Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ



Դասակի հրամանատարներ, ավագ լեյտենանտ Գոռ Երիցյանը եւ լեյտենանտ Ֆահրադ Հակոբյանը մարտական հերթապահություն են իրականացնում  ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությունում: Նրանք  մշտապես վերահսկում են իրավիճակը: Չնայած ծառայության համեստ փորձին՝ քաջի համբավ են ձեռք բերել: Եվ քաջի իրենց համբավը նրանք ամրապնդել են նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ:

 

«Պետք է ավելի տոկուն, դիմացկուն լինեմ»

 

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸԳՈՌ ԵՐԻՑՅԱՆ

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

-«Եթե ֆիզիկապես կոփված ես` անպարտելի ես»: Իմ ծառայության նշանաբանն է: 14 տարեկան էի, երբ ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Այստեղ հասկացա, որ ես պետք է վազեմ արագ եւ երկար, պետք է ուժեղ լինեմ: Կրակել քեզ կսովորեցնեն, իսկ կոփվել պարտավոր ես ինքդ:  Սկսեցի զբաղվել ձեռնամարտով: Մասնակցեցի տարբեր մրցումների, հաջողություններ ունեցա: Երկու անգամ էլ ճանաչվեցի լավագույն հրաձիգ: Արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում համոզվեցի, որ սպան պետք է պատրաստ լինի ամենաբարդ առաջադրանքների կատարմանը, ինչի համար միայն ժամանակակից զենքը բավարար չէ: Ֆիզիկական պատրաստվածություն եւ տոկունություն. ահա այն որակները, որ ամենից առավել են պետք գալիս մարտական հերթապահության ժամանակ:  Հայրս` Արարատ Երիցյանը, որ Արցախյան պատերազմի մասնակից է, հետախույզ, միշտ ասում է՝ եթե մարմինդ պատրաստ է ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ուրեմն ավելի արագ կարձագանքես վտանգին, կդիմադրես քաղցին, անքնությանը, չես շփոթվի արտակարգ իրավիճակներում: Քառօրյա պատերազմի ժամանակ իմ մաշկի վրա զգացի՝ այդպես է: Մի քանի օր անընդմեջ ակտիվ պաշտպանություն ենք իրականացրել: Գիտեք՝ պատերազմը նախ եւ առաջ սպառում է ֆիզիկական ուժդ հատկապես առաջին մարտերում: Եվ անձնակազմի մարտական կարողություններն ուղիղ համեմատական են յուրաքանչյուր զինվորի ֆիզիկական պատրաստությանը:

Մինչ այս պատերազմը իմ անձնակազմով երեք դիվերսիոն ներթափանցման փորձ ենք կանխել: Երեք անգամ թշնամուն կորուստներ պատճառելով՝ ետ ենք շպրտել ելման դիրքեր:  Հատկապես մեկն անմոռաց է: Մեկ-մեկ անսպասելի վարժական տագնապ էի կազմակերպում՝ ստուգելու, թե  արդյոք տղաները կարողանո՞ւմ են կենտրոնացնել իրենց ուժերը եւ կատարել պահանջվող խնդիրը: Գիշերը հրահանգավորեցին՝ շրջանաձեւ պաշտպանության անցնել: Պարզվեց՝ հակառակորդը դիրքավորվել էր 25 մետր հեռավորության վրա: Լսելով առույգ հերթափոխի կանչը՝ մտածեցին, որ նկատել ենք իրենց: Կրակ բացեցին, եւ վարժանքը վերածվեց իրական գործողության: Կորուստներ կրեցին եւ փախան:

Ապրիլյան պատերազմից հետո դասակի մարզումներին փորձելու եմ ավելի  շատ ժամանակ տրամադրել: Իհարկե, լավ կլինի, որ դիրքերում մարզվելու համար համապատասխան միջոցներ լինեն:

 

 

«Այո՛, շատ բան է փոխվել՝ լրջացե՛լ ենք»

 

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸՖԱՀՐԱԴ ՀԱԿՈԲՅԱՆ

Դասակի հրամանատար, լեյտենանտ

-Հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ գործողությունները փոխեցին երիտասարդ սպաներիս, փոխեցին զինվորի, զենքի, դիրքի նկատմամբ մեր վերաբերմունքը: Չէ, ճիշտ կլինի ասել` գլխիվայր շուռ տվեցին ծառայության մասին մեր ընկալումները: Զգաստացել ենք,  լրջացել: Ավելի լավ ենք պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Հիմա չեմ դժվարանում անելիքներս դասակարգել առաջնայինի եւ երկրորդականի: Օրինակ՝ ինչ-ինչ ինժեներական աշխատանքներ մանրուք էի համարում, բայց պատերազմը ցույց տվեց, որ ամեն մի մանրուք կարեւոր է:

Մենք զորամասում էինք, միանգամից եկանք դիրք: Իմ դասակը ստանձնեց հենակետի պաշտպանությունը: Այստեղ հակառակորդը չկարողացավ հաջողության հասնել: Զինվորներս գերազանց գործեցին: Այդ օրը ես հասկացա` վատ զինվոր չկա: Հարազատացանք եւ, ինչ թաքցնեմ, դա  մեկ  օրում եղավ: Եթե զինվորս թերանում էր, առաջ շատ խիստ էի խոսում, հիմա արդեն դժվարությամբ եմ նկատողություն անում: Մի դեպք պատմեմ:  Անքուն գիշերներից հետո որոշեցի գոնե մեկ ժամ հանգստանալ: Աչքս հազիվ էի փակել, երբ տղաները ձայն տվեցին. «Հրամանատա՛ր, Գոռը գնում ա, Գոռը գնում ա»: «Ո՞ւր ա գնում»,- միանգամից գլխի չընկա: Վեր կացա, վազեցի, տեսնեմ` զինվորս հանդերձավորվել, նռնակներ վերցրած՝ խրամատով գնում է: Գնում էր հակառակորդի դիրքը պայթեցնելու: Մի կերպ նրան ետ պահեցի: Այսքանից հետո հնարավոր չէ զինվորին նույն աչքերով նայել:

 

Պատրաստեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/07/2016