Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՕՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի 2012թ. հունիսի 20-ի հրամանով՝ ամեն տարի հունիս ամսվա վերջին կիրակի օրը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սահմանվեց որպես Ռազմական սպորտի օր:

 

Հունիսի 26-ին, ինչպես զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, այնպես էլ  պաշտպանության նախարարության վարչական համալիրում, ազդարարվեց մարզական միջոցառումների սկիզբը, որին մասնակցում են պաշտպանության նախարարության, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, հավաքական թիմեր և անհատներ:

Պաշտպանության նախարարության վարչական համալիրի շարահրապարակում դիմելով միջոցառման մասնակիցներին` գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ասաց.

-Արդեն ավանդական դարձած բանակային սպորտի օրը միտված է զինված ուժերում ֆիզիկական պատրաստության դերի բարձրացմանը, ռազմակիրառական  մարզաձևի ու առողջ ապրելակերպի  մասսայականացմանը: Եվ հենց այս օրերին առողջ մրցակցային մթնոլորտում ի հայտ կգան այն լավագույններն ու շնորհալիները, որոնք կպարգևատրվեն գավաթներով և պատվոգրերով:

Սպորտային միջոցառման մեջ  ներառված է 6 մարզաձև` ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, շաշկի և հրաձգություն: Մինչև խաղերի մեկնարկը մրցող թիմերի խաղացանկը կարգավորելու համար ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում անցկացվեց վիճակահանություն: Գովելի է, որ մասնակիցների մեջ զգալի թիվ են կազմում կանայք, որոնք հանդես են գալիս վոլեյբոլ, շաշկի և սեղանի թենիս մարզաձևերում:

Միջոցառման առաջին օրը վարչական համալիրի մարզադաշտում միմյանց հետ մրցեցին ՊՆ-2 և ԳՇ-1 ֆուտբոլային թիմերը, խաղն ավարտվեց առաջինի հաղթանակով` 8:6 հաշվով:  Մարզադահլիճում ԳՇ-1-ի վոլեյբոլի թիմը պարտության մատնեց ՊՆ-1-ին:

Մարզական միջոցառումների եզրափակիչ փուլը կկայանա հուլիսի 1-ին:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Ազգային բանակ


30/06/2016