ՄԱՐՏԻԿԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ
Հայրենական մեծ պատերազմին նվիրված ֆիլմերում սովորաբար ցուցադրում են 19-20 տարեկան տղաների: Այնինչ հետազոտությունները ցույց են տալիս, որ մարտական գործողություններին մասնակցած և Բեռլին հասած շարքային զինվորի միջին տարիքը 39-ն էր: Այդ մարդիկ ծնվել էին Ռուսական կայսրությունում և դաստիարակություն ստացել մինչև 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը: Մարդիկ, որոնք որոնողական աշխատանքներ են կատարում այն վայրերում, որտեղ ընթացել են մարտական գործողությունները, պատմում են. «Երկու շաբաթվա ընթացքում մենք դույլերով հավաքում էինք զինվորների կրած խաչերը»: Դուք հասկանո՞ւմ եք` ովքեր էին պաշտպանում Հայրենիքը, ի՞նչ կար նրանց սրտերում: Զինվորներից շատերը խորհրդային շքանշանների հետ կրում էին նաև Գեորգիևյան խաչեր: Հայրենական մեծ պատերազմի ինը հաղթանակած մարշալներից չորսը եղել են ցարական բանակի սպա, երկուսը՝ ենթասպա, երկուսը՝ հասարակ զինվոր: «Ամեն ինչ հաղթանակի, ամեն ինչ ռազմաճակատի համար» կոչը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից է: Իսկ նշանավոր «Ռուսները չեն հանձնվում» արտահայտությունը ծագել է 1914-1915թթ. Օսովեց ամրոցի պաշարման ժամանակ:
Հաղթանակի զոհասեղանին դրվեց 27 միլիոնից ավելի կյանք. որից երկու երրորդը՝ խաղաղ բնակչություն: Այնինչ 1945 թ.-ից հետո Ի. Ստալինը շրջանառության մեջ դրեց ընդամենը 7 միլիոնը: Գաղտնի հրաման էր տրված՝ տրակտորներով հավասարեցնել այն դաշտերը, որոնց մակերեսին կերևային մարտիկների աճյունները, քանի որ չէին ցանկանում ուշադրություն հրավիրել զոհերի իրական թվաքանակի վրա: Հետպատերազմյան գլխավոր ցնցումը թերևս 1947 թ. հրամանագիրն էր, որով չեղյալ հայտարարվեց մայիսի 9-ը` որպես տոնական օր: Բարեբախտաբար, արդարությունը հաղթեց: Եվ այսօր Մայիսի 9-ը մեծ տոն է մեզ համար, որը մշտապես կմնա որպես «տոն՝ արցունքն աչքերին»:
Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Ռազմաքաղաքական