ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՄԱՐԴԸ ՀԱՅ Է
Հեղինակավոր CNN հեռուստաալիքն անդրադարձել է ծագումով հայ գերմանացի բոդիբիլդեր Պատրիկ Բաբումյանին:
Պատրիկ Բաբումյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը. նա անհավատալի ուժեղ է, միեւնույն ժամանակ, արդեն երկար տարիներ սնվում է բացառապես բուսական սննդով:
«Բաբումյանը 2011թ. նվաճել է «Գերմանիայի ամենաուժեղ մարդ» տիտղոսը: Այդ ժամանակ նա արդեն բուսակեր էր: Հրաժարվելով մսից եւ կենդանական ծագման սննդից՝ Բաբումյանն ավելի ուժեղ է դարձել եւ կարողացել սահմանել նորանոր ռեկորդներ»,- մեկնաբանում է ամերիկյան հեռուստաընկերությունը:
37-ամյա Պատրիկ Բաբումյանն այժմ շրջագայում է ամբողջ աշխարհում՝ ապացուցելով, որ կարելի է լինել ուժեղ, առողջ եւ կենսուրախ՝ հրաժարվելով կենդանական սննդից:
Պատրիկը ծնվել է Իրանի Աբադան քաղաքում, հայկական ընտանիքում:
7 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ ուժային սպորտով: 2013թ. նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ուսերին դրված 555 կգ ծանրությամբ տասը մետր քայլելով։
«Բուսակեր դառնալուց հետո կյանքումս ամեն ինչ կարգավորվեց: Ես ավելի ուժեղացա եւ ուժեղագույնների Եվրոպայի 3 առաջնություններում բոլորին հաղթեցի, մեկը մյուսի հետեւից համաշխարհային ռեկորդներ սահմանեցի: Ես նկատեցի, որ մսեղենից հրաժարվելուց հետո իմ արյան ճնշումը կարգավորվեց, իսկ վնասվածքներից հետո ապաքինման գործընթացն էլ զգալիորեն կարճացել է»,- նշել է Բաբումյանը:
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Հոգևոր-մշակութային