ԵՐԿԻՆՔԸ ՄԱՔՐՈՒՄ Է ՀՈԳԻՆ…
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորաստեղծ հայոց բանակը ստանձնեց հանրապետության պարաշյուտային սպորտի պահպանության խնդիրը: 2002թ.-ին պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի հիման վրա ստեղծվեց Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիան, որի նախագահ ընտրվեց Թևոս Իլիկչյանը:
Այդ օրը մի քանի ժամով կտրվեցի աշխարհային բոլոր խնդիրներից, հոգսերից ու կարծես մի քիչ էլ իմաստնացա: Այդ օրը պատիվ ունեի ծանոթանալու մարդկանց, որոնց խոսքերը խնամքով պահելու եմ հիշողությանս մեջ՝ կյանքիս ինչ-որ դժվարին, կարևոր պահերի համար: Անմիջապես զգացվում էր, որ տարբեր տեղերից եկած ու պարաշյուտով ուսումնական թռիչք կատարելու պատրաստվող մարդիկ աչքի համար անտեսանելի թելերով ջերմորեն կապված են մեկմեկու:
ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանի սենյակում մտերմիկ զրույցները թռիչքի սպասման ժամանակը կարճելու միջոց են: Այստեղ են երկու երիտասարդ աղջիկներ, որ, պարզվում է, հրաշալի հրաձիգներ են, այստեղ են ՀՀ պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի անդամները, Իլիկչյանի կինը՝ զորամասի որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, պարաշյուտային թռիչքների հրահանգիչ, կապիտան Քրիստինան և ուրիշներ:
Հրամանատարական ձայնով բարետես այս կինը՝ Քրիստինան, ինձ անմիջապես գրավեց իր անմիջականությամբ ու հումորով: Սկսեց պատմել աերոակումբի հին օրերից. թե ինչպես էր որդու ծնվելուց հետո ստիպված նրան ամեն օր զորամաս բերում: «Մի անգամ զորամասի ծառայության պետը նկատեց մանկասայլակը: Ներսեսս, որ դեռ երկու տարեկան չկար, գլուխը դուրս հանեց ու թաթիկը թափահարելով՝ ասաց` բարև, պապի՛կ: Պատկառելի պետը մի պահ ապշած կանգնեց, հետո դեմքի խիստ արտահայտությունը փոխվեց, քնքշացավ: Բայց նույն րոպեին էլ կրկին ուղղվեց, վերականգնեց պետի իր լուրջ կերպարանքն ու շարունակեց ճանապարհը»:
Ուրախ ծիծաղում ենք, սպասում ենք թռիչքի հայտարարմանը: Իսկ շենքից դուրս քամին մոլեգնում է, մերթընդմերթ շռնդյունով անձրև է գալիս: Ակնհայտորեն թռիչքային եղանակ չէ:
-Եթե ուզում ես, որ եղանակը փչանա, պարաշյուտով թռիչքներ կազմակերպիր,- կատակում է գնդապետ Իլիկչյանը,- եղանակն այսօր չի պարզվի:
Գնդապետը գիտի՝ ինչ է ասում. շուտով դադար են հայտարարում, և թռչելու եկած զինծառայողներն սկսում են ցրվել: Բայց ես արդեն գտել եմ իմ հերոսներին՝ այր և կին Իլիկչյաններին: Արդեն որոշ բաներ գիտեմ Քրիստինայի մասին՝ ուղիղ 1949 պարաշյուտային թռիչք է կատարել, 14 տարեկանից աերոակումբի անդամ է, կարելի է ասել` հնաբնակներից: Ամուսնու «տեղակալն» է և «աջ ձեռքը»:
Քրիստինայի առաջին թռիչքը
Կապիտան Քրիստինա Իլիկչյան.
