ԲԱՐՁՐՈՒՆՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՄՀԵՐԻ ԴՈՒՌ
(Հատված «Հայդուկային էսսեներ» անտիպ գրքից)
Խաչատուր Մարգարյանը ծնվել է 1960թ. Վայքի շրջանի Զառիթափ գյուղում:
Ազգային-ազատագրական շարժման տարիներին իր մասնակցությունն է ունեցել երկրապահ կամավորական ջոկատների, ապա կանոնավոր բանակի կազմավորման գործում: Մասնակցել է Նախիջեւանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, եղել է Սյունիք-Արցախ-Բերդաձոր պաշտպանական խորհրդի անդամ, ինչպես նաեւ Եղեգնաձորի ¥Վայք) նորաստեղծ զորամասի առաջին փոխհրամանատարներից է:
ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ
…Կարծես թե կռիվը պրծավ: Լռեցին կրակոցները, իսկ տղերքը գնում էին առաջ` տուն առ տուն, թաղ առ թաղ:
Ռազմագիտության ուսուցիչը` քարտեզը թևի տակ, գնում էր նրանց հետ, մեկ-մեկ էլ ինչ-որ քարի կողքով անցնելիս նստում էր քարին, բացում էր քարտեզը, նայում, ապա խոսում էր ռացիայով:
-Տղե՛րք, ֆիդայական կռիվը պրծավ, հիմա քարտեզի կռիվ է, տեխնիկայի կռիվ է: Քարտեզ կարդալով պետք է կռվենք: Էս կռվից հետո էլ քաղաքականության կռիվ է լինելու: Ինչքան էլ տրաքեն հրացանները, վերջում քաղաքականության կռիվ է լինելու, քա-ղա-քա-կա-նու՛-թյան և պատմությա՛ն… Հաղթելու է նա, ում հրացանը կռվում է պատմության և քաղաքականության նշանոցով: Կովկասում ամեն ինչ խառնել են, կարկատել, արհեստական և սարքովի պատմություններ գրել, չեղած տեղից նավթահոտ մի պետություն են սարքել… Խաղաղությունը հիմնվում է ճշմարիտ պատմության վրա, և ամեն ինչ իր տեղն է ընկնում…
Կրա՜կ…
Հիդրան գրկել էր սարն ու կառչելով անկանոն թափված քարաբեկորներից` փորձում էր բարձրանալ լեռն ի վեր: Սարն ասես երկնքից ընկած մի հսկա գունդ լիներ, որը, զարնվելով գետնին, ցրիվ էր եկել տափարակում, որից էլ առաջացել էր քարքարոտ բլուրը: Մահը հասել էր սարն օղակող խրամատներին:
Արկը պայթեց դատարկ ջրավազանի մեջ, որտեղ ամեն գարուն ջուր էին հավաքում արտերը ջրելու համար:
-Վիրավոր ունենք,- ռացիայով լսվեց Տավրոսի ձայնը:
Ձայնը լռեց եթերում: Ուզում էր ինչ-որ բան ասել, չէր ստացվում,- Վահեն… Վահեն վիրավորվեց բեկորից…
Լևոնը, անցնելով խրամատից խրամատ, հասավ Տավրոսին:
-Վահեին հանել է պետք կրակի տակից:
Բզկտված արտի վրա արկեր պայթեցին: Ականանետային գնդակոծություն էր, որը գալիս էր անհայտ տեղից և պայթում ջրավազանին:
Հակոբը հանել էր Վահեին արտի միջից: Վահեն դեռ ողջ էր, իսկ գյուղ հասնելու համար պետք է իջնեին ձորը, անցնեին գետակն ու կրկին բարձրանային, հասնեին Բարձրունու առաջին տներին, որտեղ շրջկենտրոնից եկած շտապօգնությունն էր պատսպարվել:
Տավրոսը շալակեց Վահեին և սողալով սկսեց իջնել թաց ու լպրծուն, թշնամու դիրքից չերևացող կածանով:
Ռադիոկապով թշնամին ինչ-որ բան էր ծամծմում, հազում: Կապի այն ծայրում խառնվել էին իրար, իսկ տղերքը խփում էին Բարձրունուց մինչև Երասխավան:
Անցան գետակն ու նստեցին կանաչի մեջ: Արյան մի երիզ էր ձգվում Վահեի ծնոտի տակից: Նա թարթեց աչքերը: Այնքան մաքուր էին նրա աչքերը: Դեմքի մաշկը ձգվել էր, կնճիռները հարթվել էին: Կարծես ժպտաց. ոչինչ էլ չէր եղել, ո՛չ կռիվ, ո՛չ հրետակոծություն: Արևի մի փունջ կախվեց երկնքում` հենց նրա գլխավերևը, և վառ լուսավորվեցին դեմքն ու մարմինը: Արևի այդ ցոլքի միջով բարձրանում էր սպիտակավուն խիտ գոլորշին: Տավրոսին թվաց, թե Վահեն շնչում է, և որ արևի ջերմությունից նրա քրտինքն է գոլորշանում:
