ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԲԱՆԱՍՏԵՂԾ-ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ
Աշոտ (Երկաթ) Մինասյանին
Փուշ ու տատասկ` քո սրտի մեջ,
Ու մի փամփուշտ, կենտ մի փամփուշտ,
Քեզ լուր բերեց քո տղերքից
Լուռ, տարաժամ ժամի մի ուշ,
Թե ախպերդ դաշտում կռվի
Աչքը փակել ու մահի դեմ
Սիրտը բացած` մինչեւ Քռի
Սահման ափն է հասել արդեն
Իր սեւ ձիով, որ Արտաշես
Թագավորին արծիվ եղավ
Մի անգամ, երբ
Խորամանկել ուզեց նրան
Կեռ թշնամին անարդարերթ:
ԱՄԵՆՈՒՐԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Ես
Անթեղում եմ կրակն ու
Պառկում քարանձավի խորշում` քնելու.
Անթեղի տակ Հայաստանն է,
Հետո մարում եմ մոմն ու
Վերմակը քաշում վրաս,
Մոմի լույսի մեջ Հայաստանն է,
Գիշերն արթնանում եմ,
Սեղմում հոսանքի կոճակն ու
Նայում պատուհանից,
Ատոմի միջուկում Հայաստանն է…
ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐԻ ՄԱՏԱՂԸ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԱԶ
Այս գիշեր ես ճամփա ելել,
Ու գնում եմ`
Բռնած ձեռքերը որբերի,
Նրանց ոտքերը ուխտավոր
Իմ ձեռքերով պատմուճանած:
Հեռու է մեր վանքը ուխտի,
Բայց մեր մայրերն այնտեղ ճախրել,
Համբարձվել են կորուսյալ մեր երկիրն անհուն,
Այնտեղ ճամփան են մեր պահում
Ու աղոթում հիմա անքուն
Ճամփի համար մեր արթուն:
Հիմա անքուն ճամփի վրա
Սպասում ու աղոթում են,
Վանքի գուռի մոտ որպեսզի
Մատաղ անեն իրենց ՀՈՂԻՆ վերադարձող,
Դարձի եկող
Գառներն իրենց,
Ժամանումի սուրբ պահին հենց
Մատաղ անեն,
Քանզի
Մոտի՜կ,
Մոտի՜կ է պահն
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՀԱԲԵՐՄԱՆ,
Զոհաբերման պահը նրանց,
Ովքեր հին են ու փոքրածու,
Ովքեր պիտի բախեն ԴՈՒՌՆ ու
Իրենց օծուն մարմինները մատաղացու
Խա՛չ դարձնեն ցեղի համար,
Խա՛չ-ուղեցույց:
Հայաստան
Դու քո լեռները ոտքի ես հանել,
Որ Սահմաններիդ կռվեն անզիջում,
Բայց դու Սահմանդ դեռ չես սահմանել
Հավերժության մեջ քո բանավեճում:
Հայաստան
Թշնամիներդ ավելին գիտեն քո մասին, քան դու,
Եվ աներեւույթ ձեռքով խորհուրդն են քո գենի քանդում:
Հայաստան
Աստղերն այնքան չեն, որ տիեզերքը լուսավոր լինի,
Բայց գաղտնագիրդ միացած է միշտ աստղերի լույսին:
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Հոգևոր-մշակութային