոր բազան հնարավորություն տվեց բացի ավիատորներից նաև կապի և ՀՕՊ մասնագետներ կրթել:

2016-ին ՌՈՒՀ-ը  համալսարանի կարգավիճակ ստացավ:

Ավիացիայի օդաչուներն այսօր էլ շարունակում են կատարել ամենատարբեր առաջադրանքներ` ՀՕՊ ստուգողական թռիչքներ, ամենաբարդ եղանակային պայմաններում զինծառայողների տեղափոխում հոսպիտալներ, ընդգրկվում են մարտական կրակով անցկացվող զորավարժություններում:

Ռազմաօդային ուժերում, մարտական պատրաստության և տեխնիկական ապահովվածության մակարդակի տարեցտարի բարձրացմանը զուգահեռ կատարվում է օդաչուների և ռազմաավիացիոն մասնագետների սերնդափոխության գործընթաց: Հեռացող փորձառու օդաչուներին փոխարինում են Հայաստանում մասնագիտական կրթություն ստացած երիտասարդ սպաները՝ ստանձնելով մեր օդային սահմաններն անառիկ պահելու և մեր զորքերի գործողություններին օդից աջակցելու դժվարին ու պատասխանատու գործը:

Դե, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում թեև կարիք չեղավ ՀՀ ԶՈՒ ռազմաավիացիոն ուժերն ամբողջ ծավալով կիրառելու, բայց, այդուհանդերձ, մեր ռազմական ուղղաթիռների անձնակազմներն օպերատիվորեն իրականացրին ծանր վիրավորների տեղափոխումը զինվորական հոսպիտալներ՝ փրկելով բազում զինծառայողների կյանքեր:

 

ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾՆԵՐԸԱՎԵՏԻՔ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի վարչության պետ,

գեներալ-մայոր

Անցած 24 տարիների ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը, անշուշտ, այն է, որ նախկին Խորհրդային Միության երկրներից առաջինը՝ 1993 թվականին մենք ունեցանք ռազմաավիացիոն կրթօջախ: 1995 թվականին երկամյա ուսուցումից հետո ուսումնարանն իր առաջին շրջանավարտները տվեց՝ որպես տեխնիկներ: 1996 թվականին՝ երեք տարվա ուսումնառությունից հետո ունեցանք նաև առաջին օդաչուները: Մեծ ձեռքբերում է նաև այն, որ այսօր մեր ավիացիայում «դրսից» շատ քիչ մարդիկ կան. հիմնական կադրերը Ռազմաավիացիոն ինստիտուտի շրջանավարտներն են: Այսօրվա մեր մեծ ձեռքբերումն է նաև այն, որ ՀՀ ԶՈՒ-ն ունի բարձրակարգ մասնագետներով և անհրաժեշտ տեխնիկայով համալրված մարտական զորամասեր: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ հակառակորդը, հաշվի նստելով մեր ավիացիայի հետ, առավելագույնս ուժեղացնում է իր հակաօդային պաշտպանության ուժերը. այսպես ասած՝ «հարգում է»: Ի դեմս ավիացիայի՝ ողջ զինված ուժերի համար որպես կարևորագույն ձեռքբերում կնշեմ, որ մենք ոչ թե մարդասպաններ ենք դաստիարակում,  այլ մարդու, մարտիկի տեսակ, որ պատրաստ է կյանքը զոհաբերելու հանուն հայրենիքի: Զինվորականի այս տեսակը ձևավորվել և մեզ է հասել պատմականորեն: Մենք էլ մեր հերթին շարունակում ենք փայփայելով պահպանել ու լավագույն կադրերով համալրել մեր շարքերը:

Մեր հայրենակիցներին ուզում եմ վստահեցնել, որ մենք միշտ պատրաստ ենք եղել ու այսուհետ ևս պատրաստ կլինենք կատարելու մեր առջև դրված ցանկացած մարտական խնդիր: Մենք շատ չենք, բայց ուժեղ ենք՝ հոգով, սրտով:  Չլուծվող խնդիրներ, փառք Աստծո, չկան, իսկ եթե լինեն էլ, մենք միշտ կգտնենք անհրաժեշտ լուծումները:

Ավիացիայի օրվա կապակցությամբ ուզում եմ շնորհավորել իմ բոլոր գործընկերներին՝ բոլոր ավիատորներին ու սպասարկող անձնակազմին: Մենք՝ օդաչուներս, մաղթանքի մի խոսք ունենք. «Տա Աստվա՛ծ, որ մեր թռիչքների քանակը միշտ համապատասխանի վայրէջքների քանակին»: Ի լրումն սրա՝ կցանկանայի, որ բանակ զորակոչվողների քանակը միշտ համապատասխանի զորացրվողների քանակին, որ մայրերը իրենց որդիներին ուրախ ճանապարհեն բանակ ու ուրախ էլ դիմավորեն: Թշնամուն երբեք չթերագնահատելով ու միշտ հաշվի առնելով, որ ոսոխը մնում է ոսոխ՝ մենք՝ ռազմական օդաչուներս, այդուհանդերձ, ցանկացած պարագայում ձգտում ենք  խաղաղության՝  միշտ պատրաստ լինելով պատերազմելո՛ւ:

 

ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾՆԵՐԸԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆ

ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի շտաբի պետ,

գնդապետ

Օդաչու դառնալու ցանկություն մանկուց եմ ունեցել: Ժամերով դիտում էի, թե «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ գտնվող մեր տան վրայով ինչպես են թռչում-անցնում ինքնաթիռները: 1992-1993 թվականներին արդեն մարտադաշտից մեզ էին հասնում զոհվածների մասին լուրերը: Յուրաքանչյուր զոհի հուղարկավորության ընթացքում մենք՝ դեռևս դպրոցական պատանիներ, պատվո պահակ էինք կանգնում: Սա անում էինք լիովին գիտակցելով, թե ինչ է կատարվում ռազմի դաշտում, ում դեմ ենք պատերազմում, ինչն ենք պաշտպանում կամ ազատագրում, հանուն ինչի են զոհվում մեր ազատամարտիկները: Գիտեինք, որ շատ են լինում դեպքեր, երբ  անգամ դպրոցահասակ պատանիները իրենց հոր, հորեղբոր, քեռու հետ մեկնում են ռազմաճակատ: Լսում էինք նրանց պատմությունները, թե ինչպես են գրավել այս կամ այն բարձունքը. անասելի ոգևորություն էինք ապրում: Միաժամանակ ես մտորում էի, որ միայն հրացանով թշնամու դեմ  կռվելն ինձ համար չէ, որ ես պետք է լիարժեք օդաչուական կրթություն ստանամ, որպեսզի կարողանամ ավելի մեծ վնաս հասցնել հակառակորդին:  Աֆղանստանում կռված և 400-ից ավելի մարտական թռիչք իրականացրած օդաչու բարեկամիս՝ Շահեն Հայրապետյանին արձակուրդի օրերին Հայաստան այցելությունների ընթացքում թախանձագին խնդրում էի ինձ էլ տանել իր հետ, որ օդաչու դառնամ: Եվ ահա՝ 1993 թվականի մայիս ամսին, երբ նա  հերթական անգամ արձակուրդը հայրենիքում էր անցկացնում, ինձ հայտնեց, որ Երևանում ավիացիոն ուսումնարան է բացվել: «Իրո՞ք ուզում ես օդաչու դառնալ»,- հարցրեց: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար. իհարկե, ուզում էի: Մի օր Շահենի հետ եկանք Երևան՝ ԴՕՍԱԱՖ-ի շենք, որտեղ ուսումնարանի  կազմակերպչական կորիզն էր գտնվում` մեր շատ հարգելի ու սիրելի գնդապետ Բալայանի գլխավորությամբ: Անցա համապատասխան բժշկական փորձաքննություն, որի ընթացքում ոտքից գլուխ ստուգում են առողջական վիճակդ, հոգեբանական կայունությունդ… Մանդատային հանձնաժողովը քննում է մասնագիտական ընտրության դրդապատճառներդ, ձգտումներդ… Պատերազմը ակտիվ փուլում էր, ու մենք հստակ գիտակցում էինք, թե հանուն ինչի ու ինչ նպատակով ենք օդաչու դառնալու:

Առաջին թռիչքս շատ վառ է տպավորվել. 1995 թվականի ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության և ավիացիայի օրը հրահանգչի օգնությամբ ԷԼ-29 ինքնաթիռով թռիչք կատարեցի: Ինձ շատ վստահ էի զգում. թվում էր, թե նախկինում բազմիցս  թռիչքներ եմ կատարել: Իսկ հուլիսի 12-ին արդեն ինքնուրույն թռիչք իրականացրի: Շատ լավ եմ հիշում, թե ինչպես իմ հրահանգիչը՝ Բորիս Բաբայանը, արցունքն աչքերին շնորհավորեց, ասաց, որ առաջին անգամ է  իր գործունեության ընթացքում ականատես լինում կուրսանտի այդքան վստահ ինքնուրույն թռիչք կատարելուն: «Երբեք չկասկածես ուժերիդ»,- ասաց:  Տղաները ինձ սկսեցին ձեռքերի վրա օդ նետել, հետո գլխիվայր մոտեցրին ինքնաթիռի առջևի անիվին: Համբուրեցի անիվը՝ սա ավիատորների՝ ապահով վայրէջքի համար ինքնաթիռին մատուցվող «շնորհակալությունն» է: Հետո գնդապետ Բալայանի հետ Արզնիում սկսեցի ՅԱԿ-52-ով  թռիչքները: Որոշ ժամանակ անց խնդրեցի, որ ինձ Գյումրի տեղափոխեն, որպեսզի մարտական ինքնաթիռով թռիչքներ իրականացնեմ: Այստեղ մեզ ղեկավարում էր փոխգնդապետ, ներկայումս գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, որի ղեկավարությամբ գործող զորամասում էի. մարտական տարբեր հնարքներ եմ սովորել նրանից:

