Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՊԵՐՆԱԽԱԳԱ՞Հ



ՍՈՒՊԵՐՆԱԽԱԳԱ՞ՀՀուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է վերափոխել պետական կառավարման ողջ համակարգը և դառնալ միապետ: Կառավարման համակարգի վերափոխումից բացի, սպասելի է, որ Թուրքիան կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականության ուղեծիրը, և արդեն երևան են եկել դրա առաջին ազդակները:

Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալից  հետո հենց զինվորականությունն էր հանդիսանում թուրքական ժողովրդավարության, պետության աշխարհիկացման և եվրոպականացման հիմնական առաջամարտիկը: Սակայն արդեն երկու տասնամյակ իշխանության մոտ հայտնված ազգայնական «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ պայքարում առաջադիմական զինվորականությունը, փաստացի, տանուլ տվեց՝ կորցնելով պետության համար կարևորագույն իրավիճակներում սահմանադրության պաշտպանի իր երբեմնի դերակատարությունը: Առաջադեմ զինվորականությանն առավել մեծ հարված հասցրեց 2007 թվականի «Էրգենեկոնի» դատավարությունը: Բարձրաստիճան թուրք զինվորականներին այն ժամանակ ահաբեկչական կառույց ստեղծելու և հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանք առաջադրվեց: Նրանց նաև վերագրեցին Հրանտ Դինքի սպանությունը: Դա էականորեն խարխլեց զինվորականության հեղինակությունը երկրում, ինչը վկայում է Ստամբուլի փողոցներում ապստամբ զինվորների գլխատման տեսանյութը: Էրդողանի կողմից տարիներ շարունակ ԳՇ ու ՊՆ շարքերի զտումը տվել է իր արդյունքը՝ նրա իշխանությանը դեմ արտահայտվողները հեռացվել են բանակի շարքերից: Ավելին` թուրքական հասարակության մեջ, փաստացի, նվազել է դեպի ժողովրդավարացում գնալու մղումը, արմատավորվել է Էրդողանի՝ որպես պետականության կայունության երաշխավորի կերպարը:

ՍՈՒՊԵՐՆԱԽԱԳԱ՞ՀՀեղաշրջման փորձը Թուրքիայում մի շարք եզրակացությունների տեղիք է տալիս: Նախ` հեղաշրջմանը մասնակցել է զինվորականների շատ նեղ շրջանակ: Երկրորդ` Թուրքիայում փորձ արվեց իրականացնել հենց ռազմական հեղաշրջում (ի տարբերություն պալատական, ներքին հեղաշրջումների): Քաղաքական ոչ մի ուժ հանդես չեկավ նրանց օգտին, դուրս չեկան փողոցներ, Թուրքիայի բարձրագույն իշխանության բոլոր օղակները հավատարիմ մնացին Էրդողանին: Երրորդ՝ ապստամբությունը հապճեպ էր կազմակերպվել: Զինվորականները սկսել են հանձնվել, զենքերը վայր դնել` տեսնելով, որ հեղաշրջումը տապալվել է:

Իր հերթին Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը ևս կայացրել է չափազանց ճիշտ որոշում` կոչ անելով ժողովրդին (առնվազն իշխող կուսակցության համախոհներին) արագ դուրս գալ փողոց: Թուրքիայի իշխանությունների այս քայլը հեղաշրջման փորձ իրականացնողներին միանգամից կանգնեցրել է դժվարին երկընտրանքի առաջ` կամ կրակել ժողովրդի վրա, կամ վայր դնել զենքերը` հեղաշրջման փորձը համարելով ավարտված: Ընտրվել է երկրորդ տարբերակը: Էրդողանն էլ, իր հերթին, կարողացավ վերահսկել իրավիճակը: Ըստ այդմ՝ այս հեղաշրջման փորձը կրկին կհաստատի, որ «Թուրքիային ուժեղ ձեռք է պետք»: Էրդողանը արդեն սկսել է «վհուկների որսը»:

Թեև թուրք հասարակության զգալի մասը դժգոհ է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, այնուամենայնիվ, ներքաղաքական լուրջ պայքար Թուրքիայում դեռ հնարավոր չէ, մանավանդ քրդաբնակ բնակավայրերում փաստացի պատերազմի և վերջին ամիսներին երկիրը ցնցած ահաբեկչությունների պարագային:

Այլ հարց է, թե ով է հեղինակել հեղաշրջման փորձը, և ինչու հենց այս օրերին: Նախ՝ հուլիսի 15-ին  Թուրքիայում ուժի մեջ  էր մտել «Զինված ուժերի անձնակազմի մասին» նոր օրենքը, որը հնարավորություն էր ընձեռում կառավարությանը երկրի ԶՈՒ օգտագործել սեփական տարաբնույթ շահերին համապատասխան: Դրանով զինվորականությունը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ենթարկվելու էր կառավարությանը: Օրենքի նախագիծը մի քանի ամիս լուրջ քննարկումների առարկա էր դարձել, որի կողմնակիցները նշում էին իշխանության կենտրոնացման, հակադրվողները՝ հանրապետության կյանքում բանակի դերակատարության փաստարկը:

ՍՈՒՊԵՐՆԱԽԱԳԱ՞ՀԹուրքիայում իրավիճակի վրա արտաքին ուժերի ազդեցության մասին առաջինը խոսվեց Թեհրանում: Խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ջաֆար Զարիֆը հայտարարեց, թե հեղաշրջման փորձին իր մասնակցությունն ունի Սաուդյան Արաբիան: Ժամեր անց դրսի ուժերի հասցեին մեղադրանք հնչեցրեց հենց Էրդողանը` հայտարարելով, որ կատարվածում առկա է ԱՄՆ-ի հետքը:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները 2016 թվականի ընթացքում չի կարելի բնութագրել որպես շիտակ, պարզ և անկաշկանդ: Սիրիայի հարցում Էրդողանի դիրքորոշումը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սատարելը, Եվրամիության հետ փախստականների հարցում շանտաժի լեզվով խոսելը բավականին լարել էին Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները դեռևս այս տարվա գարնանը: Ամերիկյան լրատվամիջոցների վերջին վերլուծականները վկայում են, որ Վաշինգտոնում դժգոհությունը Էրդողանի քաղաքականությունից օրըստօրե մեծանում էր, ինչի մասին արտահայտվել է նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Դրան գումարվեց նաև ռուսական Սու-24 ինքնաթիռի համար ՌԴ նախագահ Վ. Պուտինին հասցեագրված Էրդողանի երկիմաստ նամակը: Սպասելի էր, որ Միացյալ Նահանգների համապատասխան ցուցումի դեպքում բանակը կարող էր տապալել գործող իշխանություններին այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2013 թվականին Եգիպտոսում, մանավանդ, որ թուրք առաջադեմ զինվորականության մեծ մասը կրթություն էր ստացել Միացյալ Նահանգներում: Մինչդեռ, հեղաշրջման փորձի անկազմակերպ ու հապճեպ լինելը վկայում է, որ այն Վաշինգտոնում չէր կազմակերպվել, բայց ոչ  առանց Վաշինգտոնի գիտության: Ռեջեփ Թայիբ Էրդողանը Վաշինգտոնին արդեն կոչ է արել հանձնել Անկարային թուրք ընդդիմադիր գիտնական Ֆեթհուլլահ Գյուլենին, որին մեղադրում է հեղաշրջումը կազմակերպելու և հովանավորելու համար: Թուրքիայի ղեկավարը նույնիսկ սպառնացել է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, եթե իր պահանջը չբավարարվի: Տարբեր թուրք պաշտոնյաների մակարդակով արդեն իսկ հայտարարություններ են հնչել, թե «ԱՄՆ-ը էլ մեր բարեկամը չէ»՝ ակնարկելով հեղաշրջման հետ Վաշինգտոնի կապը:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների  կտրուկ վատթարացմանը զուգահեռ՝ Անկարայից հնչեցին նաև ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին հայտարարություններ: Արդեն իսկ խոսվում էր թուրքական «Ինջերլիկ» ռազմական բազայից գերմանացի զինվորականների դուրսբերման մասին, իսկ Նիսում ահաբեկչությունից հետո՝ նաև ֆրանսիացիների: Մեկ շաբաթ առաջ թուրքական լրատվամիջոցներով տարածվեց լուր, թե «Ինջերլիկ» բազան կարող է տրամադրվել Ռուսաստանին՝ հակաահաբեկչական գործողությունների նպատակով: Թեև այդ տեղեկատվությունը հերքվեց ԱԳՆ մակարդակով, սակայն իր դերակատարումը ևս ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնում  մտահոգություն հայտնեցին, որ թուրքական իշխանությունների նման գործելաոճի պարագայում անհնարին կլինի վերահսկել բազայում տեղակայված Բ 61 միջուկային 90 ռումբերի ճակատագիրը:

Անկասկած, Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն  չեն ների Անկարայի երկդիմի պահվածքը: Չի բացառվում, որ մոտակա ամիսներին ռազմական հեղաշրջման նոր փորձ կամ քրդաբնակ բնակավայրերում լայնածավալ ըմբոստություն լինի, բայց Էրդողանը պատրաստ է նաև դրան: Արդեն հուլիսի 17-ին թուրք իշխող վերնախավը բանակցություններ սկսեց քրդերի առաջնորդների հետ: Թեև բանակցությունների առանցքային թեմաները հայտնի չեն, սակայն, պարզ է, որ Էրդողանը պատրաստվում է լուրջ զիջումների՝ քրդերին իր կողմը գրավելու նպատակով: Միգուցե կարող է խոսք լինել նույնիսկ ինքնավարության մասին:

Արդյունքում՝ Ռեջեփ Թայիբ Էրղողանը հանգիստ կվերափոխի Թուրքիայի սահմանադրությունը, ինչպես դա արեց մի քանի տարի առաջ` ավելի կենտրոնացնելով իշխանությունն իր ձեռքում և դառնալով փաստացի միապետ՝ սուպերնախագահ: Արդեն հաջորդ օրը Էրդողանը պաշտոնանկ արեց շուրջ 2500 դատավորի, մի քանի տասնյակ քաղաքապետերի ու գյուղապետերի: Մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի 140 և գերագույն դատարանի 48 անդամի: Եվ դա դեռ քաղաքացիական ոլորտներում: Իսկ ձերբակալություններն ու պաշտոնանկությունները զինված ուժերում հարյուրներով են հաշվվում:

 

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Տարածաշրջան


20/07/2016