-Դեռ ողջ է… տղե՛րք, վերցրինք…
Ցոլքը մարեց: Վահեի աչքերը սառել էին:
Ձորակը սկիզբ էր տալիս փոքր, հարթ բլրին, որի կենտրոնում գյուղի շատ հին եկեղեցին էր իր կիսաբաց դռնով: Վահեի դին դրեցին դռնակի մոտ` մի թմբի վրա, իսկ տղերքը նստոտեցին քարերին:
Եկեղեցու տարիքը ոչ ոք չգիտեր: Կանգնել էր գետնին հավասարեցված տապանների մեջ: Սերնդեսերունդ փոխանցվում էր այն միտքը, թե եկեղեցու տարածքում գտնվելիս է եղել հին գյուղը` ե՞րբ, ո՞ր թվերին` պատմությունը այդ մասին լռում էր:
Վահեի մարմինը տեղափոխեցին եկեղեցու կիսաքանդ բեմի վրա:
… Խմբագրության երկար միջանցքում ժամանակին երբեմն ցուցադրում էին երիտասարդ գեղանկարիչների աշխատանքները, որոնց մասին վերլուծականներ էին գրում սկսնակ լրագրողները: Միջանցքը միշտ էլ ծխապատ էր, և ծուխը հավաքվելով միակ կիսաբաց լուսամուտի մոտ` ամպ էր կազմում, որը, մի տեսակ, գործնականության խիստ երանգ էր հավելում խմբագրությանը: Սենյակներից լսվող գրամեքենաների տկտկոցը, մանրահատակի ճռռոցը խառնվում էր ծխի քուլային և արձակի բաժնում գրասեղանին կիտված թղթերին, որոնց գրոտված պարունակությունը մի օր պետք է հավաքեին, խմբագրեին ու տպագրեին:
Հիմա աշխատում էին մի սենյակում: Անցած տարիներից մնացել էր միայն մանրահատակի ճռռոցը և արխիվային ու չտպագրված նյութերի մգլահոտը: Ծխի քուլան վաղուց դուրս էր եկել պատուհանի բաց փեղկից:
Ամենքը շտապում էին: Գրամեքենաները կոդավորում էին ինչ-որ պատմություններ և շարում պատուհանների գզրոցներին: Ե՞րբ էին տպագրվելու: Կտպագրվեի՞ն: Երկրում կռիվ էր: Երկրում գիշերը խավար էր ու ցուրտ: Երկիրն իր հագուստն էր փոխում և մտնում նոր շրջապտույտի մեջ:
Մի օր, երբ նոր էին սկսվել փողոցային հուզումներն ու հրապարակային կոչերը, և հերթով հանգչում էին քաղաքի լույսերը, ու երկիրը տասնամյակների փոշին էր փորձում թափ տալ վրայից, նստել էին արձակի բաժնում և քաղաքականությունից էին խոսում: Ներս մտավ մի կին` պայուսակն ուսից կախ: Ասացին, թե կոմսոմոլի գլխավոր պաշտոնյան է: Նա կանգնեց դռների մեջ և արհամարհական հեգեց.
-Ազգի պաշտպաններ եք, հա՞… մորուք եք թողել, որ իմանան հայրենասեր-ֆիդայի եք, հա՞… անդամատոմսեր եք հավաքում և մեզ ուղարկում, որ ի՞նչ… Էդպե՞ս հայրենասերներ եք… մորուքով, փողոցներում գոռալով, միտինգներ անելով. մարդկանց զենքի կոչելո՞վ…
Միջանցքը վաղուց մաքրվել էր ծխախոտից: Աշխատակիցներից շատերը սարերում էին, օրվա հևքին խառնված անհանգիստ մտքերն ու սարերում հնչող կրակահերթերը իրենց մեջ ինչ-որ թաքնված հուսադրող միտումներ էին, որ գրելու և պատմելու ժամանակները դեռ կգան, և խմբագրության միջանցքներում նորից գործնականության ոգին կիշխի…
Կինը հայացքով չափեց սենյակի ծավալն ու դուրս եկավ:
Մանիշը սպասում էր խմբագրության դռան մոտ: Միասին դուրս եկան փողոց.
-Սիրում եմ Երևանի սրճարանները,- խոսեց Տավրոսը,- ամեն մի սրճարան իր տեսքով և գույնով, անգամ աղմուկով մի հետաքրքիր պատմություն է:
Մանիշը թևանցուկ արեց Տավրոսին:
-Այս ամենը շո՞ւտ կավարտվի,- հարցրեց:
Տավրոսը տարուբերեց գլուխը.