-Մինչև ԴՕՍԱԱՖ-ի աերոակումբում ընդգրկվելս՝ թեթև ատլետիկայով, մեծ թենիսով, լողով էի զբաղվում: Ամենից շատ ինձ գրավեց այստեղի դրական կենսադաշտը: Առաջին թռիչքս կատարել եմ 1986 թվականի մարտի 28-ին: Հուզմունքս, վախս դեռ ոչ մի որոշակիություն չունեին, միայն երկրորդ թռիչքի ժամանակ պետք է հասկանայի, թե ինչ բան է վախը: Խմբում աղջիկները շատ էին: Տղաները արդեն որոշակի թվով թռիչքներ կատարած «ծերուկներ» էին, աչքները չորս արած՝ նայում էին: Իսկ մեր մտքում միայն մի բան էր՝ հանկարծ չխայտառակվենք: Եվ ահա ինքնաթիռը բարձրացավ օդ: Թռչողների հերթում երկրորդն էի՝ փոքր-մոքր մի աղջիկ: Երբ թռիչքը հայտարարեցին, ինձնից առաջ կանգնած հաղթանդամ տղան վախից ձեռքերով ամուր կառչեց դռան երկու կողմերից ու ասաց` չեմ թռչի: Նրան «օգնեցին», և նա արդեն օդում էր, խցանի պես թռչում էր առաջ: «Պահո~ո, -մտածեցի,- եթե սա իր ծանր մարմնով այսպես դուրս թռավ, բա ե՞ս ինչ կլինեմ»:
-Չէ՛, շնորհակալություն, ես ինքս,- ասացի ու արագ դուրս նետվեցի:
Չգիտեի՝ ինչքան եմ մնացել օդում, բայց հիշում եմ, որ բոլոր զգայարաններս ամեն ինչ ավելի վառ էին ընկալում, ադրենալինի քանակը աներևակայելի էր… Երբ ոտքներս դիպան գետնին, արդեն մեզ հերոսներ էինք երևակայում:
Հետո մեր հրահանգիչը փոխվեց, եկավ ընկեր Իլիկչյանը: Նա որոշեց պարաշյուտային սպորտի Հայաստանի հավաքականը վերակազմավորել: Որոշեց՝ թիմում միայն հայաստանցիներ են լինելու… Եվ այդպես մենք ներգրավվեցինք Հայաստանի հավաքականի կազմում: Մեկնեցինք Ռուսաստան՝ հավաքների, և միջազգային առաջին իսկ մրցույթի ժամանակ մեր աղջիկների թիմը 3-րդ պատվավոր տեղը գրավեց:
Երկինքը մաքրում է հոգին…
Գնդապետ Թևոս Իլիկչյան.
-Աերոակումբում մարդկային մաքուր հարաբերություններ էին: Բացառվում էր որևէ սխալ քայլ` ծուռ հայացք կամ խոսք. կասեին՝ «Դիմումդ գրի՛ր, գնա՛»: Մեր սաներից մի աղջիկ չափից դուրս խիստ հայրիկ ուներ: Նա մի անգամ գիշերով եկավ աերոակումբ, որ ստուգի՝ աղջիկն ինչ պայմաններում է սովորում ու ապրում, ու տեսավ ինձ՝ աղջիկների սենյակի դռան մոտ նստած: Ծիծաղելով ասաց. «Դուք ձեր խստությամբ ինձ տվեցիք-անցաք»: Աերոակումբ գալիս էին 14 տարեկանից: Անցումային տարիք: Հենց որ զգում էի՝ աղջիկն սկսում է կոկետանալ, ասում էի. «Աղջի՛կ ջան, երևի քո հեռանալու ժամանակն է»: Հետաքրքիրն այն է, որ աերոակումբը երբ սկսեց լուծարվել, և երբ տղաների ու աղջիկների խմբերի միջև իմ իսկ դրած պատնեշը վերացավ, կարելի է ասել՝ տղաների թիմն ամուսնացավ աղջիկների թիմի հետ. բոլորը զույգեր էին:
Բոլոր այն տղաները, որոնք անցել են մեր դպրոցի զտիչով, անկախ նրանից, թե ինչ դիրքի կամ պաշտոնի են հասել, հոգով մաքուր են մնացել: Այստեղից նրանք իրենց հետ մարդասիրության, կարեկցության, քնքշության որոշակի ծրագիր են տանում: Հիմա էլ այստեղ եկող երեխաների մեջ հոգու մաքրությունն առաջին տեղում է: Երբ նրանք օդ են բարձրանում, վախը նրանց համար ընդհանուր է: Ինչպես է, որ պատերազմի ժամանակ բոլորը համախմբվում են: Բոլորի մեջ աննկատ մշակվում է փոխօգնության ոգին, հարգանքը միմյանց հանդեպ, հոգատարությունը: Այստեղ երեխաները առերեսվում են կյանքի ու մահվան հետ, լսում են այս երկուսի զրույցը: Երեխան այլ արժեքային համակարգով է սկսում առաջնորդվել, հասկանում է՝ ինչ է Հայրենիքը, ինչ է ընտանիքը, ընկերությունը:
Սերը սիրուց է ծնվում…
Թևոս Իլիկչյան.
