Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ



ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՀուլիսի 10-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Կինոփառատոնի հատուկ հյուրն է բրիտանացի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը: Մրցութային ծրագրում հանդես կգան երեք ժանրի ֆիլմեր` խաղարկային, վավերագրական եւ հայկական համայնապատկեր:

Խաղարկային ֆիլմերի շարքում է կինոփառատոնի գլխավոր ինտրիգներից մեկը՝ Ջիվան Ավետիսյանի  «Վերջին բնակիչը»:  Այս ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում: Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության հետևանքով բռնի տեղահանված, ապա հայկական գյուղում միայնակ մնացած հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարը, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում այրում իր ամուսնուն:

Աշխարհահռչակ ռոք-աստղ Սերժ Թանկյանի՝ հատուկ այս Ֆիլմի համար գրված երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանում, որի աշխատանքներում ներգրավված են եղել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

«Վերջին բնակիչը» ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Լիտվական «Արթբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի և Բաբկեն Չոբանյանի հետ ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Հոմայուն Էրշադին՝ Իրանից, Սանդրա Դաուշկայդե Պետրուլենեն՝ Լիտվայից, Դիմիտրա Խտուպին՝ Հունաստանից, Աննե Բեդիանը՝ ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը՝ Ռուսաստանից:

Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Հոգևոր-մշակութային


13/07/2016