Մեր ուսանողական տարիները դժվարին էին, բայց ես միշտ սիրով եմ հիշում իմ կյանքի այդ ժամանակահատվածը: Այժմ մեր ռազմաավիացիոն համալսարանի ուսանողներին պատմում եմ, թե ինչ դժվարին պայմաններում էր անցնում մեր ուսումը, որ հիմա պայմաններն անհամեմատ լավ են, ու անընդհատ կրկնում եմ գնդապետ Բաբայանի խոսքերը՝ երբեք ու ոչ մի պարագայում չպետք է կասկածել սեփական ուժերին:

Ռազմական ավիացիայի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին, ցանկանում քաջառողջություն ու նորանոր հաջողություններ:

 

ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾՆԵՐԸԴԱՆԻԵԼ ԲԱԼԱՅԱՆ

ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ,

գնդապետ

Երբ ետ եմ նայում, կարող եմ ասել, որ հայրենական ռազմական ավիացիայի կայացման այս 24 տարիների ընթացքում ամենահիշարժանը պաշտպանության նախարարի՝ Հայաստանում առաջին ռազմաավիացիոն ուսումնական հաստատություն ստեղծելու հրամանը ստորագրելու օրն էր: Շատերը թերահավատությամբ էին վերաբերվում այս նախաձեռնությանը, բայց իմ և գործընկերներիս ցանկությունը անչափ մեծ էր: Ես այդ ընթացքում ղեկավարում էի հանրապետական աերոակումբը, որ հագեցած էր ուսումնական հաստատության համար անհրաժեշտ ամեն ինչով:  Մինչև Խորհրդային Միության փլուզումը՝  մենք ուսումնառության համար ամեն տարի միջին հաշվով 15 կուրսանտ էինք ուղարկում միութենական տարբեր ավիացիոն ուսումնական հաստատություններ: 1990-91 թվականներից սկսած մեր կուրսանտների առջև պայման էր դրվում՝ եթե ուզում էին շարունակել ուսումը, պետք է տվյալ երկրի՝ օրինակ Ուկրաինայի, Ռուսաստանի քաղաքացիություն ընդունեին: Նրանց զգալի մասը վերադառնում էր: Ես սկսեցի մտածել, որ արդեն գործող այս կազմակերպությունը ավելի ամուր հիմքերի վրա դնելու հնարավորությունը չի կարելի ձեռքից բաց թողնել: Մանկուց երազում էի, որ Հայաստանում օդաչուական ուսումնարան լինի: Եվ ահա նման առիթ էր ստեղծվել:  Համախոհներիս հետ անմիջապես գործի անցա, որքան էլ մեծ էր շրջապատի թերահավատությունն այս համարձակ նախաձեռնության հանդեպ. «Երկիրը քանդվում է, իսկ այս մարդը ինչե՜ր է ծրագրում»: Երբ հրամանը եղավ,  մենք մտածում էինք նախ և առաջ պահպանել այն ամենը, ինչ այդ պահին ունեինք: Հաջողվեց:  Հենց այդ տարի էլ առաջին ընդունելությունը կատարեցինք: Այդ տարվա մեր շրջանավարտները հիմա զորամասի հրամանատարներ են, գնդապետներ, պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում զինված ուժերում:

Մեր ինստիտուտն այժմ արդեն համալսարանի կարգավիճակ ունի, և բնականաբար մեր առջև նոր խնդիրներ ենք դրել:

Ինչ մենք այսօր անում ենք, վաղն արդեն պատմություն է դառնալու: Եթե մտել ես ծառայության, ուրեմն ամեն օր քո գործը գոնե մի քայլ առաջ պետք է տանես: Այս սկզբունքով ենք գործում:

Եվ մենք մեր տարերքի մեջ ենք…

Քանի որ մեր աշխատանքը մշտապես կապված է երկնքի հետ, ու իմ գործընկերները ողջ հայ ազգի ներկայացուցիչներն են, ռազմական ավիացիայի տոնի առիթով շնորհավորում եմ բոլորի՛ս և ցանկանում եմ խաղաղ երկինք: Ցանկանում եմ, որ  խաղաղության մեջ մեր երկիրը նոր, հզոր բարձունքների հասնի:

Մենք բոլորս պետք է գործենք և շարժվենք նույն ուղղությամբ, որպեսզի ունակ լինենք ինքներս մեզ ապահովելու անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում և՝ անվտանգությամբ:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

«Հայ զինվոր» թերթը մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում է ռազմաավիացիոն ուժերի բոլոր զինծառայողներին, մաղթում նորանոր հաջողություններ և անամպ ու խաղաղ երկինք:

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/06/2016