-Սիրում էի երեխաներին, նրանց չարաճճիությունները, ավազակությունները և խմբում ունեի «ընտրյալներ»՝ սիրելիներ: Քրիստինայի մեջ զուգակցվում էին տղայական հանդգնությունը, համարձակությունը և մարդկային ազնիվ տեսակը: Ամենախիստը հենց իմ «սիրելիների» հանդեպ եմ եղել: Իմ սիրո փոխարեն պահանջում էի, որ ավելիին ձգտեն, մյուսներից տարբերվեն: Հիմա ես կասեմ մի բան, որ երբևէ Քրիստինայի ներկայությամբ չեմ ասել. նա իմ լավագույն աշակերտն էր, և ամենակարևորը՝ միշտ վստահում էր ինձ: Ցանկացած մարզիչ կարող է իր սանին չեմպիոն դարձնել, եթե վերջինս անվերապահ հավատում է նրան:
Քրիստինա.
-Երկար ժամանակ չէի հավատում, որ այն, ինչ զգում էի, սեր է: Նա բոլորիս նույն հոգատարությամբ էր մոտենում: Մեր պապան, մեր մաման էր, ինքնաեռի մեջ մեզ համար ճաշ էր եփում, սովորեցնում էր, որ կարողանանք ինքներս մեր մասին հոգ տանել: Թվում էր՝ պարզապես մի շատ լավ մարդու հանդեպ մեծ համակրանք եմ զգում:
…Միջազգային մրցումներից մեկի ժամանակ ուժեղ քամի էր, և քանի որ քաշով թեթև էի, շատ դանդաղ էի ցած իջնում…Մենք օդում ենք, իսկ ընկեր Իլիկչյանը մեզ ներքևից հետևում է: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է անհանգիստ այս ու այն կողմ գնում, նայում է վերև, տեղը չի գտնում: Ես պետք է վայրէջք կատարեմ մի փոքր կետի վրա, ու դրանից մեր թիմի արդյունքն է կախված: Ու երբ ես դեռ օդում էի՝ բարձրաձայն ասաց. «Բարձր ես մտել»: Տեսա, թե ինչպես ձեռքը թափ տվեց ու շրջվեց, որ հեռանա: Օդում կախված վիճակում ասացի. «Լա~վ էլ մոտեցել եմ»: Վայրէջք կատարեցի հարթակի կենտրոնում, և ազդանշանն սկսեց աշխատել՝ ցույց տալով, որ կենտրոնում եմ: Ընկեր Իլիկչյանը զարմացած շրջվեց, իսկ ես ինձնից գոհ ասացի. «Բա՞»:
Այժմ մեր կյանքում ամեն ինչ միահյուսված է: Հիմա մենք և՛ ամուսիններ ենք, և՛ լավ գործընկերներ: Սա օգնում է… ու ավելի հեշտ է ընտանիքը և ծառայությունը համատեղելը:
Թռչե՞լ, թե՞ չթռչել. իհարկե՝ թռչել
Քրիստինա.