-Դեռ նոր է սկսվում… Ծանր օրերը դեռ կգան: Կռիվը կվերջանա, մենք կհաղթենք, բայց օրերը կերկարեն ու ավելի կծանրանան… այնքան էլ հեշտ չի պատմության թնջուկի ծայրերը գտնելը: Մենք կգտնենք, ուրիշները կգան ու ավելի կխճողեն: Դժվարին է լինելու մեր ընտրած ուղին: Կռվից հետո էլ է դժվար լինելու… Մենք բոլորս պետք է լավ ուսումնասիրենք 1917-21 թվականները, վերլուծենք: Այդ տարիների խորհուրդը գուցե նաև պատգամ է մեզ: Ինձ թվում է` կգա մի պահ, երբ հենց այդ տարիները կկանգնեն մեր դիմաց: Ամեն մի պատմություն, պատմական դեպք մի բազմանշանակ դաս է, որը պետք է լավ սերտել, մաթեմատիկայի լեզվով վերլուծել, ապա նոր քայլ կատարել: Շախմատ պետք է խաղալ՝ շա՛խ-մա՛տ:
-Գիտեմ… հետո լավ կլինի… կապրենք…
Երևանը ծավալվել էր պրոսպեկտի աջ ու ձախ կողմերում, ապրում էր իր խավար գիշերները, իսկ առավոտն էլ լուսացնում Աստծո բարի լույսի հետ: Սրճարանում առավոտից մի բաժակ սուրճի, օրվա սպասվելիք նորությունների և ակնկալիքի հետ արևի մի շողք էր իջնում Արարատի ուսին, և ձգվում էր ճանապարհը պրոսպեկտից դեպի այդ շողքը:
Կռիվ էր…
Կռիվը Վահեի համար արդեն վերջացել էր: Վահեն կանգնելու էր Աստծո առաջ և պատասխան էր տալու իր ապրած տարիների, արած-չարածի համար, նաև… այս կռվի:
Դե, պատասխա՛ն տուր, ով քաղաքականություն, քո բոլոր խառնակումների, կռիվների, պատերազմների համար, և առաջինը Վահեի տեղը պատասխա՛ն տուր… ովքե՞ր են սարքում պատերազմները և ինչի՞ համար… Բարձրյալին ո՞վ է պատասխան տալու պատերազմների, սպանդների և եղեռնի համար… Դե, իջիր, Աստվա՛ծ, ժամանակն է արդեն, իջի՛ր քո խաչից և նորեն խաչվիր այս ամենի համար: Եվ որքա՞ն դու պետք է ներես մարդկանց:
Արարատն իր բացված ուսերին տարավ մեղքերի թողությամբ լցված հսկա տապանը… Տարիները դարսվում են իրար վրա և անցնում: Ծանրանում է Արարատի բեռը: Օր օրի խրվելով հողի մեջ՝ նա ամրանում է, որպեսզի դիմանա մարդկության մեղքերի ծանրությանը: Սերունդներն անեծք են անում պատերազմին, բայց և մտմտում են նորը սկսելու մասին: Իջի՛ր խաչից, ով Տառապյալ, և այս անգամ էլ մեզ համար` Վահեի համար, մեր սերնդի…
Եթե դու զենք չվերցնես, քեզ են սպանելու, հոգիդ խարանելու են պատմության շեմին և դաջելու են տանդ դռանը` որպես երջանկության պայտ: Ուրեմն` զենք վերցրու… Արարատը տնքում է աշխարհի մեղքերից…
…Գնում է պրոսպեկտն իր հունով՝ խառնակ մտքերի մեջ մխրճված: Մարդկանց խոհերն ու հոգսերը գալիս են պրոսպեկտ և գումարվում իրար:
Պրոսպեկտը երևանցիների մտքերի համագումարն էր: Անցնում էին մարդիկ: Սալերը մաշվում էին, մայթերը` մեկ նեղանում, մեկ լայնանում: Ծառերն էին մնացել որպես հավատարիմ և անդավաճան ընկերներ:
Տղերքը բարձրանում էին սարերը և պատմություն դառնում:
Մենք եկեղեցի կառուցեցինք պրոսպեկտի վերջնամասում: Մենք անցանք անապատներով ու ծովերով, կռվելով- ապրելով հասանք էստեղ ու խոնարհվեցինք… Մեր ըմբոստությունը ապավեն դարձրինք Աստծուն:
Աշխարհը, ի վերջո, մի օր ճիշտ է շինվելու:
Բարձրունուց մինչև Մհերի դուռը սարերով է անցնում: Սարերից երևում է ամեն ինչ, անգամ կապույտի մեջ կորած հեռուն է պարզ ու հստակ երևում: Կածաններով հեշտ է անցնել ու հասնել այդ կապույտին…
…Միայն ծառերը մնացին կենդանի…
Երևան-Իրկուտսկ-Երևան
Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Հոգևոր-մշակութային