ՍՊՈՐՏԸ ՏՈՆ է
Գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում, որպես օրինաչափություն, կիրակի օրերը բանակային սպորտի, մարզա-մշակութային միջոցառումների կամ այլ ակտիվ հանգստի կազմակերպման օրեր են:
Մեր այցը գնդապետ Լ. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամաս կարծես հրամանատարության հաճախակի իրականացվող հանկարծակի ստուգում լիներ: Ճիշտ է՝ հրամանատարությունը տեղյակ էր, բայց զինվորների համար այն անակնկալ էր:
Համապատասխան թույլտվությունից հետո մտնելով զորամասի տարածք՝ տեսանք, որ ողջ շարահրապարակը վերածվել էր փոքրիկ մարզական ավանի: Այստեղ բազմաթիվ զինծառայողներ կային: Գումարտակներից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Գ. Հարությունյանը և վաշտի հրամանատար, կապիտան Կ. Տոնապետյանը մարզական միջոցառումներ էին անցկացնում: Մի տեղ պարանի ձգում էր, մեկ այլ տեղ` կշռաքարերի բարձրացում, սպորտային դահլիճում` տարբեր ստորաբաժանումների միջև վոլեյբոլի առաջնություն էր, քիչ այն կողմ` սեղանի թենիսի երկրպագուներն էին հավաքվել:
Բոլոր մրցումներն այնքան լավ էին նախապատրաստված, ու զինվորներն այնպես էին պայքարում բաղձալի հաղթանակի համար, որ մի պահ թվում էր, թե սա ոչ թե սովորական բանակային միջոցառում է, այլ բազմաթիվ երկրպագուների ուրախ բացականչություններով ուղեկցվող անզիջում պայքար՝ առնվազն զորամիավորման ներսում անցկացվող առաջնություն կամ այլ վարկանիշային մրցաշար:
Ըստ օրվա կարգացուցակի՝ մարզական միջոցառումները տևեցին մինչև ճաշը:
Միջոցառումների ավարտին գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Գագիկ Հարությունյանը մարզական միջոցառումներին մասնակցող զինվորներին շարեց տողանի և հանդիսավոր հայտարարեց, որ այսօր Սպորտի օրվան մասնակցող ՀՄՄ-ի հրամանատար, կրտսեր սերժանտ Սամվել Սաֆարյանի ծննդյան օրն է: Սամվելի համար սա, անշուշտ, հաճելի անակնկալ էր: Նա դուրս եկավ շարքից ու ստորաբաժանման հրամանատարի ձեռքսեղմումից ու բարեմաղթանքներից հետո տեղեկացավ, որ ծնողները ժամանել են զորամաս, և հենց այդ միջոցին էլ թույլատրվեց նրա տեսակցությունը հարազատների հետ: Իբրև «պարգևատրություն», Սամվելը նաև մի քանի ժամով հարազատների հետ զորամասի տարածքից բացակայելու թույլտվություն ստացավ:
Ինչպես տեղեկացանք մայոր Գագիկ Հարությունյանից, միայն գումարտակում կան բազմաթիվ շնորհալի զինծառայողներ՝ մարզիկներ. վարորդ, երևանցի շարքային Մերուժան Իրիցյանը սիրողական բռնցքամարտի 2014 թվականի Հայաստանի չեմպիոն է, ՀՄՄ-ի հրամանատար, գյումրեցի կրտսեր սերժանտ Գևորգ Սերոբյանը բազմակողմանի մարզիկ է. նա գրեթե հավասարապես տիրապետում է ըմբշամարտին, շախմատին, թենիսին, մարմնամարզությանն ու ծանրամարտին: Թեեւ շատերը նրան ճանաչում են որպես լավ ըմբիշի, բայց նա կարող է տասնյակ անգամ ձգվել պտտաձողի վրա, կատարել դժվար վարժություններ, ինչպես նաև` իր ծառայակիցների համեմատ ռեկորդային թվով` տասնյակ անգամ ծանր կշռաքարեր բարձրացնել:
Տանկի նշանառու օպերատոր, շարքային Արմեն Աշոտյանն Ախուրյանից է. ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մհեր Զաքարյանի սանը ութ տարի ըմբշամարտ է պարապել: Մասնակցել է հանրապետական և միջազգային մրցումների, զբաղեցրել մրցանակային տեղեր: Կրծքին փակցված է «ՔԱՋԱՐԻ ՄԱՐՏԻԿ» կրծքանշանը, ներկայացված է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ» կրծքանշանի:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Ազգային բանակ