-Առհասարակ, մարդու հոգեբանությունը զարմանալի շերտեր ունի, որոնց մասին առօրյայում գլխի չես ընկնի: Դեպքեր են եղել` թռիչքից անմիջապես առաջ, երբ արդեն դուռը պիտի բացեմ, թռիչքին պատրաստվողը ¥խուճապի մեջ) մի ինչ-որ անհեթեթ հարց է տալիս. «Ո՞ր կողմ եմ վարելու պարաշյուտը», կամ՝ «Կոշիկս ի՞նչ գույնի պետք է լինի»: Իհարկե, հասկանում եմ, որ հարցը անտրամաբանական է, բայց պետք է հստակ ու վստահ պատասխան տամ. «Ձախ պիտի գնաս», «Կոշիկդ սև պիտի լինի»: Արդեն վայրէջքից հետո, երբ հարցնում ես՝ ի՞նչ էր տվածդ հարցը, նա արդեն չի հիշում: Եղել են դեպքեր, երբ թվում է` թեթև թռիչք պետք է լինի, մեկ էլ մտնում եմ ուղղաթիռ ու տեսնում, որ բոլորը մի տեսակ լարված են: Նույնիսկ նրանք, ովքեր մինչև այդ շատ հանգիստ էին, հանկարծ տագնապի մեջ են հայտնվել: Ինքս ինձ ասել եմ. «Քրիստ, տես՝ ինչ ես անում»: Ուժի դիմել չես կարող, պետք է այնպես անես, որ թռչողն ինքը կարողանա որոշում կայացնել, քանի որ զինվոր է դառնալու: Ենթագիտակցորեն զգում եմ, թե տվյալ պահին ինչ պիտի անեմ. մոտենում՝ մեկի գլուխն եմ շոյում, մյուսի ճակատը համբուրում, ասում եմ. «Էրեխեք ջան, ձեզ մի հատ թափ տվեք: Ամեն ինչ շատ լավ է լինելու, պարաշյուտը անպայման բացվելու է, ոչ մի խնդիր չի լինի»: «Զսպանակը» թուլանում է… Այս ամենը վայրկյաններ է տևում, բայց որ պետք է ճիշտ օգտագործվեն:
Շատ է եղել` արդեն դռան մոտ հրաժարվել են թռչել: Դուռը փակում եմ, հարցնում՝ «Ի՞նչ է եղել»: Եվ եթե գիտեմ, որ թռիչքը պարտադիր է, ու ամենի պատասխանատվությունն ինձ վրա է, չեմ կարող ասել. «Լավ, չեմ թռցնի»: Օդաչուին ասում եմ. «Մի շրջա՛ն էլ կատարիր»: Մինչև պտտվում ենք, հանգիստ խոսում եմ հետը. «Հիմա պտտվում ենք, ես բացում եմ դուռը, մենք շատ լավ պատրաստված ենք, դու ամեն ինչ լավ գիտես: Նայի՛ր աչքերիս. ամեն ինչ լավ է ստացվելու»…Դուռը բացում եմ, ու նա դուրս է թռչում: Երբ արդեն օդում է, պարաշյուտը բացվել է, էյֆորիան այնքա՜ն մեծ է, որ նա չի էլ հիշում իր ապրած վախի մասին…
Խիզախություն, արիություն…
Թևոս Իլիկչյան.
-Հենց որ մարդը հավատաց իր ուժերին, նա ընդունակ է սարեր շրջելու: Թե ինչ է կատարվում նրանց մեջ հենց առաջին թռիչքից հետո… Հենց այս է կարևորը: Մենք, կարելի է ասել, հոգեմաքրությամբ ենք զբաղվում. սովորեցնում ենք խիզախություն, արիություն: Պարաշյուտով թռչելը դեռ խիզախություն չէ: Չէ՜, դա ընդամենը տեխնիկայի հարց է. այնքան կսովորեցնենք, մինչև վարժվի: Ի՞նչ բան է խիզախությունը: Խիզախությունը այն է, երբ դու կանգնում ես ամբոխի դեմ ու պաշտպանում ես ընկերոջդ:
Մենք թռչել սիրող ազգ ենք: Իսկ ինչո՞ւ ենք սիրում: Որովհետև մեր գլխին արկածներ փնտրող ազգ ենք… Ադրենալինը շատ է, տաքարյուն ենք: Ուժային բոլոր մարզաձևերում մերոնք դրա շնորհիվ են առջևում:
♦♦♦
…Զրույցի վերջում հարց եմ ուղղում Իլիկչյան ամուսիններին` հատկապես ինչի՞ համար են շնորհակալ իրարից:
Քրիստինա Իլիկչյան.
-Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ սովորել եմ՝ սկսած մասնագիտությունիցս, որը սիրելով սիրում եմ, վերջացրած կյանքի իմաստնություններով, որոնցով նա ինձ զինել է մեր ողջ համատեղ կյանքի ընթացքում: Նաև շնորհակալ եմ հրաշալի որդուս համար, որ այս պահին ծառայում է հատուկ նշանակության զորամասերից մեկում:
Թևոս Իլիկչյան.
-Ես Քրիստինայից շնորհակալ եմ նրա համար, որ նա կա, իմ կողքին է…
Քնար Թադևոսյան
Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում