Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՌՅԱԿ ՀԱՇՎԱՐԿԻ ՔԱՋԵՐԸ



Եկել եմ հանդիպելու  դասակի հրամանատար, լեյտենանտ Դավիթ Պողոսյանին, պայմանագրային զինծառայող, շարքային Բագրատ Առուշանյանին եւ շարքային Արամ Հովհաննիսյանին:

Երեք քաջերն էլ ծառայում են նույն դասակում եւ քառօրյա պատերազմի առաջին ժամերին մեկնել են մարտական դիրքեր:

Ապրիլի 5-ին զենիթային ինքնագնաց կայանի եռյակ հաշվարկը՝ լեյտենանտ Դավիթ Պողոսյանի հրամանատարությամբ,երկինք խոյացող թշնամու անօդաչու ինքնաթիռ որսաց: Րոպեներ անց  առաջին իսկ դիպուկ հարվածով ջախջախեցին ու վայր գցեցին թշնամու անօդաչուն, որ ուղղություն էր վերցրել դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ:

Պատերազմի օրերին  քաջերի հաշվարկը աչքի ընկավ առաջադրված մարտական խնդիրների անթերի կատարմամբ:

Բացառիկ քաջության համար լեյտենանտ Դավիթ Պողոսյանն արժանացավ  Արցախի «Մարտական ծառայության եւ արիության համար», իսկ շարքայիններ Բագրատ Առուշանյանն ու Արամ Հովհաննիսյանը՝ «Գարեգին Նժդեհ» մեդալների:

 

ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

դասակի հրամանատար, լեյտենանտ

ԵՌՅԱԿ ՀԱՇՎԱՐԿԻ ՔԱՋԵՐԸԵրկու ամիս շարունակ մենք անօդաչու ինքնաթիռների դիտարկում էինք իրականացնում: Դա չափազանց պատասխանատու գործ է. ուշադրության պակաս կամ աննշան հապաղում՝ թշնամու անօդաչու սարքերը կարող են հայտնվել մեր տարածքում:

Քառօրյա պատերազմի ընթացքում զինվորները հստակ և բանիմաց էին գործում: Մենք համախումբ էինք իրականացնում մեր գործը:

Ասեմ` հրադադարից հետո էլ դեռ մեկ ամիս շարունակ թշնամու անօդաչու սարքեր էին պտտվում Արցախի երկնքում:

Կուզենայի, որ ապրիլյան օրերի ընթացքում ձևավորված համաժողովրդական միասնությունը միշտ լիներ, շարունակվեր ամեն տեղ, ամեն ակնթարթի: Միայն մեր համախմբվածության, բանակասիրության, միմյանց աջակցելու շնորհիվ կարող ենք լուծել մեր երկրի առջև ծառացած թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ մարտական խնդիրները:

Ես համոզված եմ, և քառօրյան էլ դա ապացուցեց, մեր զինվորը քաջ է, ունի  անկոտրում կամք և ոգի:

Սիրե՛նք և հզորացնե՛նք մեր բանակը, նա բացառիկ  ոգեղեն ուժ է:

 

ԲԱԳՐԱՏ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

շարքային

Երբ յոթ տարի առաջ զինվորական պարտքս կատարեցի ու վերադարձա տուն, չգիտեմ` ինչ ներքին ուժ էր, որ ինձ նորից բերեց բանակ: Ցավոք, իմ սերունդն էլ, թեկուզ կարճատև, տեսավ դաժան պատերազմ: Հենց առաջին իսկ ժամերից մեր հաշվարկն արդեն նշանակված վայրում էր և այնտեղ էր ողջ երկու ամիս: Շատ ու շատ դասեր քաղեցինք այդ արյունալի օրերին և շատ բաներ սովորեցինք, մեր մարտական գիտելիքներն ամրապնդվեցին գործնականում` թեկուզև դառը, բայց հերոսական փորձով:

Հիմա ես, կարելի է ասել, բոլորովին այլ մարդ եմ: Ես, ինչպես նաև ընկերներս, տեսանք մեր հայրենիքը վտանգի մեջ, պատերազմի կրակներում ու  բոցերում  և նույնիսկ չեմ կարող պատմել, թե ինչեր կատարվեցին հոգուս և սրտիս մեջ: Ես ինքս էլ ինձ չէի ճանաչում, ես ամեն վայրկյան պատրաստ էի նետվելու կրակների մեջ և փրկելու հայրենիքս…

Ես այդ օրերին չէի մտածում իմ ապրելու կամ չապրելու մասին: Ես պատրաստ էի մեռնել, միայն թե հաղթենք: Սրանք բառեր չեն…

Ողջ հայությունն էր մեզ հետ ոտքի կանգնել, և դա ոչ միայն ուժ և վստահություն էր տալիս մեզ, այլ նաև հիացմունք և հպարտություն: Հաճախ մեր կողքին էին հայտնվում մեր հայրերը, պապերը և իրենց ներկայությամբ մեզ ավելի էին ոգևորում, գոտեպնդում… Դժվար է բառերով զգացածը նկարագրել:

Հատուկ ծրագրեր չունեմ. միակ երազանքս է, որ իմ երեխան, շուտով նաև՝ երկրորդ երեխաս,  առհասարակ՝ բոլոր հայ մանուկները, ծնվեն և ապրեն խաղաղ, հզոր հայրենիքում:

Շնորհակալ եմ «Գարեգին Նժդեհ» մեդալի համար:

Կարդարացնեմ այդ մեծ վստահությունը, այն պարտավորեցնող է:

 

ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

շարքային

Երբեք մտքովս չէր անցնի, որ ԵրՊՃ համալսարանից կգնամ զինվորական ծառայության և միանգամից կարժանանամ նման բարձր պարգևի՝ «Գարեգին Նժդեհ» մեդալի:

Նախքան քառօրյա պատերազմը, ես, ինչպես շատ ու շատ իմ զինակից ընկերները, ուղղակի ծառայում և մարտական գիտելիքներ էինք ձեռք բերում դասընթացների, զորավարժությունների ընթացքում: Պատերազմը, որքան էլ դաժան ու անսպասելի, մեզ ավելի կոփեց հոգեպես ու ֆիզիկապես:

Ես իմ օրինակով ասեմ. անճանաչելիորեն փոխվեցի, միանգամից հասունացա մի քանի տարով, դարձա փորձված, փորձառու զինվոր: Հայրենիքի հանդեպ պարտքս ու պատասխանատվությունս, սերս տասնապատկվեցին, մանավանդ, երբ մեզ տեղակայեցին անօդաչու ինքնաթիռների դիտարկում անցկացնելու:

Առանց չափազանցության, ողջ օրը, աչքներս չորս արած, հետևում էինք երկնքին, որպեսզի թշնամու ինքնաթիռները մեր օդային տարածք չխուժեին:

Կարելի է ասել` բոլորս միասին՝ լեյտենանտ Դավիթ Պողոսյանի, շարքային Բագրատ Առուշանյանի հետ առաջինը նկատեցինք թշնամու անօդաչու ինքնաթիռը: Անմիջապես լեյտենանտ Առուշանյանը զեկուցեց ՊԲ հրամանատարությանը:

Րոպեներ անց մենք համագործակցված գործի դրեցինք մեր զենիթային ինքնագնաց կայանը, և առաջին իսկ զարկերից թշնամու անօդաչուն ջախջախված վայր ընկավ:

Դա իմ առաջին և մեծ հաջողությունն էր:

Վեց ամիս հետո զորացրվելու եմ. կվերադառնամ տուն, կշարունակեմ ճարտարագիտական համալսարանում կիսատ մնացած ուսումս, կմտնեմ նոր կյանք:

Անկախ իմ ընտրած մասնագիտությունից, ողջ կյանքում ես ինձ զինվոր եմ զգալու: Աստված մի արասցե, եթե նորից թշնամին դավադիր հարձակում գործի, ես առաջիններից կլինեմ, ով կկանգնի հայրենյաց պաշտպանների կողքին:

Ես երբեք չեմ մոռանա, որ ԶԻԿ դասակի զինվոր եմ եղել, ծառայել եմ փառապանծ զորամասում:

 

Սուսաննա  ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Ազգային բանակ


13/07/2016