ՍՈՒՊԵՐՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ Է
Հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու մասին որոշումից հետո Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել ԵՄ-ն առավել կենտրոնաձիգ դարձնելու նախաձեռնությամբ: Հանուն միասնական Եվրոպայի՝ ԵՄ անդամ-երկրներին առաջարկվում է առավելագույնը՝ հրաժարվել ազգային ինքնիշխանությունից:
Փարիզն ու Բեռլինը նախատեսում են Եվրամիությունը վերածել սուպերպետության: Համապատասխան փաստաթղթերը հունիսի 27-ին ներկայացվել են Վիշեգրադյան խմբի անդամներին (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա): Ֆրանս-գերմանական այդ առաջարկի ընդունումով՝ Եվրամիությունը մաքսային միությունից կարող է դառնալ միասնական եվրոպական պետություն: Նորացվող Եվրամիության կազմում նրա անդամները կկորցնեն սեփական ազգային բանակ ունենալու իրավունքը, քրեական սեփական օրենսդրությունը, հարկային համակարգը, արտարժույթն ու Կենտրոնական բանկը: Փաստացի, զրկվում են ինքնիշխան պետության հիմնական գործիքակազմից: Բացի այդ, նրանք կզրկվեն նաև իրենց սահմանները փակելու, փախստականների վերաբաշխման հարցում իրենց ազգային շահերը պաշտպանելու, փախստականներ ընդունելուց հրաժարվելու իրավունքներից: Կգործադրվի միասնական արտոնագրային վիճակ, միջազգային բոլոր կառույցներում՝ միասնական արտաքին քաղաքական ուղեգիծ: Ներկայացվող փաստաթղթերի համաձայն՝ Եվրոպայում նվազեցվելու է նաև ՆԱՏՕ-ի դերակատարությունը:
Ռազմական ոլորտում Ֆրանսիան և Գերմանիան նախատեսում են ստեղծել European Security Compact մարմինը, որը կապահովի ամբողջ Եվրամիության անվտանգությունը բոլոր մակարդակներում: Ըստ նախաձեռնության` համամիութենական ռազմա-քաղաքացիական մշտական համակարգերի աշխատանքի միջոցով Եվրամիությունը պետք է կարողանա քաղաքացիական և ռազմական բոլոր գործառույթներն ավելի արդյունավետ ծրագրավորել և իրականացնել: Կստեղծվեն նաև հատուկ արձագանքման մասնագիտացված ստորաբաժանումներ:
Գերմանիան և Ֆրանսիան առաջարկում են նաև ստեղծել Եվրամիության շրջապատի ռազմավարական հետախուզության միասնական համակարգ: Բեռլինը և Փարիզը նախատեսում են, որ Եվրամիությունը կկարողանա իրականացնել իր շրջապատի միասնական մշտադիտարկումը, իսկ արդյունքները կամփոփվեն «Արտաքին գործերի նախարարների խորհրդի» և Եվրոպայի խորհրդի կողմից: Նախատեսվում է ուժեղացնել ազգային հետախուզական մարմինների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, ստեղծել «Եվրոպական արձագանքման» և «Եվրոպական քաղաքացիական պաշտպանության» ստորաբաժանումներ:
Ֆրանս-գերմանական առաջարկությունների ընդունման դեպքում Եվրամիությունում կուժեղանա եվրոպական դատախազության դերակատարությունը: Կբարձրանա այդ կառույցի հեղինակությունը, ու կընդլայնվեն գործառույթները, կավելացվեն նաև ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործառույթները: Մինչ այդ՝ ԵՄ բոլոր անդամ-երկրների քրեական օրենդրությունները կնույնականացվեն:
Առաջարկությունների փաթեթում հատուկ տեղ է հատկացված եվրոյի գործարկմանը և Եվրամիության շրջանակներում միայն այդ արտարժույթի կիրառմանը: Փարիզն ու Բեռլինը նախատեսում են հավասարեցնել Միության տնտեսական դաշտը, սոցիալական պաշտպանության ոլորտը: Եվրամիության արտարժութային հիմքը պետք է կազմի նաև ընդհանրական հարկային օրենսդրությունը, որը նախատեսում է անդամ-երկրների միջև «հարկային մրցակցության» վերացում, հարկային օրենդրության նույնականացում, միասնական հարկային համակարգի ստեղծում:
Նախագիծը մերժողները պնդում են, որ Ֆրանս-գերմանական առաջարկությունների ընդունման դեպքում եվրոպական երկրները կձուլվեն Գերմանիայի հետ, վերջնականապես կենթարկվեն գերմանական տնտեսությանը…
Եվրամիությունում փաստացի հեղաշրջում է կատարվել…
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Տարածաշրջան